Համացանցում եւ մամուլում մեծ աղմուկ բարձրացավ Կոտայքի եւ Արմավիրի մարզպետների պարգեւատրումների թեմայով:
Հիշեցնենք, «Հետքը» հրապարակել էր, որ Կոտայքի մարզպետը մի քանի ամիս աշխատած իր թիմակցներին պարգեւատրել է խոշոր դրամական պարգեւներով: Ըստ մեկ այլ հրապարակման, Արմավիրի մարզպետը նույնպես շռայլ պարգեւատրումեր էր արել, ընդ որում, պարգեւատրել էր նաեւ ինքն իրեն:
Դրանից հետո Կոտայքի մարզպետ Ռոմանոս Պետրոսյանը ֆեյսբուքյան իր էջում, հարցազրույցներում պարզաբանեց, որ գործել է օրենքի շրջանակերում, խնայողությունների հաշվին 13-րդ աշխատավարձ է տվել, իսկ թե ինչու դրանից աղմուկ բարձրացրեցին՝ չգիտի:
Ռոմանոս Պետրոսյանը, երբ փորձեցինք մի քանի հարց ուղղել պարգեւատրումների թեմայով, ասաց, որ արդեն քանի օր է՝ պարզաբանումներ է տարածում. «Խնդրում եմ այդ հարցի հետ կապված այլևս չդիմել, մենք բազմաթիվ խնդիրներ ու անելիքներ ունենք»: Ավելի ուշ ասաց, որ Աբովյանում կանաչ հատված են ծառահատել մեծ ծավալով, դեպքի վայրում է, հետեւաբար հարցերին չի կարող պատասխանել:
Պարգեւատրվածներից է մարզպետի օգնական աշխատած Անի Չիլինգարյանը, որին մարզպետը տրամադրել է հավելյալ 258 հազարից ավելի գումար՝ որակյալ աշխատանքի համար, մարզպետարանում աշխատել է ընդամենը 3,5 ամիս: Ուստի մենք նրանից հետաքրքրվեցինք՝ կոնկրետ Դուք ինչպե՞ս եք վերաբերվում մամուլի այդ հրապարակման շուրջ բարձրացված աղմուկին, արդյոք քննադատությունը հիմնավո՞ր չէ, եւ Դուք այդ 3,5 ամսում ի՞նչ աշխատանք եք կատարել այդ պաշտոնում, որ իսկապես պարգեւատրման արժանի էր: Նա ի պատասխան ուղարկել է մարզպետ Ռոմանոս Պետրոսյանի հարցազրույցի հղումն ու ասել. «Մարզպետը իր պաշտոնական պարզաբանման մեջ բոլոր հարցերի պատասխանը տվել է, լրացուցիչ ավելացնելու ոչինչ չունեմ»:
Երբ ասացինք, որ մարզպետի պարզաբանումներին ծանոթ ենք, կոնկրետ Դուք ինչպե՞ս եք վերաբերվում մամուլի այդ հրապարակման շուրջ բարձրացված աղմուկին, արդյոք քննադատությունը հիմնավոր չէ…պատասխան չունե՞ք՝ նա ի պատասխան ուղարկեց մարզպետի պարզաբանման եւս մեկ հղում՝ ասելով, որ այն կիսվել է իր էջում, հետեւաբար համաձայն է մարզպետի հետ. «Այն ես կիսվել եմ իմ էջում` բնականաբար որպես նաեւ իմ վերաբերմունք եւ կարծիք անհիմն ու արհեստական քննադատությանը»:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ