Այսօր Երեւանի ընդհանուր իրավասության դատարանում ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանի դեմ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի որդու՝ Սեդրակ Քոչարյանի հայցն էր քննվում:
Հիշեցնենք, որ Վանեցյանը գաղտնալսումների թեմայով հրավիրած հայտնի մամուլի ասուլիսի ժամանակ ասել էր՝ «Փաստերով կխոսենք ու կհրապարակեմ ով ինչ ունի ու ոնց է ձեռք բերել, ոնց է ձեռք բերել «Կոնգրես» հյուրանոցը՝ 6 մլն դոլար կաշառք վերցնելու արդյունքում եւ մնացածը, այլ ունեցվածքները»: Լրագրողների դիտարկմանը, որ ասում է՝ բաժնետերերի մեջ է «Կոնգրեսի», իրենը չէ՝ Վանեցյանն արձագանքել էր. «Բաժնետերերի մեջ չի նշանակում, որ պետք է մարդուն ստիպեն 6 մլն դոլար տանի տա իրան: Ձեզ կտա՞ն 6 մլն դոլար հենց ընենց, ո՞ր մեկին կտան»: Սեդրակ Քոչարյանը գտնում է, որ Վանեցյանը զրպարտել է ու հրապարակային պետք է հերքի իր խոսքերը:
Նշենք, որ Արթուր Վանեցյանն ավելի ուշ հայտնել էր, որ արագ խոսելու հետեւանքով էմոցիոնալ հայտարարություն է արել, պետք է ասեր՝ փողերի լվացում, կաշառք է ասել:
Լրագրողների հետ զրույցում Վանեցյանի փաստաբան Վահագն Գրիգորյաննը հարցին՝ Վանեցյանի խոսքերը արդեն չե՞ն ապացուցում, որ մամուլի ասուլիսի ժամանակ Արթուր Վանեցյանը ոչ ճիշտ տեղեկություն է տրամադրել հանրությանը՝ պատասխանեց. «Քանի որ մեր դիրքորոշումն առաջին հերթին հիմնված է նրա վրա, որ պարոն Վանեցյանը նկատի չի ունեցել հայցվորին, այդ դիրքորոշման համատեքստում տեղեկությունների ճիշտ կամ սխալ լինելն արդեն երկրորդական է»:
Հարցին՝ եթե Վանեցյանը Քոչարյանների ընտանիք ասելով՝ նկատի չի ունեցել հայցվորին, ապա ո՞ւմ է նկատի ունեցել՝ Գրիգորյանը պատասխանեց, որ դա իրենք չէ, որ «պետք է դատարանում արդարանան ու ասեն՝ նկատի ենք ունեցել այսինչ մարդուն, դա հայցվորը պետք է հիմնավորի, որ իր դեմ ուղղված արտահայտություն է, ինչը չի հիմնավորում»:
Հարցին՝ եթե մենք ուզենանք զրպարտչական տեղեկություններ հրապարակել ու ոչ փաստացի, կարո՞ղ ենք նշել ընտանիքի անունը, ասենք՝ կարո՞ղ ենք ասել Վանեցյանների ընտանիքը ու դրա համար չե՞նք կարող պատասխանատվության ենթարկվել՝ Գրիգորյանը պատասխանեց. «Եթե դուք խոսում եք անձանց խմբի մասին՝ առանց թիրախավորման, ես չեմ ուզում ձեզ ասեմ, որ կարող եք ամեն դեպքում դա անել, որովհետեւ լավ բան չի, բայց, օրինակ, եթե ես կանգնեմ ու հայտարարություն անեմ վիրավորական, որ բոլոր բժիշկները այսպիսին են, որեւէ բժիշկ իրավունք չի ունենա դրանից հետո իմ դեմ հայց ներկայացնել: Վիրավորանքի ինստիտուտը այսպիսին է: Չկա կոնկրետություն, չկա զրպարտություն»:
Մեր հարցին՝ այսինքն, եթե ժամանակին Ռոբերտ Քոչարյանն ինքը հայց ներկայացներ՝ որեւէ առարկություն չէի՞ք ունենա՝ Գրիգորյանը պատասխանեց. «Տեսականորեն այնպիսի բան եք ասում…եթե Ռոբերտ Քոչարյանը ներկայացներ, նույն խնդրի առաջ էինք գալու, որ Քոչարյան ընտանիք…էլի ինքը լրիվ անձնավորում, վերջնական անձնավորում չունի: Եթե լիներ այդպես, կարող է նաեւ ուրիշ փաստարկներ բերվեր»: Հարցրեցինք՝ այսինքն, անպայման պետք է ասվեր՝ Ռոբերտ Սեդրակի Քոչարյան, որ Քոչարյանը կարողանար դատի՞ տալ Վանեցյանին՝ փաստաբանը պատասխանեց. «Պարտադիր չի, որ անուն-ազգանունը նշվի, պետք է ուղղակի սովորական ընթերցողի համար պարզ լինի: Եթե ասվում է Քոչարյանների ընտանիքը 6 մլն-ով, դուք կոնկրետ ո՞ւմ եք պատկերացնում»:
Հարցին՝ պարոն Վանեցյանը գիտե՞ր, որ «Կոնգրես» հյուրանոցի բաժնետերերից մեկը Սեդրակ Քոչարյանն է՝ նա պատասխանեց, որ իրեն դա հայտնի չէ: Մեր դիտարկմանը, որ ասուլիսում պարոն Վանեցյանն ասաց, որ իր ձեռքի տակ ամբողջ սխեման կա, թե ինչպես է «Կոնգրես» հյուրանոցը շղթայով փոխանցվել սեփականատիրոջը՝ փաստաբանն արձագանքեց, որ ասուլիսի հետ կապած բան չունի ասելու: Նա ընդգծեց, որ դա գործի տեսանկյունից էական չի, թե ով է բաժնետեր:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ
Ռոբերտ Քոչարյանի ընտանիքի լուսանկարը՝ https://robertkocharyan.com-ից