«Ստեփանակերտյան վարչախումբը գործում է կևորկովյան հակահայ մեթոդներով»,- «Սասնա Ծռեր» արցախյան կուսակցությունն այսպիսի հաղորդագրություն է տարածել: Հաղորդագրությունում մտահոգություն կա, թե երևույթից անմասն չէ նաև սպորտի ոլորտը: Մասնավորապես անդրադարձ է կատարվում 2016 թ. Արցախում բռնցքամարտը զարգացնելու նպատակով Սանկտ Պետերբուրգից հայրենադարձված բռնցքամարտի մարզիչ Գևորգ Թորոսյանի նկատմամբ անցած տարվա օգոստոսից սկսված՝ «Սասնա Ծռերի» արցախյան կուսակցության բնորոշմամբ «համակարգված հալածանքին»: Հաղորդագրության մեջ նշված է. «Արցախի զինկոմի որդու և նրա ընկերների բռնության զոհ դարձած համաքաղաքացու կողքին կանգնելու և մեղավորների պատասխանատվությունը պահանջելու համար Գևորգ Թորոսյանը դարձել է Ստեփանակերտյան վարչախմբի աչքի փուշը: Երբ հնազանդ լինելու և լռելու մասին հորդորներն արդյունք չեն տվել, Գևորգ Թորոսյանին նախ սպառնացել են, որ կզրկեն ֆինանսավորումից և իր աշխատանքը շարունակելու հնարավորություններից, այնուհետև սկսել են իրագործել այդ սպառնալիքները»:
Aravot.am-ը Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի ղեկավարի տեղակալ Դավիթ Բաբայանին խնդրեց պարզաբանել՝ բարձրացված մտահոգությունը, նա պատասխանեց. «Առաջին անգամ եմ լսում այդ դեպքի մասին, այն էլ մամուլից: Պետք է պարզել, բայց համոզված եմ, որ այդպիսի բան ուղղակի հնարավոր չէ: Շահարկումների շարքից է: Այնուամենայնիվ, կարծում եմ՝ համապատասխան շահագրգիռ մարմիններ պետք է զբաղվեն դրանով և տեղեկացնեն»:
Հաղորդագրության մեջ նշված է նաև Արցախի նախագահի անունը. «Այսօրվա դրությամբ նրան արդեն զրկել են Բակո Սահակյանի մակարդակով ձեռք բերված պայմանավորվածության հիման վրա կեցության և այլ անհրաժեշտ ծախսերի համար հատկացվող վճարումներից՝ վարձով բնակվող նրա հինգ հոգուց բաղկացած ընտանիքին թողնելով մարզադպրոցի 130 հազար դրամ աշխատավարձի հույսին: Խոչընդոտ չէ անգամ այն հանգամանքը, որ նրա՝ որպես Արցախի բռնցքամարտի ֆեդերացիայի գլխավոր մարզչի, տքնաջան ու նպատակասլաց աշխատանքի շնորհիվ ընդամենը երկու տարվա ընթացքում Արցախում բռնցքամարտով զբաղվողների քանակը 50-ից հասել է 300-ի և 4 վարչական շրջաններում բացվել են մարզադպրոցներ:
Զուգահեռաբար՝ ամեն կերպով փորձում են նրա համար անտանելի պայմաններ ստեղծել, որպեսզի նա թողնի իր շուրջ 70 սաներին, ինչպես նաև իր խորհրդատվության կարիքն ունեցող այլ 4 մարզիչներին ու նրանց հարյուրավոր սաներին և լքի Արցախը: Այս կևորկովյան ձեռագրի դրսևորումներից է, օրինակ, այն անհեթեթ պահանջը, որ նրան՝ ֆեդերացիայի գլխավոր մարզչին, անհիմն պատճառաբանություններով արգելված է իր իսկ մարզած սաների հետ միասին մեկնել տարաբնույթ առաջնությունների և դրանց ժամանակ լինել նրանց կողքին:
Խիստ ուշագրավ է, որ Գևորգ Թորոսյանի նկատմամբ հալածանքը սաստկացել է այն պատճառով, որ նա հեռախոսով խոսել Է Ժիրայր Սէֆիլյանի հետ: Այս հանգամանքը վկայում է, որ նրան նաև անօրինական կերպով գաղտնալսում են: Նրա նկատմամբ հալածանքը համակարգելու հարցում որպես վարչախմբի ներկայացուցիչ հանդես եկող Արցախի կրթության, գիտության և սպորտի նախարարության սպորտի վարչության պետ Աշոտ Դանիելյանը բաց տեքստով ասել է այդ մասին, ինչպես նաև տեղեկացրել է, որ անձամբ լսել է նրա բոլոր հեռախոսային խոսակցությունները»:
Դավիթ Բաբայանին հիշեցրինք՝ հիշատակվում է նաև Բակո Սահակյանի անունը, այդ մասի՞ն էլ ոչինչ չգիտեն, նա պատասխանեց. «Ո՞վ է ասում և ի՞նչ գիտի: Ասելն իրավաբանական կատեգորիա՞ է: Իհարկե, ոչ, քաղաքական միգուցե: Ես տեղյակ չեմ, բայց դա համապատասխան մարմինների գործն է»:
Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ