Լրահոս
Օրվա լրահոսը

Թոշակառու կինն այնքան ջուր է կրել՝ ձեռքերը ցրտահարվել են

Հունվար 21,2019 14:00

Ինչո՞ւ են ամեն տարի մեր երկրի բյուջեն հռչակում սոցիալական, երբ երկրի բնակչության համար կարեւոր` սոցիալական հարցեր տասնյակ տարիներով այդպես էլ լուծում չեն ստանում: Շուրջ 30 տարի է՝ երկրի սոցիալական բյուջեից ոչ մի կերպ բաժին չի հասնում Արաբկիր վարչական շրջանի հանրակացարանի շենքում բնակվող բնակիչներին: Եռահարկ շենքը վերից վար բնակեցված է` չնայած որ 4-րդ կարգի վթարային է: Բնակիչների խոսքով՝ շենքում ամրացման ոչ մի աշխատանք չի կատարվել, սակայն երկու տարի առաջ շենքի կարգը, չգիտես ինչպես, փոխվել է` 4-րդից դարձել 3-րդ: Կարգը փոխվում է, երբ շենքն ամրացվում է: Շենքի ամենատարեց բնակիչներից մեկը` 80-ամյա Լենա Ավետիսյանը, որը միայնակ, անժառանգ թոշակառու է, համոզված է՝ կարգը փոխել են, որ բնակիչներին տարհանելու, փոխհատուցելու բեռից ազատվեն, քանի որ 4-րդ կարգի վթարայնության շենքը խիստ վտանգավոր է բնակիչների ապրելու համար, եւ պետությունը պարտավոր է միջոցներ ձեռնարկել:

«Առավոտի» հետ զրույցում տիկին Լենան պատմեց` քանի որ թաղամասն էլիտար է, տարածքի վրա շատերն են աչք ունեցել, եւ պարբերաբար խոսք է գնացել շենքը քանդելու եւ տեղում նորակառույց կառուցելու մասին, բնակիչներին էլ բնակարանով ապահովելու, սակայն գործնական առաջարկ շենքի բնակիչներին չի արվել:

Բնակիչներին նոր բնակարանով ապահովելու, վթարային շենքը քանդելու խոսակցությունները ամեն ընտրությունից ընտրություն էլ են աշխուժացել: Քարոզարշավների ժամանակ եկել խոստումներ են տվել, շենքի բնակիչներից ձայներ կորզել ու այն հեռանալն է, որ հեռացել են. մի 4-5 տարի այդ կողմերում չեն երեւացել, սակայն նոր ընտրություններին կրկին հայտնվել:

Վերջին խոստումները 2-3 տարի առաջ են եղել՝ հույս են տվել, որ կքանդեն, հարակից կառուցվող բարձրահարկից բնակիչներին տուն կտան, շենքի տարածքն էլ, որպես հարմար տեղ, մեկ այլ կառուցապատողի կտան` նոր շենք կառուցելու համար:

Շիրվանզադեի փողոցի թիվ 18 հասցեում գտնվող այս շենքը 25 տարի առաջ դուրս է եկել «Կանազ» գործարանի հաշվեկշռից: Կենցաղային տարրական պայմաններից զուրկ շենքը նախկինում եղել է «Կանազ»-ի հանրակացարանը: 1980 թվականին գործարանն այն իրացրել է եւ հիմնական բնակիչներին վերաբնակեցրել:

Լենա Ավետիսյանն այստեղ է տեղափոխվել 87 թվականից: Տիկին Ավետիսյանը մեկ այլ հիմնարկում տան համար հերթագրված է եղել եւ, բնակվելու տեղ չունենալու պատճառով, այս հանրակացարանում ապրելով, սպասել է իր բնակարանին: Սակայն խորհրդային կարգերի փոփոխման հետեւանքով ոչ տունն է ստացել, ոչ էլ կարողացել է իր համար բարեկեցիկ ապրուստ ստեղծել` չնայած, ինչպես ինքն է ասում, ողջ կյանքը քրտնաջան աշխատել է: Սակայն այդպես էլ հանրակացարանում է մնացել:

Վթարային շենքը տասնյակ տարիներ զուրկ է նաեւ տարրական կենցաղային պայմաններից. ոչ ջուր է ունեցել, ոչ գազ: Բնակիչները երկար տարիներ բակի ցայտաղբյուրի «բաժանորդ» են եղել:

Տիկին Լենան ասում է` 22 տարի է՝ ջուր է կրում, ձեռքերը ցրտահարվել են: Թոշակից երկար տարիներ կոպեկ-կոպեկ հավաքել է, լվացքի մեքենա է գնել, բայց ջրի բացակայության պատճառով այն անշարժ գույք է դարձել: Երկար տարիներ Արաբկիր վարչական շրջանի ղեկավարությունը թույլ չի տվել ջուր քաշել: Դեմ է եղել նաեւ տիկին Լենայի հարեւանը` պատճառաբանելով, որ իր տունը ջուր կլցվի, սակայն վարչական շրջանի ներկայիս պատասխանատուները թույլատրել են թոշակառու կնոջը բնակարանում ջուր անցկացնել: Խողովակները մի քանի տարի առաջ է գնել եւ միայն կարող է այս տարի ջուրն անցկացնել: Մինչ այդ տիկին Լենան տանջանքների գնով է ջուր օգտագործել: Իր մեկ սենյակին կից տարածքն է որպես լոգարան, խոհանոց ու խորդանոց օգտագործել, մի կերպ հարմարություններ է ստեղծել ու այդտեղ լողացել, ճաշ պատրաստել, լվացք արել ու այլ հոգսեր հոգացել:

Շենքը, որտեղ ապրում են այդ 15 ընտանիքները, հատակը փայտից է` լայն անցքերով, ջեռուցեն չջեռուցեն՝ տանը ցուրտ է, 14-15 աստիճանից ջերմաստիճանը չի բարձրանում:

Տարիների ընթացքում հանրակացարանի երկաթբետոնե կոնստրուկցիաները քայքայվել, մաշվել են, ինչի հետեւանքով արտաքինից էլ նկատելի է, որ շենքը դեֆորմացվել է եւ վթարային վիճակում է: Դրան գումարած՝ բնակիչներն իրենց բնակարաններ հասնելու համար օգտվում են կիսախարխուլ փայտե աստիճաններից: Բարձր տեխնոլոգիաների այս դարում այստեղ զուգարաններն էլ ընդհանուր օգտագործման են՝ քիչ չի, դրանք հակահիգիենիկ ու հակասանիտարական վիճակում են: Այդ զուգարաններից ամեն օր երեխաներ, տարեցներ են օգտվում:

ԼՈՒՍԻՆԵ ԲՈՒԴԱՂՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ, 

19.01.2019

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031