2019թ. հունվարի 20-ին www.asparez.am կայքում տեղ գտած եւ այնուհետեւ այլ կայքերում տարածված ու տարբեր մեկնաբանությունների տեղիք տված «Սյունիքի մարզպետը մեկ օրում երկու անգամ դրամական պարգեւատրմամբ ինքն իրեն խրախուսել է» հրապարակման կապակցությամբ՝ սենսացիոն վերնագրերի սիրահարներին հայտնում ենք հետեւյալը:
Սյունիքի մարզպետը ոչ թե երկու անգամ, այլ երկու հոդվածներով եւ մեկ անգամ խրախուսել է մարզպետարանի աշխատակիցներին: Եվ պարգեւատրում ստացել են ոչ թե 22 հոգի, այլ Սյունիքի մարզպետարանի բոլոր աշխատակիցները անխտիր ու հավասարապես՝ պաշտոնային դրույքաչափի 67.16 տոկոսի չափով: Մարզպետարանի պաշտոնական կայքում հրապարակված կարգադրություններին ուղղակի կերպով հղում անողներին եւ չիմացողներին տեղեկացնենք, որ խրախուսանք կիրառում է տվյալ պաշտոնին նշանակելու իրավասություն ունեցող անձը, հետեւաբար, 22 հոգի խրախուսվել է մարզպետի կարգադրությամբ, իսկ մյուսները՝ մարզպետարանի գլխավոր քարտուղարի հրամանով:
Այս գործընթացը օրինականության սահմաններում է եւ ամեն տարեվերջի կիրառվում է՝ մարզպետարանի ծախսերի արդյունքում ունեցած խնայողությունների հաշվին: Ընդ որում, ՀՀ Սյունիքի մարզպետարանը 2018 թվականին իր խնայողություններից 8.8 մլն դրամ վերադարձրել է ՀՀ պետական բյուջե…
Հ.Գ. Ի դեպ, Հունան Պողոսյանն իր պարգեւատրման միջոցներով մարզի տարբեր կառույցների մանուկների համար ամանորյա նվերներ է ուղարկել…
Սյունիքի մարզպետարան