Ձյուդոյի Հայաստանի հավաքականի առաջատար մարզիկներ Ֆերդինանդ Կարապետյանը եւ Արսեն Խանջյանը հունվարի սկզբին Ավստրիայում մասնակցեցին միջազգային ուսումնամարզական հավաքի, որից հետո վերադարձել են Երեւան եւ մարզվում են Օլիմպավանում:
Հավաքականի գլխավոր մարզիչ Արմեն Նազարյանը Aravօt.am-ի հետ զրույցում ասաց, որ Ալպերում՝ ծովի մակարդակից 2000 մետր բարձրության վրա անցկացված հավաքը անչափ օգտակար է եղել: «Մասնակցում էին աշխարհի 50 երկրների ամենաուժեղ ձյուդոիստները: 10-օրյա հավաքը օգտակար էր բացառապես բոլոր մասնակիցների համար էլ՝ թե փորձի փոխանակման, թե ձյուդոյում տեղի ունեցող զարգացումներին մասնակից լինելու առումով: Պատկերացրեք, որ մեր ձյուդոիստներն այդ ընթացքում գոտեմարտեցին օլիմպիական, աշխարհի, մայրցամաքների չեմպիոնների եւ մեդալակիրների հետ: Ֆերդինանդի քաշային կարգում՝ 73 կգ, մասնակիցներն այնքան շատ էին, որ մարզվում էին երեք խմբով: Դա նրա եւ մեր համար շատ Կարեւոր հանգամանք էր: Իսկ 90 կգ քաշային կարգում հանդես եկող Արսենը այնտեղ ուժեղ մրցակիցների հետ գոտեմարտելու, մրցափորձ ձեռք բերելու բացառիկ հնարավորություն ունեցավ, ինչը Հայաստանում չունի»:
Հարցին, թե երբ մրցաշրջանի սկզբում ապագա մրցակիցները հանդիպում են միմյանց, փորձի փոխանակում կատարում, դա չի՞ խանգարի մարզիկներին արդեն պատասխանատու գոտեմարտերում, Ամեն Նազարյանը պատասխանեց. «Ընդհակառակը, օգնում է պաշտոնական մրցումներին ավելի նպատակային ու ճիշտ նախապատրաստվել՝ աչքի առաջ ունենալով այդ հավաքում տեսածներն ու արած վերլուծությունները: Տարեսկզբին բոլոր ձյուդոիստներն էլ դեռ հեռու են իրենց լավագույն մարզավիճակից: Իսկ պաշտոնական մրցումներից առաջ նրանք հեռու են իրարից, եւ յուրաքանչյուրն իր մարզիչների հետ հաշվի է առնում, թե որ հավանական մրցակցի հետ ինչ մարտավարություն մշակի, ինչպիսի հնարքների վրա աշխատի»:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ