Լրահոս
Օրվա լրահոսը

«Հայի գենը» վեպը՝ Թուրքիայում ապրող իսլամացած հայերի մասին

Հունվար 21,2019 13:00

Վերջերս ընթերցողի սեղանին դրվեց բանաստեղծ, արձակագիր, բանասիրական գիտությունների թեկնածու Ժաննա Հակոբյանի «Հայի գենը» խորագրով վեպը: Այն Թուրքիայում ապրող իսլամացած հայերի մասին է, որոնց նախնիները վերապրել են Եղեռնի ողջ սարսափները: Նշենք, որ 26 գրքերի հեղինակը մինչ այդ ոչ միայն անդրադարձել է Հայոց ցեղասպանության թեմային՝ գրելով «Գողգոթայի երդվյալ վրիժառուն» վեպը (2015թ.), այլեւ նրա ստեղծագործական կյանքի անբաժանելի մասն են կազմում Արցախին նվիրված հայրենասիրական մի շարք երկեր: Այս շարքում ես կառանձնացնեի մասնավորապես Ժաննա Հակոբյանի «Ղարաբաղի ճակատագիրը» վերտառությամբ պատմավեպը, որի մասին, առանց չափազանցության, կարելի է ասել, որ արդի հայ գրականության մեջ ռազմահայրենասիրական դաստիարակության թեմաներով եղած ստեղծագործությունների շարքում իր առաջնակարգ դերն ունի: Ավելին. այն գալիք սերունդների համար կարող է ծառայել որպես դասագիրք:

Իսկ եթե զուգահեռներ անցկացնելու լինենք նոր գրքի եւ նախորդ գրքերի միջեւ, ապա հասկանալի կդառնա, որ Ժաննա Հակոբյան-արձակագիրն ամենուր այն գաղափարն է առաջ քաշում, որ մեր նախնիներից արյան միջոցով մեզ է փոխանցվել ոչ միայն ազգային, արժանապատվության, հայրենասիրության զգացումները, այլեւ թշնամու հանդեպ ունեցած ներքին ատելությունն ու վրեժխնդրությունը: Դեռ տարիներ առաջ Արցախյան առաջին գոյամարտին նվիրված «Արյան հիշողություն» վեպում գրողը միաժամանակ ընդգծել է արյան անջնջելի հիշողության կարեւորությունը: Հակոբյանը գրում է. «Մենք տիրապետում ենք մեր նախնիների վիթխարի ու անջնջելի այն հիշողությանը, որ փոխանցվում է մեզ մեր գեների միջոցով: Սովորաբար ասում են, որ եթե վատ ես զգում, եթե դժվար ես տանում տառապանքը, գնա՛ նախնիներիդ ապրած վայրը ու մոտեցի՛ր որեւէ քարի: Քարը կընդունի քո ցավը, քանզի արյան հիշողությունը մի անտեսանելի թել է, որը միացնում է յուրաքանչյուր մարդուն իր նախնիների հաջորդ սերունդներին…»: Ահա հենց գենի կարեւորության մասին է պատմվում «Հայի գենը» նոր գրքում: Ահավասիկ, ծնունդով լինելով արցախցի, նա շատ լավ է գիտակցում, թե ինչ է նշանակում ապրել թշնամիներով շրջապատված մի փոքրիկ լեռնաշխարհում եւ երբեք սուրը պատյան չդնել, քանի որ ֆիզիկական բնաջնջման պարագայում կոչնչանա նաեւ հայի գենը: Նույնը չենք կարող ասել Թուրքիայում ապրող հայերի մասին, ուր շարունակվում է հայերի հանդեպ ատելությունն առայսօր: Ցավոք, Հայոց ցեղասպանությունից հետո մի դար է անցել, սակայն այնտեղ մնացած հայերը վախենում են նոր ջարդերից: Այդ պատճառով էլ իսլամացած հայերի մի մասը չի ուզում վերադառնալ իր ինքնությանը: «Կարծում ես՝ ինձ համար հե՞շտ է արյամբ, գենով լինել քրիստոնյա, բայց ընդունել իսլամը, ապրել որպես թուրք»,- դառնությամբ ասում է գրքի հերոսներից մեկը: «Հայի գենը» վեպում արձակագիրը գլխավոր հերոսի օրինակով ցույց է տալիս, թե ինչքան ծանր է հայ լինելը եւ բարձրաձայնելը Թուրքիայում: Սյուժետային զարգացումը պատկերված է մի ընտանիքի պատմության միջոցով: Վեպի գլխավոր հերոսը՝ Գրիգոր Ակչամը, երգիչ է, պոլսահայ լրագրող, «Ակոս» թերթի հիմնադիր Հրանտ Դինքի գաղափարների կրողը, որը հանդես էր գալիս ազգային փոքրամասնությունների իրավունքները պաշտպանելու կոչերով, նաեւ վեր հանելով մահմեդականացված հայերի առկայությունը: Դինքի սպանությունից հետո երբ ցույցեր էին կազմակերպվում, նա էլ հազարավոր մարդկանց նման դուրս էր եկել փողոց «Ես հայ եմ, ես Դինք եմ» կարգախոսով: Նույն ակտիվությամբ էլ երկրի առաջադիմական ուժերի հետ պահանջել է երկրի իշխանություններից ընդունել Հայոց ցեղասպանության փաստը, անգամ ներողություն խնդրել հայերից իր նախնիների կատարած չարագործությունների համար: Ողբերգությունն այն է, որ հասուն տարիքում է երգչին հայտնի դառնում ճշմարտությունն այն մասին, որ նախնիները եղել են հայեր: Վերադառնալով իր ազգային ինքնությանը՝ նա փոխում է անձնագիրը, անունը, կնքվում, դառնում է քրիստոնյա, սակայն նրա կյանքը փոխվում է հարյուր ութսուն աստիճանով: Մինչ այդ եթե նա իրեն երջանիկ էր զգում՝ ունենալով ընտանիք, զավակներ, սիրած գործ, ամեն ինչ միանգամից փլուզվում է: Նրանից հեռանում են կինը, զավակները, ընկերների ու երկրպագուների մի մասը: Երգիչն սկզբում ըմբոստանում է իր հարազատ ծնողների դեմ, հետո, անշուշտ, հաշտվում նրանց հետ: Ծնողներին, այնուհանդերձ, ցավով հիշեցնում է, որ մահմեդական դառնալով՝ նրանք, միեւնույն է, չեն ազատվել վտանգից, քանի որ Թուրքիայում ապրող բոլոր ազգերը կոդավորված են: Արձակագիրը դառնությամբ է արձանագրում, որ այդ կոդավորումը թուրքական պետությունը ժառանգել է Օսմանյան կայսրությունից: Դեպքերի բերումով Գրիգորը լինում է այն վայրերում, որտեղ ապրել են իր նախնիները, հարցուփորձ է անում եղեռնից փրկված ու ողջ մնացած մարդկանցից ու ավելի է դառնանում: Ավելին. նա աստիճանաբար իր մաշկի վրա զգում է, որ ոչ միայն վտանգավոր է հայերի համար իր երկիրը, այլեւ հայ լինելու պարագան բազմաթիվ խնդիրներ ու խոչընդոտներ է առաջացնում: Բարեբախտաբար, նա ունի գաղափարակիցներ, որոնց թվում է նաեւ հայտնի պոլսահայ լուսանկարիչ Արա Գյուլերը: Ժամանակ առ ժամանակ հանդիպելով ծեր լուսանկարչին նրա սրճարանում, կիսում է իր հոգու տագնապներն ու մտորումները: Գրիգոր Ակչամի համախոհներից է հայերենի ուսուցչուհի Երանուհին, որը նույնպես մտածում է, որ ծպտյալ հայերը պետք է բացահայտվեն, այլապես իրենց ինքնության համար չեն կարող պայքարել: «Հայկական մշակույթը տոգորված է ազատագրական ոգով ու գաղափարախոսոթյամբ, սակայն մահմեդականություն ընդունելով՝ հայը ոչ միայն հերքում է ազատագրական պայքարի ոգին, այլեւ համաձայնվում դառնալ թշնամու գաղափարախոսության կրողը»,- ասում է անվախ ու ազգասեր ուսուցչուհին: Այնինչ գլխավոր հերոսի հակապատկերն է նրա եղբայրը, որն ազգայնամոլ է, «Գորշ գայլեր» կազմակերպության անդամ: Նա մի քանի անգամ մահափորձ է կատարում եղբոր դեմ՝ ի վերջո հայտնվելով ճաղերի ետեւում:

Հատկանշական է նաեւ այն փաստը, որ հեղինակի աչքից չի վրիպել քրդական հարցը: Գրողը մի շարք ողբերգական դեպքերի միջոցով զուգահեռներ է անցկացրել Հայոց ցեղասպանության եւ այժմ Թուրքիայում քրդերի դեմ իրականացվող գործողությունների միջեւ:

Վեպը գրված է իրական փաստերի ու դեպքերի հիման վրա: Եվ գործողությունների ընթացքն այնպիսի հետաքրքրությամբ է շարադրված, որ ընթերցողն ակամայից դառնում է այդ ամենի ականատեսը: Գրքում տեղ գտած իրական փաստերից մեկն այն է, թե ինչպես էին Ստամբուլի Մեսրոպյան վարժարանի պատին ազգայնականները թողել հետեւյալ գրությունը. «Մի գիշեր անսպասելի Ղարաբաղում կհայտնվեք»: Իբրեւ թե այնտեղ հայերին շուտով կկոտորեն եւ հերթն էլ Ստամբուլի հայերին կհասնի: Այնինչ հայրենասեր գրողը, որի համար Արցախի ցավը, իրոք, իր ցավն է, ցասումով եզրակացության է հանգում՝ կարծես իր կոչն ուղղելով հակառակորդներին. «Դա երբեք չի լինի, քանի որ հայկական այդ լեռնաշխարհում ամենաքաջ ու անվախ հայերն են բնակվում»:

Համոզված ենք, որ Ժաննա Հակոբյանի «Հայի գենը» վեպը թուրքահայերի մասին պատմվող լավագույն գործերից է, ուր կրկին անգամ բարձրացվում է Ցեղասպանության թեման, որը մարդկության դեմ տարվող ամենամեծ հանցագործությունն է:

ՌԱԶՄԻԿ ԳԱԼՍՏՅԱՆ

ՀԳՄ անդամ, բանաստեղծ

«Առավոտ» օրաթերթ, 

19.01.2019

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031