ԲՀԿ խմբակցության պատգամավոր Գեւորգ Պետրոսյանն առայժմ չի քննադատի իրենց եւ որոշ աշխատակիցների պարգեւատրած մարզպետներին: Սյունիքի մարզպետ Հունան Պողոսյանը եւ Արարատի մարզպետ Գարիկ Սարգսյանն անգամ իրենց կրկնակի են պարգեւատրել: «Այս պահին պետք է նախ խախտում հայտնաբերվի`մարզպետն իրենց պարգեւատրելու իրավունք ունե՞ր, թե՞ ոչ: Քանի դեռ դա իրավասու մարմինների կողմից չի արձանագրվել որպես խախտումներ՝ պետք չէ, որ մենք շտապենք»,- ԱԺ ճեպազրույցների ընթացքում ասաց Գեւորգ Պետրոսյանը` հավելելով, որ իր անձնական կարծիքով՝ դատապարտելի են այդ պարգեւատրումները, քանի որ ՀՀ աշխատանքային օրենսդրության համաձայն՝ պարգեւատրել կարելի է մեկ տարվա աշխատանքի կտրվածքով:
Այլ մանրամասները`տեսանյութում
Կառավարության կառուցվածքային փոփոխություններին, սուպերվարչապետության կրճատմանը վերաբերող հարցերին էլ պատգամավորը պատասխանեց`խմբակցությունում քննարկումներ չեն եղել, քանի դեռ պաշտոնական նախագիծ ԱԺ չի բերվել: Թեեւ վարչապետն է այդ մասին խոսել էր իր ուղիղ եթերներից մեկում: Անգամ այդ հայտարարությունները Գեւորգ Պետրոսյանի համար հիմք չեն. ասում է` այնպիսի հարափոփոխ շրջանում ենք ապրում, որ հնարավոր է հայտարարություն արվի, հետո այն փոխվի:
Սփյուռքի եւ մշակույթի նախարարության լուծարմանը Գեւորգ Պետրոսյանը դեմ է, քանզի մշակույթը մեր բանակի հետ ապահովել է մեր ազգի գոյությունը, բայց քանի դեռ պաշտոնապես ներկայացված չէ, թե այդ նախարարության գործառույթներն ինչպե՞ս են կատարվելու`այլ կառույցի շրջանակներում, ինքը ձեռնպահ կմնա հայտարարություններից:
Իսկ Ոստիկանությունը և ԱԱԾ-ն, գտնում է, որ պետք չէ տարանջատել եւ դրանք կամ պետք է թողնել կառավարության ենթակայության տակ, կամ`վարչապետի:
Այլ մանրամասները`տեսանյութում
Լրագրողներից մեկը հիշեցրեց ԱԱԾ եւ ՀՔԾ ղեկավարների գաղտնալսումների հայտնի դեպքը եւ նկատեց`նախադեպ կա, երբ կոնկրետ գործի շրջանակներում վարչապետը հանձնարարական է տալիս, արդյոք սա պատգամավորին չի՞ մտահոգում: Գեւորգ Պետրոսյանը պատասխանեց `ՀՀ օրենսդրությունը սահմանում է, որ ԱԱԾ-ն վարչապետի վերահսկողության ներքո է, բայց չի սահմանում այդ վերահսկողությունը: Բայց ըստ ձայնագրության էլ, իր պնդմամբ, քննարկում է, ցուցում չկա, հետեւաբար խնդիր չէ: Միաժամանակ, ըստ բանախոսը, անկախ նրանից, վարչապետի վերահսկողության ներքո՞ է, թե՞ ոչ, եթե միջամտելու ցանկություն կա, հաշվի չի առնվելու անմիջական կամ երկրորդական վերահսկողությունը:
Խմբակցության պատգամավոր Շաքե Իսայանն էլ հավելեց` իրենք կարծում են, որ պետական կառավարման համակարգն ուռճացված է, բայց կառավարությունը պետք է հարցի մյուս` սոցիալական, կողմին էլ անդրադառնա: Եթե այս ամենը հաշվի առնելով կառավարությունը նախագիծը չներկայացնի, ԲՀԿ-ն չի կարող կողմ լինել դրանց:
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ