«Միանշանակ է, որ ուժային կառույցները պետք է բերվեն խորհրդարանի վերահսկողության տակ»,- խորհրդարանական ճեպազրույցների ժամանակ հայտարարեց «Լուսավոր Հայաստան» խմբակցության քարտուղար Գեւորգ Գորգիսյանը` հիշելով, որ ժամանակին Ռոբերտ Քոչարյանը դրանք հանեց կառավարության կառուցվածքից եւ տարավ իր ենթակայության տակ, որպեսզի կոալիցիաներ կազմելու ժամանակ դրանք սակարկության առարկա չդառնան եւ այլն: Իսկ հետագայում, ըստ նրա, նախագահից վարչապետ դառնալիս`դրանք մեխանիկորեն տեղափոխվեցին վարչապետի վերահսկողության տակ, որպեսզի Սերժ Սարգսյանը խնդիր չունենա: «Բայց ,չլինելով կառավարության մաս, այդ կառույցների ղեկավարները պարտավորված չեն` գալ խորհրդարան ու դուրս են մնում քաղաքական վերահսկողությունից»,- ասաց նա:
Խմբակցության խոսնակ Անի Սամսոնյանն էլ հավելեց`տարբեր ինստիտուտների վերահսկողությունը չի կարելի թողնել իշխանության բարի կամքի հույսին. «Այն, ինչ չէր կարելի ՀՀԿ-ին եւ Սերժ Սարգսյանին, չի կարելի, որ կարելի լինի «Իմ քայլին» եւ Նիկոլ Փաշինյանին: Ինստիտուտները պետք է աշխատեն»:
Գեւորգ Գորգիսյանը հիշեցրեց` մեկ տարի առաջ Արարատ Միրզոյանն այն կարծիքին էր, որ ուժային կառույցները չպետք է լինեն վարչապետի ենթակայության տակ, որովհետեւ կարող են օգտագործվել քաղաքական նպատակներով: Հակադարձելով իշխանության ներկայացուցիչներին, թե երբ այդ կառույցները լինեն կառավարության կազմում, քաղաքական կլինեն`պնդեց, որ երբ ուժային կառույցները գալիս են քաղաքական դաշտ, չեն քաղաքականացվում: Օրինակ բերեց ՀՀ զինված ուժերը:
Մանրամասները`տեսանյութում
Բանախոսներն անդրադարձան նաեւ մարզպետների`իրենց եւ որոշ աշխատակիցների պարգեւատրելու մասին հարցերին: Անի Սամսոնյանը հիշեցրեց`երբ Երեւանի քաղաքապետարանում պարգեւավճարների հարցն էր քննարկվում, իրենք ասում էին, որ դա վատ պրակտիկա է, պետք է աշխատավարձը բարձրացնել: «7, 2, 1 ամիս աշխատած հանրային պաշտոնյաներին իրավունք չունեն նման պարգեւավճարներ տալ»,- ասաց նա: Գեւորգ Գորգիսյանն էլ հավելեց`ասում են կոռուպցիա չկա, բայց պարգեւատրումների ինստիտուտը կամայական դաշտ է թողնում ընտրության համար`ո՞ւմ պարգեւատրել:
Այլ մանրամասները`տեսանյութում
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ
Պարոն Գորգիսյան,ուժային կառույցները կառավարությունից հանվել էր Լ.Տեր-Պետրոսյանի օրոք:Վարչապետ Հրանտ Բագրատյանը այդ կառույցների ղեկավարներին ի ցուց էր դրել կառավարության նիստերին հաճախակի բացակայելու համար….