Վրաստանի վարչապետ Մամուկա Բախտաձեն հայտարարել է, որ երկիրը կշարունակի իրականացնել իր տարանցիկ գործառույթը՝ ռուսական բնական գազը Հայաստան տեղափոխելով:
«Վրաստանը չի նախատեսում հրաժարվել տարանցիկ գործառույթից, և բնականաբար, մենք կշարունակենք շահույթ ստանալ, որը կապված է այդ գործառույթի իրականացման հետ… մենք դրանում շահագրգռված ենք»,- ասել է Բախտաձեն ուրբաթ օրվա կառավարության նիստում:
Նրա խոսքով՝ «Գազպրոմ էքսպորտ» ընկերության հետ նախկին պայմանագրի ժամկետը լրացել է, իսկ «եթե նոր համաձայնագրում որոշակի փոփոխություններ լինեն, Վրաստանի տնտեսական զարգացման նախարարությունը դրանց հետ կծանոթացնի հասարակությանը»,- ասել է նա:
Վրաստանի գազի պաշտոնական մատակարարը Ադրբեջանն է, սակայն Ռուսաստանից Վրաստանը ստանում է Հայաստան գազի մատակարարումների 10%-ը՝ որպես փոխադրման վճար: Վրաստանի և «Գազպրոմ էքսպորտ» ընկերության մեջ գործող պայմանագրի համաձայն՝ 2017թ. գազի փոխադրումը Հայաստան վճարվել է խառը համակարգով՝ մասամբ գումարով, մասամբ հումքով, իսկ 2018թ. այն վճարվել է միայն գումարով:
Վրացական կողմը և «Գազպրոմ էքսպորտը» բանակցություններ են վարում ռուսական գազը Հայաստան մատակարարելու նոր համաձայնագրի շուրջ, դրանք կավարտվեն երկու շաբաթից, հայտարարել է Վրաստանի էկոնոմիկայի և կայուն զարգացման նախարար Գեորգի Կոբուլիան:
Նախարարը հիշեցրել է, որ նախկին պայմանագրի երկամյա ժամկետը լրացրել է 2018թ. դեկտեմբերի 31-ին:
«Տարվում է բանակցությունների գործընթաց, և մինչև դրա ավարտը գործում են նախկին պայմանագրի պայմանները: Մենք խոսում ենք պայմանագրի պայմանների զգալի բարելավման մասին: Կարծում եմ, որ երկու շաբաթից բանակցությունները կավարտվեն, և մենք կհայտնենք այն ամենը, ինչը կոնֆիդենցիալ չի լինի»,- ասել է Կոբուլիան լրագրողներին:
Պատրաստեց Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ