Խորհրդարանի ամենաերիտասարդ պատգամավորի՝ «Իմ քայլը» խմբակցությունից Սոնա Ղազարյանի շուրջ մամուլում հրապարակումներ եղան այն մասին, որ նա պատգամավոր է դարձել արտասվելու համար: Վարչապետ Նիկոլ Փաշինյանը, երբ քարոզարշավին Համո Սահյան էր ասմունքում, Սոնա Ղազարյանը չի կարողացել զսպել արցունքները, արտասվել է ու այդպես ուշադրություն գրավելով՝ ապահովել է «Իմ քայլի» ցուցակում իր անցողիկ շեմը:
Aravot.am-ի հետ զրույցում Սոնա Ղազարյանն ասաց. «Դա նույնիսկ մեկնաբանության կարիք չունի, եթե ծանոթանաք իմ կենսագրությանը, ապա կհամոզվեք, որ իմ արտասվելը իմ կենսագրության մեջ անիմաստ մի դրվագ է: Այո, ես արտասվել եմ ու ինձ թվում է՝ ինձ հետ արտասվել են Հայաստանի Հանրապետության հպարտ քաղաքացիները»:
Մենք հետաքրքրվեցինք՝ Սոնա Ղազարյանն ունի՞ նախաձեռնություններ, գաղափարներ, որոնք պատրաստվում է իրագործել խորհրդարանում: Նա պատասխանեց. «Նախաձեռնություն, որպես այդպիսին, այս պահին չունենք, բայց ունենք շատ մտքեր: Խոսել, զրուցել ենք իմ գործընկերների հետ, ում հետ ավագանուց ենք գործուղվել օրենսդիր մարմին, այնտեղ աշխատելու օրերին բացահայտել ենք մի շարք օրենսդրական բացեր: Ես մասնագիտությամբ եվրոպագետ եմ, սովորել եմ արտասահմանում, բայց ամբողջ գիտելիքները, որ կուտակել եմ ավագանու անդամ լինելու ժամանակ, անպայման օգտագործելու եմ ի նպաստ Երեւանի»:
Մենք հիշեցրինք,որ խորհրդարանական ընտրությունների ողջ քարոզարշավի ժամանակ ՀՀԿ- քննադատում էր «Իմ քայլը» դաշինքին, որ անփորձ են, չունեն գիտելիքների անհրաժեշտ պաշար, տապալելու են…Հարցին՝ նման կանխատեսումներ կային, դրանք ինչքանո՞վ են իրականությանը մոտ ու մտահոգություն չունե՞ք՝ Սոնա Ղազարյանը պատասխանեց, որ պատգամավորների միջին տարիքը 35-ն է. «Չէի ասի, որ այդքան երիտասարդ են, չէ՞ որ օրենքը սահմանում է տարիքային ցենզ եւ այն 25-ն է: Այս պարագայում փորձի առումով այնքան էլ համաձայն չեմ, մենք մեր թիմում ունենք մարդիկ, ովքեր սովորել են Օքսֆորդում, ես սովորել եմ արտերկրում, մենք եղել ենք շատ ակտիվ քաղհասարակության ներկայացուցիչներ: Աշխատել եք մի շարք միջազգային կառույցներում: Այո, փորձ չունենք կոռուպցիոն սկանդալներում ներգրաված լինելու առումով, բայց ունենք ցանկություն եւ քաղաքական կամք աշխատել ի նպաստ ՀՀ-ի եւ սովորել»:
Մեր հարցին՝ ՀՀԿ պատգամավորներին էլ երբ հարցում էինք, ասում էին՝ ազգն ենք փրկում, ժողովրդին ենք ծառայում, ի՞նչ անձնական շահ, ի՞նչ տանիք, դուք ինչո՞վ եք տարբերվելու այդ պատգամավորներից՝ Սոնա Ղազարյանը պատասխանեց. «Ինձ թվում է, հետհեղափոխական շրջանում շատ պարզ երեւաց մեր թիմի աշխատելաոճը, այն է՝ թափանցիկ, բաց հասարակության համար, աչալուրջ, լսելով քաղաքացիների պահանջները, իրականացնելով այդ պահանջները: Ինձ թվում է, որ աշխատանքն ավելի խոսուն է: Մենք ապացուցել եք, որ արդեն իսկ ներգրավվածությունը կառավարությունում, գործադիր, օրենսդիր մարմիններում այդ է, թե մենք ինչքան աչալուրջ ենք ցանկացած խնդրի հարցում»:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ
Քանի որ Սիլուա Կապուտիկեանի ծննդեան 100-ամեայ յոբելեանն է, մի երկտող ամենաերիտասարդ պատգամաւորին՝
Արցունքներ, գանձեր իմ պատանութեան
Դուք կաք, դուք եկաք, դուք չէք սպառուել:
🙂
Հարգելի նորելուկ պատգամավոր, մի շեշեք տեղին անտեղին Ձեր ,, արտասահմանյան,, կրթությունը և մի ամաչեք որ Բրյուսովն եք ավարտել: