Այսօր Երեւանի ընդհանուր իրավասության դատարանում ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանի դեմ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի որդու՝ Սեդրակ Քոչարյանի հայցն էր քննվում:
Հիշեցնենք, որ Վանեցյանը գաղտնալսումների թեմայով հրավիրած հայտնի մամուլի ասուլիսի ժամանակ ասել էր՝ «Փաստերով կխոսենք ու կհրապարակեմ ով ինչ ունի ու ոնց է ձեռք բերել, ոնց է ձեռք բերել «Կոնգրես» հյուրանոցը՝ 6 մլն դոլար կաշառք վերցնելու արդյունքում եւ մնացածը, այլ ունեցվածքները»: Լրագրողների դիտարկմանը, որ ասում է՝ բաժնետերերի մեջ է «Կոնգրեսի», իրենը չէ՝ Վանեցյանն արձագանքել էր. «Բաժնետերերի մեջ չի նշանակում, որ պետք է մարդուն ստիպեն 6 մլն դոլար տանի տա իրան: Ձեզ կտա՞ն 6 մլն դոլար հենց ընենց, ո՞ր մեկին կտան»: Սեդրակ Քոչարյանը գտնում է, որ Վանեցյանը զրպարտել է ու հրապարակային պետք է հերքի իր խոսքերը:
Նշենք, որ Արթուր Վանեցյանն ավելի ուշ հայտնել էր, որ արագ խոսելու հետեւանքով էմոցիոնալ հայտարարություն է արել, պետք է ասեր՝ փողերի լվացում, կաշառք է ասել:
Նիստից հետո լրագրողների հետ զրույցում Սեդրակ Քոչարյանի ներկայացուցիչ Անի Ալավերդյանից հետաքրքրվեցինք՝ հայցը չի՞ վերանայվի այդ հիմքով, որ Վանեցյանն արդեն ընդունել է՝ էմոցիոնալ հայտարարություն է արել՝ նա պատասխանեց. «Ոչ»: Փաստաբանները հավելեցին, որ լրացուցիչ մամուլի հաղորդագրությամբ կներկայացնեն իրենց դիրքորոշումը:
Անի Ալավերդյանը նաեւ վստահեցրեց, որ այն տեղեկատվությունը, որ Սեդրակ Քոչարյանը 2 մլն է պահանջում՝ որպես փոխհատուցում, չի համապատասխանում իրականությանը:
https://www.facebook.com/aravot.am/videos/234162664154433/
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ
Սեդրակ Քոչարյանի լուսանկարը՝ http://yerevan.today-ից