Լրահոս
Օրվա լրահոսը

Քինոայով եւ թարմ բանջարեղենով աղցան

Հունվար 20,2019 14:59

Քինոան (սագախոտը) համեմատաբար նոր սննդատեսակ է ոչ միայն Հայաստանում, այլեւ՝ Արեւմուտքում եւ տարածաշրջանում, այնինչ ունի հազարամյակների պատմություն, եւ եղել է ամերիկյան հնդկացիների գլխավոր սննդամթերքներից մեկը՝ կարտոֆիլի եւ եգիպտացորենի հետ միասին: Իր օգտակարության շնորհիվ քինոան այսօր արդեն բավականին տարածում է գտել առողջ սննդի սիրահարների շրջանում: Հայաստանի սուպերմարկետներում վաճառվում է սագախոտը, ընդ որում՝ արդեն նաեւ տեղական արտադրության: Քինոայից կարելի է պատրաստել ոչ միայն շիլա, փլավ, այլեւ՝ աղցաններ:

Այսօրռաջարկում եմ շատ համեղ բուսական աղցան՝ քինոայով եւ թարմ բանջարեղենով:

Անհրաժեշտ մթերքները

Քինոա (կարող եք վերցնել ինչպես միագույն՝ սեւ, կարմիր կամ դեղնավուն, այնպես էլ դրանց խառնուրդը)- 1 բաժակ

Բանջարեղենը կարող եք վերցնել ըստ ճաշակի՝ թե տեսակի, թե քանակի առումով: Կոնկրետ դեպքում ես վերցրել եմ մի քանի կտոր բրոկոլի, մի քանի կտոր ծաղկակաղամբ, մեկ վարունգ, կես կարմիր եւ կես դեղին թարմ պղպեղ, կես հատ կարմիր սոխ, թարմ կանաչիներ

Մարինացված վարունգ-3-4 հատ (դրա փոխարեն կարող եք վերցնել մարինացված սունկ կամ ձիթապտուղ)

Պահածոյացված եգիպտացորեն- մի քանի ճաշի գդալ

Աղ, սեւ պղպեղ-ըստ ճաշակի

Բուսական յուղ (ցանկալի է ձիթապտղի, բայց կարող եք վերցնել նաեւ եգիպտացորենի կամ արեւածաղկի)-4-5 ճաշի գդալ

Պատրաստման եղանակը

Քինոան եփվում է ճիշտ բրնձի պես՝ լավ լվացեք եւ 15-20 րոպե եփեք առատ ջրով, որի մեջ մի քիչ աղ է արված, այնուհետեւ քամեք:

Մինչ սագախոտը եփվում է մաքրեք սոխը, լավ լվացեք բրոկոլին, ծաղկակաղամբը, թարմ պղպեղները, կանաչիները, վարունգը: Բրոկոլին եւ ծաղկակաղամբը 2-3 րոպեով գցեք եռացող ջրի մեջ, շատ չթողնեք, որ բրոկոլին գույնը չփոխի, եւ կաղամբազգիները չկորցնեն վիտամինները:

Մանր կտրատեք թարմ բանջարեղենը, ինչպես նաեւ մարինացված վարունգը, ավելացրեք եգիպտացորենը, համեմունքները, ցանկության դեպքում կարող եք ավելացնել նաեւ մաքրած արեւածաղկի կամ դդմի սերմեր:

Եփված, քամված եւ արդեն սառած քինոան ավելացրեք աղցանին, վրան լցրեք նաեւ բուսայուղը եւ լավ խառնեք: Մատուցեք անմիջապես:

Բարի ախորժակ:

Պատրաստեց Մելանյա ԲԱՐՍԵՂՅԱՆԸ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031