Լրահոս
Օրվա լրահոսը

«Երկիր Ծիրանի». Մարզպետների կողմից թավշյա կոռուպցիայի հետևանքով պարգևատրում են ստացել անձինք, ովքեր հանրային ծառայության մեջ են եղել մեկ կամ երկու ամիս

Հունվար 21,2019 16:10

Հանրային իշխանությունների ներկայացուցիչների վարձատրությունը հանրային գումարներից` պետական բյուջեից չի կարող լինել կամայական և առանց   oրենքով նախատեսված հիմքի: Ներկայիս գործադիր իշխանության ղեկավար` Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, որ իբրև Հայաստանում կոռուպցիա չկա, մինչդեռ նրա կողմից նշանակված մարզպետները և նրա կողմից ըստ էության նշանակված Երևանի քաղաքապետը կատարել են գործողություններ, որոնք բնութագրվում են որպես կոռուպցիոն գործարքներ:

Թավշյա կոռուպցիայի երկու դեպքերի նկարագրությունը, որոնցից մեկը առնչվում է Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանի կողմից կատարված գործողությանը` քաղաքապետարանի աշխատակիցներին պարգևատրումների տեսքով վարձատրելուն, իսկ երկրորդը մարզպետների կողմից իրենց և իրենց աշխատակիցներին պարգևատրումների տեսքով վարձատրությանը վկայություն է Հայաստանում կոռուպցիայի իրողության մասին ամենաբարձր մակարդակով:

Հայկ Մարությանի դեպքում դեռ պարզ չէ նա ում է պարգևատրել, որքան և ինչ սկզբունքով (Հայկ Մարությանը պարգևատրված անձանց անունները, նրանց տրված գումարի չափը գաղտնի է պահում): Հայկ Մարությանի կողմից կատարված գործողության իրավակարգավորումը պետք է տեղի ունենար Համայնքային ծառայության մասին ՀՀ օրենքով և  Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին ՀՀ օրենքով, մինչդեռ այս ընթացակարգերի պահպանման վերաբերյալ Հայկ Մարությանը ապացույց չի ներկայացրել: Նրա կողմից կատարված պարգևատրումների վերաբերյալ օրենքով նախատեսված ինչ չափանիշ  է կիրառվել պարզ չէ:

Երկրորդ դեպքում` մարզպետների գործողությունները, որպեսզի կրեն օրինական բնույթ. նրանք պետք է` պետական պաշտոն զբաղեցնող անձին (հանրային ծառայողին) պետական բյուջեից` այսինքն` հանրային միջոցներից տրամադրեն պարգևատրում օրենքով նախատասված հիմքով: Տվյալ դեպքում մարզպետները պետք է ղեկավարվեին  Պետական պաշտոններ և պետական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին ՀՀ օրենքի 3-րդ հոդվածի 3-րդ կետի պահանջներով, որը սահմանում է հետևյալը. Պարգևատրումը միանվագ վճար է, որը պետական պաշտոն և պետական ծառայության պաշտոն զբաղեցնող անձին տրվում է ծառայողական գործունեության (կատարողականի)  գնահատման և (կամ) հատուկ առաջադրանքների և (կամ) որակյալ աշխատանքների կատարման համար: Մինչդեռ պարգևատրում ստացած անձանց ծառայողական գործունեության  կատարողականի գնահատականը, նրանց կողմից հատուկ առաջադրանքներ և որակյալ գործունեության արդյունքը արձանագրված չէ:

Համաձայն` Պետական պաշտոններ և պետական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին ՀՀ օրենքի 22-րդ հոդվածի 6-րդ կետի Պետական ծառայողը պարգևատրվում է, եթե նրա կատարողականի կիսամյակային գնահատականը կամ կիսամյակային հաշվետվության վերաբերյալ պետական ծառայողի ղեկավարի տված եզրակացությունը դրական է, և նա այդ կիսամյակում աշխատել է վեց ամիս: Մարզպետների կողմից թավշյա կոռուպցիայի հետևանքով պարգևատրում են ստացել անձինք, ովքեր հանրային ծառայության մեջ են եղել մեկ կամ երկու ամիս, այսինք պակաս քան կես տարի` ինչը պահանջում է օրենքը:

Օրինականության սկզբունքի ոտնահարմամբ հանրային գումարների կառավարումը, և նախորդ իշխանության ժամանակ, և այսօր  արձանագրում է չարաշահումներ, որը բնութագրվում է, հանրային միջոցների յուրացում` կոռուպցիա, պետության կառավարման բարձր օղակներում:

Ցավալի է, սակայն փաստ, 2018  թվականի ապրիլյան Մեծ Համահայկական ընդվզումից հետո էլ կոռուպցիան Հայաստանում շարունակում մնալ պետական կառավարման բարձր մակարդակում:

«Երկիր Ծիրանի» կուսակցությունը դատապարտում է Նիկոլ Փաշինյանի կառավարման շուրջ 9 ամսյա գործունեությունը և մեղադրում նրան  Հայաստանում գործող շուրջ քառորդդարյա բռնապետական համակարգի շարունակականությունը ապահովելու հանցագործության մեջ, որը տեղի է ունենում նաև պետական կառավարման բարձր մարմիններում կոռուպցիոն գործարքների իրականցման միջոցով:

«Երկիր Ծիրանի» կուսակցության լրատվական ծառայություն

21 հունվարի 2019թ.

Երևան

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031