Լրահոս
Օրվա լրահոսը

Կարագանդան, հնդիկները, աշխարհը և մենք

Հունվար 20,2019 12:00

Նոր տարին սկսվեց տհաճ լուրով: Խոսքը վերաբերում է Կարագանդայի դեպքին, որի մասին զանազան ենթադրություններ են արվում, բայց թե իրականում ինչ է տեղի ունեցել՝ քչերին է հայտնի: Այս թեմայով արդեն շատ է գրվել՝ ճիշտ և սխալ, տեղին ու անտեղի, բայց ինչքան էլ գրենք՝ էլի կգրվի, որովհետև ոչ միայն թեման է անվերջանալի ու անսպառ, այլև նոր իրողություններ են տեղի ունենում, որոնք այսպես թե այնպես առնչվում են Կարագանդայի դեպքերին:

Կարագանդայում հայերի դեմ երթեր էին անում, իսկ այդ նույն օրերին Հայաստանում տեղի էր ունենում տարօրինակ մի ստորագրահավաք, որը վերաբերում էր հնդիկներին ու պարսիկներին Հայաստանում ապրելուն և աշխատելուն արգելելուն: Այդ «փաստաթուղթը» ստորագրողների կարծիքով՝ եթե այսպես շարունակվի, հնդիկները, իրանցիներն ու էլի ուրիշներ շատ շուտով կտիրանան մեր հողին ու մեր ունեցվածքին:

Տարօրինակ է, որ այսպես են մտածում ներկայացուցիչները մի ազգի, որի մեծ մասն ապրել և աշխատել ու այժմ էլ ապրում ու աշխատում է արտերկրում: Ընդ որում՝ հարյուրամյակներ շարունակ, բայց բարեբախտաբար երբևէ որևէ երկրում դեմ չեն եղել, որ հայերն իրենց երկրում ապրեն ու աշխատեն, առավել ևս այդ առթիվ որևէ ստորագրահավաք չեն կազմակերպել: Ստորագրահավաքը, որի հիմնական նպատակը Հայաստանում հնդիկների ապրելուն ու աշխատելուն խոչընդոտելն է, պարզապես որևէ առողջ տրամաբանության մեջ չի տեղավորվում: Մի՞թե ստորագրահավաքի կազմակերպիչներն ավելի կարևոր հոգս ու պրոբլեմ չունեին, որ նոր տարվա շեմին կազմակերպել էին սույն արտասովոր և, կարելի է ասել, անմարդկային ստորագրահավաքը:

Մի պահ փորձենք ըմբռնումով մոտենալ ստորագրահավաքի մոլեռանդ ու կրքոտ մասնակիցների այս տարօրինակ մտասևեռումներին: Եթե նույնիսկ Հայաստանում ժամանակավորապես ապրող ու աշխատող որևէ հնդիկ կամ պարսիկ իրեն սխալ է պահել, դա մի՞թե մեզ իրավունք է տալիս դեմ արտահայտվելու մյուս բոլոր հնդիկների՝ Հայաստանում ապրելուն ու աշխատելուն: Արդյոք բոլո՞ր հայերս ենք օրինապահ ու օրինակելի: Հենց Հայաստանում: Իսկ մեզ հե՞տ ինչպես վարվենք: Ինքներս մեզ վտարե՞նք Հայաստանից: Մեր դե՞մ ով պիտի ստորագրահավաք կազմակերպի: Հետաքրքիր ու առնվազն տարօրինակ է, որ նման ստորագրահավաք Հայաստանում են կազմակերպել:

Ասում ենք՝ տարօրինակ է, որովհետև հայն այն բացառիկ ազգն է, որի մեծամասնությունն ապրում ու աշխատում է իր հայրենիքից դուրս: Լավ ապրում ու լավ էլ աշխատում է: Հիմնականում: Եվ լավ էլ վերաբերմունքի է արժանանում տեղի բնակչությունից ու տեղական իշխանություններից: Հիմնականում:

Ասում ենք՝ արտերկրում ապրող ու աշխատող հայերը հիմնականում լավ վերաբերմունքի են արժանացել ու արժանանում տեղի ժողովրդի ու տեղի իշխանությունների կողմից, բայց հանուն արդարության նաև պիտի ասենք, որ էդ լավ վերաբերմունքին մերոնց ոչ թե սիրուն աչքերի համար են արժանացրել, այլ բարեխիղճ ու ազնիվ աշխատանքի համար, և Ղազախստանի ու Կարագանդայի էդ դեպքը, կարելի է ասել, հազվադեպ ու դժբախտ բացառություն էր, այնքան հազվադեպ, որ վստահաբար կարելի է ասել, որ այն չի փոխի արտերկրներում ապրող ու աշխատող հայերի հանդեպ տեղացիների ավանդաբար ձևավորված դրական վերաբերմունքը: Քանի որ տարիներ և նույնիսկ դարեր շարունակ Հայաստանն ու հայերս անկախություն և նույնիսկ պետություն չենք ունեցել, մեր մասին օտարերկրացիների կարծիքն ու մեր հանդեպ նրանց վերաբերմունքը ձևավորվել են հիմնականում արտերկրում ապրող ու աշխատող հայերի շնորհիվ:

Ասում ենք՝ «շնորհիվ», նկատի ունենալով և հաշվի առնելով, որ այդ կարծիքն ու այդ վերաբերմունքը բացառապես ու բացարձակապես դրական են եղել, և համոզված ենք, որ առաջիկայում էլ է դրական լինելու, ու նաև համոզված ու վստահ ենք, որ Կարագանդայի միջադեպը բացառություն է եղել ու բացառություն էլ մնալու է, և չնայած էդ միջադեպի պատճառով մարդ է սպանվել, բայց էդ դեպքն ընդամենը միջադեպ ենք անվանում ոչ միայն այն պատճառով, որ դեպքն իսկապես եզակի է և «ազգամիջյան» որևէ հիմք չունի, այլև այն պատճառով, քանի որ գրեթե համոզված ենք, որ Կարագանդայում տեղի ունեցածը հայերի ու ղազախների հարաբերությունները փչացնելու նպատակով օգտագործողները ոչ ղազախներն են և ոչ էլ հայերը, այլ կասկածելի ու կասկածվող այլ ազգեր, որոնց նպատակը հայերի ու ղազախների հարաբերությունները փչացնելն է:

Համաձայնեք, որ հարցը բարդ է, և հարցի վերլուծությունն էլ է իրենից որոշակի բարդություն ներկայացնում: Այդուհանդերձ, ես չկարողացա աչքաթող անել ու շրջանցել էս թեման, չնայած կարծում եմ, որ էս թեմային պետք է չափազանց զգույշ անդրադառնալ, որովհետև հասկանում եմ, որ այս թեմայի հնարավոր շահարկումներն ու չարաշահումներն էլ կարող են բացասական հետևանքներ ունենալ, և, ինչպես ժողովուրդն է ասում, «ունքը սարքելու փոխարեն՝ կարող ենք աչքն էլ հանել»:

Ինչ էլ ասենք ու ինչ էլ անենք, միշտ պարտավոր ենք հիշել ու մշտապես պարտավոր ենք հաշվի առնել, որ դարեր շարունակ հայ ժողովրդի գերակշիռ մասն ապրել ու աշխատել է արտերկրում, և որտեղ էլ ապրել ու աշխատել է, միանշանակ հարգանքի է արժանացել տեղի ժողովրդի ու իշխանությունների կողմից, և հուսով ենք, որ այդպես էլ կշարունակվի ևս դարեր շարունակ, որովհետև մենք ավելի շատ ենք, քան մեր տարածքները, և քանի որ մենք ավելի շատ ենք, քան մեր տարածքները, պիտի ըմբռնումով շարունակենք ուրիշներին էլ հնարավորություն տալ ապրելու ու աշխատելու մեր Հայաստանում՝ հեռու մնալով կասկածելի ու վտանգավոր ստորագրահավաքներից:

ՈՍԿԱՆ ԵՐԵՎԱՆՑԻ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031