Այս լուսանկարները Լեոյի 48 հասցեից են։ Խմբագրությունը ահազանգ է ստացել, որ այդ հասցեում բազմաֆունկցիոնալ շենքի կառուցապատողը որոշել է հերթով ազատվել շենքը ծածկող ծառերից։ Ընդ որում, ծառերը միանգամից չեն կտրում, որպեսզի աղմուկ չբարձրանա։ Կառուցապատողը Կարեն Նահապետյանն է։
Նա մեզ հետ զրույցում պարզաբանեց. «Տարածքում երկու հատ ծառ կա, երկուսն էլ կանգնած են: Մեկը արդեն 5 տարի է՝ փտած է, վրան սնկեր են աճում, ինձ թվում է, քաղաքացիները դրա մասին պետք է ավելի շատ մտածեն, քան թե մնացածի: Ինչքան ծառ եղել է, այդքանն էլ մնացել է: Կարող է շինարարությունից ինչ-որ մի ճյուղ է ջարդվել: Կառուցապատումը մեկ ամիս է՝ կասեցված է, մի ամիս է՝ այնտեղ մարդ չի մտել, անձամբ ես չեմ մտել…Սրանից մի քանի ամիս առաջ էլ քաղաքապետարանին էին գրել, մարդիկ եկան, տեսան նորմալ է, թողին գնացին»:
Մենք ճշտեցինք՝ երբեւէ ծառեր չե՞ն հատվել, թե՞ եղել են, արդեն երկուսն են մնացել՝ Նահապետյանը վստահեցրեց, որ հենց այդ երկուսն են եղել, երկու ծառն էլ տեղում են. «Մեկը փտած է եղել իմ կառուցապատումից առաջ էլ, իսկ էն մյուսը ծռված հին թթի ծառ է, որը վաղը, մյուս օրը ընկնելու է մեկի գլխին, էլի թող գնան էդ հարեւանները տակը պառկեն: Գիտե՞ք ինչն է հետաքրքիր, շինարարությունը վերջանալուց հետո, արդեն մի քանի ամիս է մնացել, տարածքը բարեկարգվելու է, ծառեր են տնկվելու, կարգի է բերվելու ամեն ինչ, լուսավորություն է լինելու, հանգստի գոտի, այդ ամեն ինչը մարդիկ չեն ուզում տեսնեն, իսկ իրենց այդ նեղ, սուբյեկտիվ մոտեցումը՝ մենակ բողոքեն: Էս աշխարհում ամենահեշտ բանն է բողոքելը, հլը թող փորձեն մի բան անեն, էլի: Այդ մարդը, որը բողոքում է, ասեք՝ մի անգամ այդ ծառի տակ մի դույլ ջուր լցրու, մի հատ ծաղիկ տնկեք, մի բան արեք: Ես այդտեղից եմ պայթում, որովհետեւ չգիտեմ մեր ազգը ինչ դարձավ վերջիվերջո»:
Կառուցապատումը կասեցված է եղանակի պատճառով: Կարեն Նահապետյանն ասաց, որ այդ հասցեում կառուցվող բազմաֆունկցիոնալ շենքում ինտերիերի սրահ է լինելու, տուն, վերեւի հարկում հավանաբար բիզնես կենտրոն»:
Նահապետյանի խոսքով՝ «թող այդ բոլոր հարեւաններն իրենց կանաչի տեղ չդնեն, թող ամեն մարդ բողոքելուց առաջ մի հատ իր անցած ճանապարհը նայի, կյանքում մի հատ ծաղիկ տնկած կա՞, կամ մի դույլ ջուր լցրած կա՞ այդ ծառի տակ: Ես 2-3 տարի առաջ եմ հողը առել, գնացեք նայեք, փտած է, վաղը մեկի գլխին է ընկնելու, դե թող գնան կանաչի համար պայքարեն: Պապս մեծ մարդ էր, ասում էր՝ էս կյանքում ամենահեշտ բանը քննադատելն է, ոչ մի բան չանելը, հլը փորձեք մի բան անել, նոր կզգաք»:
Կառուցապատողը նաեւ վստահեցրեց, որ երբ ինքը այդ տարածքն առել է, այն աղբանոց է եղել. «Աղբ եմ հանել ու թուրքի շենք է եղել այդտեղ: Հիմա բարեկարգվելու է, ձախ անկյունում փոքրիկ այգի է լինելու, ինչո՞ւ են Աստծուց առաջ ընկնում: Ինչ-որ մեկին թվում է, որ ինքը ինձնից շա՞տ կարող է մտածել իմ շենքի դիմացի բարեկարգ վիճակի մասին: Ես շահագրգռված չե՞մ, որ իմ շենքի դիմացը բարեկարգված լինի, լուսավոր ու կանաչ»:
Դավիթ ԱՐՄԵՆՅԱՆ
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ