Լրահոս
Օրվա լրահոսը

«Երկու Ընկեր» ընկերությունը հաղթող ճանաչվելով Երևան-Թբիլիսի-Երևան երթուղին Երևանի հյուսիսային ավտոկայարանից սպասարկելու համար, այդպես էլ փաստացի չվերթ չի իրականացրել

Հունվար 21,2019 10:30

ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովը դիմում –բողոք է ստացել «Սոնա և Միքայել» ՍՊԸ-ից՝ «Երևան-Թբիլիսի-Երևան» միջպետական երթուղիով իրականացվող ուղևորափոխադրումների վերաբերյալ: Մասնավորապես, դիմումատուն նշել է, որ Տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության կողմից` 2017 թվականի մարտի 3-ին հայտարարվել է մրցույթ` «Երևան-Թբիլիսի-Երևան» երթուղին Երևանի հյուսիսային ավտոկայարանից միկրոավտոբուսով սպասարկելու համար: Մրցույթում հաղթող է ճանաչվել «Երկու ընկեր» ընկերությունը, որը նույն երթուղին սպասարկում է նաև Երևանի կենտրոնական ավտոկայարանից: Դիմումատուն հայտնել է, որ «Երկու ընկեր» ՍՊ ընկերությունը մրցույթը հաղթելուց ի վեր, ոչ մի օր Երևանի հյուսիսային ավտոկայարանից ուղևորափոխադրում չի իրականացրել: Այսինքն, «Երկու ընկերը» մասնակցել է մրցույթին՝ փաստացի ճանաչվելով հաղթող, սակայն երթուղին չի սպասարկել՝ վնաս պատճառելով թե ուղևորներին և թե մրցակից ընկերությանը, որը իսկ իր խոսքով դուրս է մղվել շուկայից:

Հանձնաժողովի կողմից կատարված ուսումնասիրության ընթացքում պարզվել է, որ մրցույթում հաղթող է ճանաչվել «Երկու ընկեր» ՍՊ ընկերությունը` սպասարկման երեք տարի ժամկետով և մեկ ուղևորի համար 6500 դրամ փոխադրավարձով: Երթուղին Երևանի կենտրոնական ավտոկայարանից սպասարկելու համար ևս որպես հայկական փոխադրող հաղթող է ճանաչվել նույն ընկերությունը` սպասարկման երկու տարի ժամկետով և մեկ ուղևորի համար 6500 դրամ փոխադրավարձով:

Սակայն, հետագայում «Երկու ընկեր» ՍՊԸ-ն ինքնակամ որոշել է ուղևորափոխադրումները իրականացնել միայն մեկ՝ Կենտրոնական ավտոկայարանից: Ստացված տեղեկատվության ուսումնասիրության արդյունքները փաստում են, որ 2017 թվականի ապրիլից 2018 թվականի հոկտեմբերը ներառյալ, ընկերությունը Երևանի հյուսիսային ավտոկայարանից որևէ չվերթ չի իրականացրել: Բացի այդ, Երևանի կենտրոնական ավտոկայարանից Թբիլիսի ուղղությամբ ուղևորափոխադրում է իրականացրել այն տրանսպորտային միջոցներով, որոնք պետք է սպասարկեին երթուղին Երևանի հյուսիսային ավտոկայարանից: Այս հանգամանքը ևս խիստ խնդրահարույց է, քանի որ համաձայն ՀՀ տարածքից ավտոմոբիլային տրանսպորտով ուղևորների և ուղեբեռների միջպետական փոխադրումների իրականացման կարգը հաստատելու մասին որոշման, փոխադրողի ընտրության մրցույթի ժամանակ հատուկ չափանիշներով գնահատվում են նաև տրանսպորտային միջոցները: Փաստացի, «Երկու ընկեր» ընկերությունը երթուղին Երևանի կենտրոնական ավտոկայարանից սպասարկելու համար կայացած մրցույթում հաղթել է՝ ներկայացնելով որոշակի տրանսպորտային միջոցներ, բայց ուղևորափոխադրումներն իրականացրել է բոլորովին այլ միկրոավտոբուսներով, ինչի իրավունքը չուներ: Այս հանգամանքը կարող է հանգեցնել տնտեսական մրցակցության խաթարման: Խնդիրն այն է, որ նույն մրցույթին մասնակցած և չհաղթած «Սոնա և Միքայել» ընկերության տրանսպորտային միջոցները ավելի քիչ միավոր են հավաքել, քան «Երկու Ընկեր» ՍՊ ընկերության կողմից առաջադրված այն տրանսպորտային միջոցները, որոնք հետագայում տվյալ մրցույթի շրջանակներում փաստացի չեն շահագործվել:

Այսպիսով` ստացվում է, որ «Երկու Ընկեր» ՍՊ ընկերությունը հաղթող ճանաչվելով Երևան-Թբիլիսի-Երևան երթուղին Երևանի հյուսիսային ավտոկայարանից սպասարկելու համար, այդպես էլ փաստացի չվերթ չի իրականացրել, բացի այդ, մի մրցույթում հաղթող ճանաչված տրանսպորտային միջոցն օգտագործել է այլ ավտոկայարանից երթուղին սպասարկելու համար, ինչը կարող է հանգեցնել մրցակցության սահմանափակման և այլ ընկերությունների շուկայից դուրս մղման: Հավելենք նաև, որ նույն մրցույթում մրցակից ընկերությունը առաջարկել է սպառողների համար ավելի շահավետ գին՝ 4500 դրամ՝ 6500-ի փոխարեն:

Հաշվի առնելով այն հանգամանքը, որ թեև բարձրացված խնդիրը անուղղակիորեն բացասաբար է անդրադառնում մրցակցային իրավիճակի վրա, սակայն դրա կարգավորումը գտնվում է ՀՀ Տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության լիազորությունների շրջանակում, ուստի ուսումնասիրության արդյունքում բացահայտված խնդիրները կներկայացվեն նախարարություն՝ հետագա ընթացքն ապահովելու համար:

ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողով

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031