Լրահոս
Օրվա լրահոսը

Դիմումատուն դժգոհ է, իրավապահ մարմինները նրա գործին ընթացք չեն տրվել

Հունվար 21,2019 13:30

Արմեն Արզումանյանն անցյալ տարվա մայիսին դիմել էր ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին

«ԱԱԾ տնօրենին հասցեագրված Ձեր դիմումները քննարկվել են, ինչի կապակցությամբ հայտնվում է, որ Ձեր կողմից բարձրացված խնդիրը կրում է քաղաքացիաիրավական բնույթ, ուստի դուրս է ԱԱԾ լիազորությունների շրջանակից»,- ՊՆ նախկին աշխատակից Արմեն Արզումանյանին անցյալ տարվա հուլիսի 12-ին պաշտոնական գրությամբ պատասխանել էր ԱԱԾ Երեւանի քաղաքային վարչության պետ Տ.Հարությունյանը:

Մինչ այդ Ա. Արզումանյանը հրավիրվել էր ԱԱԾ:

Դիմումատուն դժգոհ է, նրա գործին ընթացք չի տրվել, եւ ըստ նրա, իր խնդրին մինչ օրս չեն փորձել ծանոթանալ իրավապահ, քննչական, արդարադատական մարմինները:

Արմեն Արզումանյանն «Առավոտին» ասում է, որ մինչ նա դիմումներ էր գրում՝ իր իրավունքները պաշտպանելու համար, այդ ժամանակահատվածում կորցրել է իր երկհարկանի պապական տունը, որը կեղծ փաստաթղթեր օգտագործելու եղանակով հափշտակել են, իսկ նշված դեպքերով քրեական վարույթները կարճվել են:

Արմեն Արզումանյանը տարիներ շարունակ բնակվել է Արաբկիր համայնքի 19 փողոցի 10 տանը: Այդ տունը կառուցել են անցյալ դարի 60-ականներին նրա պապը, հայրը, հորեղբայրը:

Ամեն ինչ սկսվել է նրանից, երբ Արմենը պետք է շտապ վարկ վերցներ, մոր, հարազատների հուղարկավորման, դստեր՝ բուհում սովորելու համար: «Գինդ» շաբաթաթերթից նա տեղեկանում է, որ Հրանտ Կարապետյան անուն-ազգանունով մեկը կարող է վարկ տալ: Հանդիպել են, պայմանավորվել տան եւ հողամասի գրավադրմամբ ամսական հինգ տոկոսով վերցնել 6000 դոլար:

Սակայն 2015 թվականի սեպտեմբերի 23-ին Հ. Կարապետյանը 60 տոկոսով է տրամադրում 2.689.620 դրամին համարժեք 6000 դոլար: Ի դեպ, Կենտրոնական բանկի կողմից այդ ժամանակ սահմանված բանկային տարեկան տոկոսադրույքը եղել է 17 տոկոս, ոչ թե 60: Կողմերի միջեւ կնքվում է անշարժ գույքի հիփոթեքային՝ գրավի պայմանագիր: Կենտրոնի նոտար Ն. Սարգսյանի մոտ պայմանագիր կնքվեց: Այդ պայմանագրում ոչինչ չի նշվում գումարը տոկոսով վերցնելու վերաբերյալ, միայն նշվում է, որ 4 000 000 դրամ գումարը փոխառությամբ տրվում է Ա. Արզումանյանին:

Անցնում է որոշ ժամանակ, վարկառուն չի կարողանում վճարել տոկոսները, իսկ առերեւույթ վաշխառուն՝ Հ. Կարապետյանը, սպառնում է դիմել դատարան՝ նրան ու նրա ընտանիքը վտարելու պահանջով:

ռաջարկվում է նաեւ այլ տարբերակ էլ. կնքել պայմանագիր, իբր Արմենին լրացուցիչ 6.000.000 դրամ տալու մասին, խոստանալով, որ այդ պայմանագիրը չի օգտագործի:

Արմենը կնքում է նոր պայմանագիր: Տոկոսների տակ հայտնվելով, նա փորձում է տունը վաճառել, Հրանտի իրական պարտքը մարել:

Մինչ նա տան վաճառելու խնդրով էր մտահոգված, Հրանտը դիմում է դատարան՝ պահանջելով տասը միլիոն դրամ: Դատարանում Արմենը պարտավորվում է մինչեւ տունը վաճառել եւ տալ Հրանտի պահանջած գումարը, կնքելով հաշտության պայմանագիր:

100 000 դոլարանոց տունը 6000 դոլարի դիմաց Արմենը կորցնում է:

Վաշխառության հատկանիշներով Հ. Կարապետյանի դեմ հարուցվում է քրեական գործ, Արմենը ճանաչվում է տուժող: Մեղադրական եզրակացության համաձայն. «Առաջադրված մեղադրանքում Հ. Կարապետյանն իրեն մեղավոր չի ճանաչել, հրաժարվել է ցուցմունք տալ, պնդել է նախկին ցուցմունքը, թե վաշխառությամբ չի զբաղվել, Ա.Արզումանյանին առանց տոկոսի է տվել պայմանագրերում նշված տասը միլիոն դրամ գումարը: Մեղադրյալ Հ. Կարապետյանի պատճառաբանությունները անհիմն են ու մտացածին, հետապնդում են քրեական հետապնդումից խուսափելու կամ մեղմ պատիժ ստանալու նպատակ»:

Հ. Կարապետյանը դատավճռով, նախորդ համաներմամբ ազատվում է քրեական հետապնդումից:

ԱԱԾ մարմիններին դիմելով՝ Ա. Արզումանյանը հայտնել էր. «Արաբկիր եւ Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների դատախազության դատախազ Արմեն Շահազիզյանի կանչով գնացել եմ դատախազություն: Հանդիպելով վերջինիս՝ նա ասաց, թե համոզել է Հրանտ Կարապետյանին, որպեսզի վերջինս չբողոքի դատարան, քսան միլիոն դրամ չպահանջի ինձնից, սակայն դրա համար ես պետք է Հրանտին տամ 8000 դոլար, ապա ավելացրեց՝ «մի 5000 էլ տուր դրան, համ դու պրծնես, համ մենք»: Անհասկանալի էր, ինչու 5000 դոլար, բայց քանի որ հարցն առնչվում էր ընտանիքիս բնակարանից զրկելուն, համաձայնվեցի: Մեծ դժվարությամբ ես ճարեցի նշյալ գումարը, համաձայնագիր կնքեցի ոստիկանության Արաբկիրի քննչականի քննիչ Ս.Հարությունյանի աշխատասենյակում, մեր երկուսի փաստաբանների ներկայությամբ: Համաձայնագրում ես գրել էի, թե պարտավորվում եմ տալ Հրանտին 13 000 դոլարին համարժեք դրամ, իսկ նա կվերադարձնի իմ բնակարանը: 8000 դոլարը տվեցի փաստաբանների ներկայությամբ նույն պահին, իսկ 5000-ը պետք է տայի, երբ նա հաջորդ առավոտյան հրաժարվեր տնիցս: Ես կատարեցի իմ պարտավորությունը, իսկ նա՝ ոչ: Ամիսներ հետո տեղեկացա, որ տունս այդ ժամանակ վաճառվել է Արա Մուրադյանին, որի զոհերը հետագայում դարձան պապական տանս երկրորդ հարկում բնակվող հորեղբորս ընտանիքը»:

Համաձայնագրից հետո Հ. Կարապետյանը ստացական է տալիս՝ 8000 դոլարի մասին. «Հաշտության համաձայնությունը կնքվեց քննիչի ներկայությամբ: Ինչպես հասկացա, քննիչին ցուցում էր տվել դատախազ Գ. Միքայելյանը»: Ա. Արզումանյանը այդ ութ հազար դոլար պարտքով վերցրած գումարը չի կարողացել դեռ վերադարձնել: Նա խոստացել էր երկու ամսից վերադարձնել:

Վստահ լինելով, որ դիմացինը չի խախտի պայմանավորվածությունը, Ա. Արզումանյանը հետ է վերցնում իր վերաքննիչ բողոքը, կինը, դուստրը, հորեղբայրը վարչական դատարանում հրաժարվում են իրենց հայցադիմումներից, վարչական վարույթը կարճվում է:

Սեփական անշարժ գույքը կորցնելու վտանգի տակ է հայտնվել նաեւ Արմենի հորեղբայրը՝ Համլետ Արզումանյանը:

3 տարի առաջ ավարտված Ա. Տեր-Հակոբյանի վերաբերյալ քրեական գործով Համլետ Արզումանյանն ու նրա ընտանիքը ճանաչվել էին տուժող: Վեց տարի ազատազրկման դատապարտված անձը մեղադրվել էր, որ չարաշահել է իր ծանոթ Քրիստինե Արզումանյանի վստահությունը, նրա բնակարանը ներկայացնելով իր մտերիմ Արա Մուրադյանին, որպես իր եւ Քրիստինեի սեփականություն, Մուրադյանից տոկոս վերցնելու պատրվակով «Կենտրոն» նոտարական գրասենյակում գրավադրման պայմանագրի փոխարեն նշված բնակարանն առքուվաճառքի պայմանագրով վաճառել է Արա Մուրադյանին, հափշտակել Արզումանյանների 31 500 000 դրամ արժողության գույքը: Արմենի հորեղբոր տունը հինգ տոկոս վարկի դիմաց, որը կազմել էր 1500 դոլար, տրվել է նույն Արա Մուրադյանին, նա էլ վաճառել է գնորդ Լեւոն Չարխիֆալակյաններին: Վերջինս դիմել է դատարան՝ Արզումանյաններին վտարելու պահանջով:

ԱԱԾ-ին ուղղված դիմումում Ա. Արզումանյանը հայտնել էր, որ Արաբկիր վարչական շրջանի քննչական բաժնի քննիչ Մ.Գրիգորյանի որոշմամբ տարիներ առաջ հարուցված է եղել քրեական գործ՝ Արման Տեր-Հակոբյանի կողմից խարդախություն կատարելու, իսկ Արա Մուրադյանի կողմից վաշխառության դեպքերի առթիվ:

Այդ գործը կասեցվել էր «որպես մեղադրյալ ենթակա անձի գտնվելու վայրը հայտնի չլինելու» պատճառաբանությամբ: Տուժող Արզումանյանների համար անհասկանալի է, թե ինչու քննչական մարմինները Ա. Մուրադյանի նկատմամբ քրեական գործ հարուցեցին միայն վաշխառության հոդվածի հատկանիշներով, եւ ոչ թե կազմակերպված խմբի կողմից Արման Տեր-Հակոբյանի եւ Հրանտ Կարապետյանի հետ խոշոր չափի խարդախություն կատարելու հոդվածով:

«Առավոտի» տրամադրության տակ գտնվող տաքսի սերվիսի սեփականատեր Արմեն Տեր-Հակոբյանի քրեական գործով տուժողները միայն Արզումանյանները չեն եղել. այլ՝ տաքսի ծառայության նախկին աշխատակից Կառլեն Հովհաննեսյանը, որը գրավ էր դրել իր սեփական բնակարանը, ստացել առանձնապես խոշոր չափի գումար, Սերգեյ Սիմավորյանը:

Ստացվում է այնպես, որ տուժող ճանաչված Արզումանյանները մինչ հատուցում կստանային, հայտնվել են կոտրած տաշտակի առաջ: Վաշխառուները կարողացել են տոկոսի դիմաց իրենց տները կորցրածների տները հընթացս վաճառել, իսկ գնորդներն էլ վտարման պահանջ են ներկայացրել դատարաններ:

ՌՈՒԶԱՆ ՄԻՆԱՍՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ, 

19.01.2019

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031