Լրահոս
Օրվա լրահոսը

Մենք էլ պետք է հանդուրժող լինենք

Հունվար 21,2019 12:00

Խոհեր եւ մտորումներ՝ հայ-հնդկական հարաբերությունների մասին

Վերջին շրջանում սոցիալական ցանցերում ու ԶԼՄ-ներում հրապարակումներ են հայտնվել Հայաստան եկած հնդիկների եւ այլազգությունների հետ կապված, որոնց ներկայությունը մեր երկրում շատերին անհանգստություն է պատճառում: Ի դեպ, Սերգո Երիցյանն առաջին հայաստանցի հեռուստալրագրողն էր, որը տեսաֆիլմաշար պատրաստեց նվիրված Հնդաստանին ու հնդկահայությանը` հեռուստալսարանին ներկայացնելով «22 օր Հնդկաստանում» շարքով։ Նա հետագայում եւս քանիցս եղել է Հնդկաստանում եւ որպես լրագրող, եւ որպես ԱԺ պատգամավոր, եւ որպես նախարար, եւ որպես ՀՀ պետական բարձրաստիճան պատվիրակությունների անդամ։ Դիմեցինք Սերգո Երիցյանին՝ խնդրելով պատասխանել մի քանի հարցերի։

– Ինչպիսի՞ն է հնդիկների վերաբերմունքը հայերի նկատմամբ։

-Հանդուրժողական, ջերմ ու մարդկային: Հակառակ պարագայում դեռ դարեր առաջ մեր հայրենակիցները չէին հայտնվի Հնդկաստանի տարբեր հատվածներում, չէին հիմնի հայկական հզոր գաղթօջախներ, չէին դառնա հնդկական հասարակության անբաժանելի մասը։ Նույն հնդկահայերը հենց Մադրասում զարգացրին հայոց ազատագրական միտքը՝ ծնունդ տալով «Որոգայթ փառաց» սահմանադրությանը։ Հնդկաստանում դարերի ընթացքում մեծ հարգանք է ձեւավորվել հայության նկատմամբ, եւ դա գոյություն ունի հասարակության տարբեր շերտերում։ Գուցեեւ դա էր պատճառը, որ տասնամյակներ առաջ առաջին հնդիկ ուսանողները հայտնվեցին Հայաստանում՝ մինչեւ այսօր շարունակելով սովորել տարբեր բուհերում` հիմնականում Երեւանի Մխիթար Հերացու անվան բժշկական համալսարանում։ Այս եւ նման իրողությունների շնորհիվ վերջին տարիներին եւս բարեբախտաբար ձեւավորվել է միմյանց նկատմամբ հանդուրժողականության եւ փոխվստահության բարձր մթնոլորտ։ Դեռ ավելին` կան հայ-հնդկական ընտանիքներ կազմելու բազմաթիվ դեպքեր։ Նրանցից շատերին հանդիպել եմ ինչպես Երեւանում, այնպես էլ Դելիում եւ Հնդկաստանի այլ քաղաքներում։ Նրանք դարձել են Հնդկաստանի եւ Հայաստանի յուրօրինակ դեսպանները` ստեղծելով բարեկամության ջերմ միջավայր։ Այս ամենը ձեւական չէ, արարողակարգային կամ հաշվետվություն տալու համար չէ:

-Գիտենք, որ դուք հանդիպել եք նաեւ Հնդկաստանի նախագահների, վարչապետների, նախարարների հետ։ Ինչի՞ մասին էիք խոսում նրանց հետ։

-Հավատացեք, առաջին հերթին` հայ-հնդկական բարեկամության, կոնկրետ պատմական փաստերի եւ իրողությունների, անհատականությունների, հնդկական կյանքում նրանց դերակատարության մասին։ Այս առումով բավական էր միայն Արեւմտյան Բենգալիայի բանակի գլխավոր հրամանատար Գորգին Խանի (Գուրգեն Հարությունյանի) հերոսության ոգեկոչումը: Միշտ ինձ զարմացրել է, թե նրանք որքան տեղեկացված են հայոց պատմության, հայկական գաղթօջախի, հայ-հնդկական տարեգրության եւ կապերի մասին։ Օրինակ, Հնդկաստանի նախագահ Աբդուլ Կալամը ասաց, որ առաջին համակարգիչը Հնդկաստանը ստացել է Հայաստանից եւ այդ մասին երբեք իրենք չեն մոռանում ու հիմա կուզենային ի պատասխան դրան՝ Հայաստանին նվիրել բարձրակարգ ժամանակակից համակարգիչներ։ Իսկ Հնդկաստանի փոխվարչապետներից մեկը, որը Ինդիրա Գանդիի գլխավորած պատվիրակության կազմում եղել էր Հայաստանում, ոչ միայն չէր մոռացել այցի մանրամասները, այլեւ այն ջերմ հյուրասիրությունը, որ նրա համար կազմակերպել էին բոլորովին անծանոթ մարդիկ, երբ նա դուրս էր եկել «Արմենիա» հյուրանոցից` պարզապես զբոսնելու Երեւանում: Այդ մասին չէր մոռացել տասնամյակներ անց եւ առիթը օգտագործել էր իր սրտում անթեղված հարգանքը բարձրաձայնելու համար: Նա մեզ իր տուն էր հրավիրել, որ նման այցելությունների դեպքում չի լինում: Հյուրասիրում էր հենց ինքը` ոգեւորված մեզ պատմելով իր երեւանյան հիշողությունների եւ տպավորությունների մասին։ Պարզապես պետք էր լսել այդ հնդիկ պետական գործչին եւ հպարտանալ սեփական ազգով:

-Հնդկաստանը եւ հնդիկները միշտ էլ իրենց երկրի դուռը բաց են պահել բարեկամ, աշխատասեր, խելացի ժողովուրդների համար: Այստեղով է անցել «մետաքսի ճանապարհի» ուղիներից մեկը: Ամեն կերպ ձգտել են, որ իրենց հսկա երկիրը միշտ հանգիստ ու խաղաղ լինի։

-Այս գործում իրենց դրական նպաստն են բերել հայերը՝ ծառայելով երկրի տնտեսության կարեւոր բնագավառներում` առեւտրից մինչեւ ծովագնացություն: Այո, Հնդկաստանը եւ հնդիկները իրենց դռները միշտ բաց են պահել իրենց բարեկամ ազգերի համար։ Հնդկահայերի գերեզմանատների տապանաքարերը վկայում են, որ հայերը Հնդկաստան են հասել պատմական Հայաստանի տարբեր տարածաշրջաններից՝ ընդհուպ Հայաստանի այսօրվա մայրաքաղաք Երեւանից։ Ավելացնեմ նաեւ, հայերն էլ իրենց հերթին միշտ հյուրընկալ են եղել հնդիկների համար։ Պատմությունը վկայում է, որ մենք էլ ժամանակին Հայաստանում ապաստան ենք տվել հնդկական ցեղերից մեկին Տարոնի նահանգում` փրկելով կործանումից։ Իսկ բանահյուսությունը վկայում է, որ մինչ այսօր էլ Հայաստանում են ապրում նրանց շառավիղները։ Այնպես որ, մեր բարեկամությունը դարերից է գալիս ու դեպի դարերն է գնալու։

-Ուրեմն ի՞նչ է պետք անել, որ հայ- հնդկական փոխհարաբերությունները մնան միշտ բարձր մակարդակի վրա եւ նման հասարակական բարձրաձայնումներ չլինեն…

– Մենք այսօր 21-րդ դարում ենք եւ մեզ որպես քաղաքակիրթ երկրի պետք է բնորոշ լինի այլատյացության բացառումը։ Ինչպես անցյալում, այսօր էլ երկրների զարգացումներին ուղեկցում է բնակչության տեղաշարժը՝ միգրացիան, որի հետեւանքով մեր հազարավոր հայրենակիցներ ապրում եւ աշխատում են տարբեր երկրներում՝ նաեւ լուծելով դժվարին սոցիալական խնդիրներ իրենց ընտանիքների համար։ Տեսել եմ, թե ինչպես է Հնդկաստանում զարգացած ներքին աշխատանքային միգրացիան, երբ ֆիզիկական պայքար է մղվում մի կտոր հաց վաստակելու համար (երեւի տեսել եք, որ բարձրահարկ շենքերը կառուցում են առանց կռունկների, մարդիկ ձեռքերով շինանյութը հարկից հարկ են բարձրացնում)։ Եվ եթե անգամ մեր երկիրը հնարավորություն ունենա աշխատատեղեր ստեղծելու հնդիկ աշխատանքային միգրանտների համար, ապա դա պետք է անել: Աչքաչափով չպետք է ասենք՝ մեծ գործազրկություն ունենք, ուրեմն աշխատուժի կարիք էլ չունենք։ Գուցեեւ արդեն աշխատուժի կարիք ունենք շարունակվող արտագաղթի պայմաններում, կամ պարզապես կան աշխատանքներ, որ հայաստանցիներս այլեւս չենք ուզում կատարել։ Այս ամենը պետք է հասկանալ եւ միգրացիոն օրենքների համապատասխան, եթե աշխատուժի կարիք ունենք կամ ունենանք, գուցե նախընտրելի լինի հենց հնդկական աշխատուժը, որը էժան է եւ կարծում եմ՝ միջէթնիկ քիչ խնդիրներ առաջացնող։

-Երեւի թե այս բոլորը տեսնելով պետք է ուսումնասիրություններ կատարել, դրա հիման վրա օրենսդրություն հստակեցնել, միգրացիոն ծառայության գործունեությունն ավելի զգայուն ու գործուն դարձնել։

-Գիտեմ, որ Հայաստանն ունի արդյունավետ գործունեություն միգրացիոն ծառայության բնագավառում։ Միշտ նրանք հրատապ եւ վերլուծական արձագանքներ են ունեցել տարբեր խնդիրների նկատմամբ: Այսօր էլ այդ ուսումնասիրությունները հետեւողական իրականացնել, տալ դեղատոմսեր, որոնցում հաշվի կառնվեն երկրների եւ ժողովուրդների փոխհարաբերությունները` պատմականից մինչեւ մերօրյա: Ամենակարեւորը՝ երբեք մի իրողություն չպետք է մոռանանք, որ մեր՝ երկրի բնակչությունը մի քանի անգամ պակաս է սփյուռքի՝ հավաքական թվաքանակից: Այս իրողությունն էլ կարող է գրավիչ դարձնել Հայաստանը աշխատանքային միգրացիայի համար, եթե դրա կարիքը մենք ունենանք։ Գուցե այդ ժամանակն էլ կգա, քանի որ բոլորս էլ կուզենայինք առաջիկա տարիներին այնքան զարգացում ապրեր Հայաստանի տնտեսությունը, որ իսկապես կարիք ունենայինք աշխատանքային միգրանտների ոչ միայն Հնդկաստանից, այլեւ այլ բարեկամ երկրներից։

-Չե՞ք մտածում, որ այդ նպատակին հասնելու համար պետք է մեր երկրում հանրային կարծիքը դարձնել հավասարակշիռ եւ հանդուրժողական մեր երկիր տարբեր առիթներով եւ նպատակներով գնացող-եկողների համար` ոգեւորվելով նրանց բերած լավով, գուցեեւ անհանգստանալով հասարակության կողմից չընդունվող երեւույթներով: Բայց դա չպետք է լինի այլատյացությունը, անհանդուրժողականությունը, որեւէ ժողովրդին ու նրա ներկայացուցիչներին պիտակավորելը:

-Անկասկած։ Այստեղ լուրջ անելիք կա հանրության տարբեր շերտերի կողմից։ Գաղտնիք չէ, որ մեր շատ հայրենակիցներ հրաժարվում են կատարել այս կամ այն գործը կամ մասնագետների լուրջ պակաս ունենք։ Եթե այսպես շարունակվի, ապա մոտ ապագայում լուրջ դժվարություններ կունենանք առանձին արհեստների եւ զբաղմունքների գծով:

Հարցազրույցը վարեց Կ. ՏԻՏԱՆՅԱՆԸ

«Առավոտ» օրաթերթ, 

19.01.2019

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031