Վերջին մոտ 25 տարիների ընթացքում պաշտոնական Բաքվի կողմից այնքան շատ են եղել բարձրաձայնումներն առ այն, որ իրենք ցանկանում են միմիայն խաղաղ ճանապարհով լուծել ղարաբաղյան թնջուկի հարցը, որ նման հերթական անամոթ բարձրաձայնումը ծիծաղից բացի այլ զգացում չի առաջացնում:
Գաղտնիք չէ, որ դիվանագիտությունը շատ նրբին արվեստ է և նրանք հերթական անգամ աշխարհի առջև բարձրաձայնում և ընդամենը մեկով ավելացնում են Ղարաբաղյան հարցի խաղաղ ճանապարհով լուծման կտրվածքով իրենց հայտարարությունների թիվը, որպեսզի անհրաժեշտության դեպքում միջազգային ատյաններում առիթը բաց չթողնելով հնչեցնեն, որ այսքան տարիներ իրենց միակ գերնպատակը եղել է այդ հարցը խաղաղ ճանապարհով լուծելու միտումը, այլապես իրենք որևէ հրադադարի չէին համաձայնի և տարին 12 ամիս կպատերազմեին ու նման կերպ արդեն լուծած կլինեին իրենց արդար խնդիրը:
Ավելին, նրանք հայտարարում են, որ չեն ցանկանում ավելորդ զոհերի գնով լուծել այդ խնդիրը, չնայած այդ հնարավորությունն իրենք լի ու լի ունեն, ուղղակի և իրենք են լրիվ հումանիստ, և աշխարհն է դեմ, որպեսզի այդ հարցը լուծվի պատերազմական եղանակով: Այնպես որ, իբր անսալով ժողովրդավարության սկզբունքներին և աշխարհի տրամադրվածությանը, իրենք այսօր ևս ուզում են այդ չարչրկված խնդիրը լուծել խաղաղ ճանապարհով, որի առհավատչյան մի քանի օր առաջ Փարիզում երկու երկրների արտգործնախարարների հանդիպումն էր՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի անդամների մասնակցությամբ:
Թե այդ հերթական հանդիպման ընթացքում ինչ հարցեր են քննարկվել, մանրամասն տեղեկացված չեմ, հայտնի է միայն, որ լրատվության միջոցներով տեղեկատվություն է տարածվել, որ ամեն ինչ ընթացել է փոխըմբռնման մթնոլորտում և նմանատիպ հաջորդ հանդիպումը նախատեսվում է կազմակերպել մի քանի ամսից: Եվ պատահական չէ, որ Ալիևը այս գործընթացին զուգահեռ նշանակում է այսպես ասած Ղարաբաղում Ադրբեջանական համայնքի նոր ղեկավար, ով Ղարաբաղի հարցով կներկայացնի Ադրբեջանի շահերը միջազգային ատյաններում, այլ խոսքով այդ ատյաններին փորձում է ցուցադրել, որ Ղարաբաղյան հարցում ևս իրենք առաջնորդվում են զուտ դիվանագիտական մոտեցումներով:
Այդ քայլով Ալիևը փորձում է աշխարհին ցույց տալ նաև, որ Ղարաբաղը ոչ թե անկախ պետություն է, այլ իր պետության մի մասնիկն է, որտեղ ինքն ունի նաև ադրբեջանական համայնք: Եթե վերլուծենք հակամարտող կողմերի տարբեր ժամանակների դիվանագիտական հանդիպումների վիճակագրությունը, ապա մի փաստ կարող ենք գրանցել, որ Փարիզյան բանակցությունների ընթացքում Ղարաբաղյան դիրքերում վիճակն ավելի չլարվեց և մնաց հարաբերականորեն անփոփոխ, ինչը համարյա մշտապես խախտվում էր նախորդ բանակցությունների ժամանակ: Այսքան տարիներ ձգձգվող այս հակամարտության մասին կարելի է հատորներով նյութեր գրել և այն կմնա շարունակելի, քանի դեռ խնդիրը լուծված չէ:
Չխորանալով Ղարաբաղյան հակամարտության բազմաթիվ ու բազմապիսի խութերի մեջ, փորձենք ընդամենը վերլուծել երկու երկրների դիվանագիտական հանդիպումների և դրանցից ակնկալվող արդյունքների համայնապատկերը: Զարմանալի չէ, որ պաշտոնական Մոսկվան ու արևմուտքն անմիջապես ողջունեցին փարիզյան հանդիպման կազմակերպումը և հույս հայտնեցին, որ նմանատիպ հանդիպումների զարգացման ճանապարհով միայն կարելի է հասնել այդ դժվարագույն խնդրի լուծմանը:
Անկեղծ ասած, դեռ 90-ականներից սկսած՝ ինչ սկսվել է այդ հակամարտությունը, չեմ հիշում նրանց կողմից հնչեցված գեթ մեկ հայտարարություն, երբ այլ կարծիք ու մոտեցում արտահայտած լինեն, քան փարիզյան հանդիպման վերաբերյալ, սակայն հետագա զարգացումները մշտապես հաստատել են այդ հայտարարությունների՝ գործնականում սին լինելը, քանզի իրականում նրանց կողմից արդարացի ու անաչառ միջամտություններ երբեք չեն ձեռնարկվել, այլ ասվածն ընդամենը տեղավորվել է իրենց շահերի տիրույթում:
Ավելին, մինչ այժմ Ռուսաստանը միմիայն չափազանց մեծ ծավալների զենք է վաճառել ու վաճառում Ադրբեջանին, որպեսզի «խաղաղություն» հաստատվի, իսկ արևմուտքը զուտ ոչինչ չասող պատվիրանների փնջեր է շաղ տալիս և այդ ամենն այն դեպքում, երբ երկու կողմից էլ հազարավոր անմեղ զոհեր են ավելանում, չհաշված, որ Հայաստանի մատնաչափ բյուջեն հիմնականում մաշվում է այդ ծախսերի պատճառով: Այս վերջին միտքը բարձրաձայնվեց որպես հերթական զգոնացում իշխանություններին առ այն, որ նրանց կողմից ցուցաբերվող վերաբերմունքը շատ նման է ներկայացումների ժամանակ հանդիսատեսի ռեակցիային, որն արվում է թատերախմբին ոգևորելու և իր ներքին ոգևորությանը հագուրդ տալու համար:
Այնպես որ, դրանք ընդամենը դիվանագիտական ռեվերանսներ են, որից ոչ մեր զոհերի թիվն է նվազում, ոչ էլ երկրի բյուջեն է խնայվում: Ասվածը հերթական անգամ փաստում է, որ մենք մեր հույսը պետք է դնենք միայն ու միայն մեզ վրա, իհարկե մեր հերթին փորձելով լրջագույն կեցվածքով խաղալ հանդիսատեսի մեր դերը:
Աշխարհի համարյա ողջ հայությունը կվկայի, որ 1988-ից հետո Հայաստանն ընդամենը երկու լուրջ հաջողություն է գրանցել. անկախ պետականության ձեռք բերում և Ղարաբաղի հարցի լուծման հայանպաստ իրավիճակի ամրագրում, իսկ մնացած բոլոր հարցերում միմիայն ահռելի կորուստներ ենք արձանագրել, սկսած անհատ քաղաքացիներից՝ վերջացրած ժողովրդով: Այս վերջին միտքն ընդամենը կոչ է այսօրվա և եկող հաջորդ բոլոր իշխանություններին, որ եթե այս երկու կարևոր ձեռքբերումներից թեկուզ մեկին փոքրիկ վտանգ անգամ սպառնա, ապա բացարձակ արդարացված չի լինի մեր ժողովրդի տված բոլոր կորուստներից թեկուզ մեկ հատիկը, այնպես որ այս մոտեցումներից չնչին շեղումը և բարոյապես, և ֆիզիկապես կվտանգի ողջ հայության գոյության հետագա ընթացքը:
Բուն ասելիքի թելը չկորցնելու համար նշենք միայն, որ անկախ աշխարհի բոլոր վայրերում ընթացող հակամարտությունների տեսակից, կարելի է հավատալ ցանկացած երկրի հայտարարությանն առ այն, որ ինքը ցանկանում է եղած հակամարտությունը լուծել խաղաղ ճանապարհով, բացառությամբ Ադրբեջանի, որի միակ և անփոփոխ նպատակը Ղարաբաղն իր կազմում պահելն ու վայրկյան շուտ հայաթափելն է: Կարծում եմ, որ սրանով ամեն ինչ ասված է և Ադրբեջանի կողմից արված ցանկացած հայտարարության պետք է վերաբերվել այս դիտակետից:
Իհարկե, կարելի է ընդունել ցանկացած դիվանագիտական հանդիպման առաջարկ, նույնիսկ ավելին, երբեմն կարելի է նախաձեռնել նման հանդիպումներ, սակայն պետք է առաջնորդվել լոկ մի դիտակետով. քանի դեռ կա Ադրբեջան կոչվող երկիրը, ապա այն առաջնորդվելու է լոկ մի նպատակով. վայրկյան շուտ ետ բերել Ղարաբաղն ամբողջությամբ և վայրկյան շուտ էլ հայաթափել այն…
Սա է իրականությունը, իսկ մնացած ամեն ինչը հեքիաթ է…
Անանիա ՄԱՂԱՔՅԱՆ
Քաղաքագետ, վերլուծաբան
իսկական ճշմարիտ գրվածք.
Needless to say, it is important that Nikol understand this.