Հայաստանի ձյուդոյի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Արմեն Նազարյանն Aravot.am-ին տեղեկացրեց, որ Ֆերդինանդ Կարապետյանը եւ Արսեն Խանջյանը մեկնում են Իսրայել, որտեղ մասնակցելու են «Գրան Պրի» մրցաշարին: «Հավաքականի մյուս անդամները նախապատրաստվում են Եվրոպայի գավաթի խաղարկությանը՝ Պորտուգալիայում եւ Լեհաստանում: Ովքեր այնտեղ մրցանակային տեղ կզբաղեցնեն, նրանց կընդգրկենք «Գրան Պրի» մրցաշարեր:
Ֆերդինանդն ու Արսենը փետրվարի սկզբին հանդես են գալու նաեւ Փարիզում կայանալիք «Մեծ Սաղավարտին», որտեղից կմեկնեն Գերմանիա՝ ուսումնամարզական հավաքի: Հենց այնտեղ էլ՝ Դյուսելդորֆում, կմասնակցեն եւս մեկ «Գրան Պրիի»: Նշածս բոլոր մեկնարկները օլիմպիական վարկանիշային մրցաշարեր են եւ միավորներ են տալիս: Տարվա գլխավոր մրցաշարերն են Եվրոպայի օլիմպիական խաղերը Մինսկում եւ սեպտեմբերին՝ աշխարհի առաջնությունը Ճապոնիայում: Աշխարհի այս առաջնությունը մեզ համար շատ կարեւոր է, քանի որ նախորդը բաց թողեցինք Բաքվում կայանալու եւ Ադրբեջանի կողմից Ֆերդինանդի անձնական անվտանգությունը չերաշխավորելու պատճառով», – ասաց գլխավոր մարզիչը:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ