Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Քոչարյանի որդու հայցը՝ ընդդեմ Վանեցյանի. պահանջում են, որ Վանեցյանը գա դատարան ու ցուցմունք տա

Հունվար 21,2019 14:23

Այսօր Երեւանի ընդհանուր իրավասության դատարանում դատավոր Աիդա Դավթյանի նախագահությամբ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի որդու՝ Սեդրակ Քոչարյանի հայցը քննվեց՝ ընդդեմ ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանի:

Հիշեցնենք, որ Վանեցյանը գաղտնալսումների թեմայով հրավիրած հայտնի մամուլի ասուլիսի ժամանակ ասել էր՝ «Փաստերով կխոսենք ու կհրապարակեմ ով ինչ ունի ու ոնց է ձեռք բերել, ոնց է ձեռք բերել «Կոնգրես» հյուրանոցը՝ 6 մլն դոլար կաշառք վերցնելու արդյունքում եւ մնացածը, այլ ունեցվածքները»: Լրագրողների դիտարկմանը, որ ասում է՝ բաժնետերերի մեջ է «Կոնգրեսի», իրենը չէ՝ Վանեցյանն արձագանքել էր. «Բաժնետերերի մեջ չի նշանակում, որ պետք է մարդուն ստիպեն 6 մլն դոլար տանի տա իրան: Ձեզ կտա՞ն 6 մլն դոլար հենց ընենց, ո՞ր մեկին կտա: Ունենք ստացված ցուցմունք, ունենք հիմնավոր ապացույցներ, ունենք սխեման, որտեղ հստակ երեւում է որտեղից է սկսել, ոնց է գալիս ու դառնում «Ռենկո» ՍՊԸ…մի խոսքով՝ ոնց է գալիս եւ հասնում եւ Քոչարյանի ընտանիքը վերջում դառնում սեփականատեր, ունենք գումարի սկզբնաղբյուրը, ոնց ի հայտ եկավ, ոնց փոխանցվեց Քոչարյանի ընտանիքին»:

Այսօր նախնական դատական նիստ էր, Սեդրակ Քոչարյանի ներկայացուցիչ Անի Ալավերդյանը ներկայացրեց հայցի պահանջը, փաստական հիմքերը: Նա ասաց, որ պահանջում են Վանեցյանին հրապարակայնորեն հերքել իր ասածները, որոնք, ըստ իրենց, զրպարտություն են: Որպես հիմք՝ Քոչարյանի որդու փաստաբանը վկայակոչեց Սահմանադրությունը՝ մարդու արժանապատվության, անձնական ու ընտանեկան կյանքի հարգման իրավունքները:

Դատավորը դատական նիստի սկզբում հարցրեց՝ հաշտության եզրեր կարո՞ղ եք գտնել: Քոչարյանի որդու փաստաբանը պատասխանեց, որ կհաշտվեն այն դեպքում, եթե Արթուր Վանեցյանը հրապարակային կհերքի իր կողմից հայտնած տեղեկությունները, թե դա ինչպես պիտի անի՝ մանրամասն կներկայացնեն:

Վանեցյանի փաստաբան Վահագն Գրիգորյանը պատասխանեց, որ հաշվի առնելով այն, որ հայցի բավարարմամբ էլ նույնն են պահանջում, հաշտության եզրեր չեն կարող լինել:

Անի Ալավերդյանն ասաց, որ Վանեցյանի արտահայտությունները կոնկրետ անձի են ուղղված, վերացական չեն: Պատասխանողը պետք է ապացուցի իր արտահայտությունների իրականությանը համապատասխանելիությունը, քանի դեռ չի ապացուցել, այդ արտահայտությունները զրպարտչական են համարվում: Նա պիտի ապացուցի, որ «Կոնգրես» հյուրանոցը կաշառքով են ձեռք բերել:

Ի պատասխան՝ Վանեցյանի փաստաբանն ասաց, որ Արթուր Վանեցյանը ոչ պատշաճ պատասխանող է այստեղ, քանի որ նա որպես ԱԱԾ տնօրեն է ասուլիս տվել, ուստի հայցը պետք է ուղղված լիներ Հայաստանի Հանրապետության դեմ, ոչ թե կոնկրետ իր: Բացի այդ, ըստ նրա, պետք է հայցվորը ապացուցի, որ Վանեցյանը նկատի է ունեցել հենց կոնկրետ Սեդրակ Քոչարյանին: Նա վկայակոչեց ՄԻԵԴ որոշումներից մեկը, ըստ որի, պետք է հաշվի առնվի ընթերցողների ընկալումը, երբ Վանեցյանն ասել է՝ Քոչարյանների ընտանիքը, ընթերցողը ո՞ւմ հետ է ասոցացնում դա, կոնկրետ ո՞ր անձի:

Հայցվորի ներկայացուցիչը նաեւ միջնորդություն ներկայացրեց Արթուր Վանեցյանին որպես վկա դատարան հրավիրելու համար. «Գտնում ենք, որ պարոն Արթուր Վանեցյանը պետք է ցուցմունք տա գործում նշանակություն ունեցող հանգամանքների եւ ապացուցման ենթակա փաստերի վերաբերյալ: Նա պետք է պատասխանի՝ արդյո՞ք Քոչարյանների ընտանիք ասելով՝ նկատի չի ունեցել նաեւ Ռոբերտ Քոչարյանի որդուն՝ Սեդրակ Քոչարյանին՝ որպես ընտանիքի անդամ, քանի որ ընտանիքի անդամ արտահայտությունը արվել է հստակ, իսկ այն, որ Սեդրակ Քոչարյանը որդին է, հանրային փաստ է, կարող ենք նաեւ ծննդյան վկայականը ներկայացնել: Արդյոք պատասխանող կողմը տեղյակ չի՞ եղել, թե ով է եղել «Կոնգրես» հյուրանոցի սեփականատերը, իսկ սեփականատերը մեր տեղեկություններով Սեդրակ Քոչարյանն է ու այնքան էլ հավաստի չէ, որ պարոն Վանեցյանը կարող էր դրա մասին չիմանալ»:

Վահագն Գրիգորյանն ասաց, որ օրինակ, ինքը չգիտեր, որ «Կոնգրես» հյուրանոցի սեփականատերը Սեդրակ Քոչարյանն է:

Դատարանն այդ միջնորդությունը մերժեց ու Վանեցյանին չկանչեց դատարան:

Հռիփսինե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031