Արդեն անհիշելի ժամանակներից չէին նվագել, որովհետև երկրի բոլոր պաշտոնական արարողությունները կյանքի էին կոչվում գերեզմանային լռության մեջ: Այլ խոսքով, արդեն անհիշելի ժամանակներից ի վեր նվագախումբը ծպտուն չէր հանել, գոնե՝ ձևի համար: Որոշ փողային գործիքներ ժանգոտել էին, իսկ անփող երաժիշտներից շատերը խոշոր եղջերավոր անասուններ էին բուծում՝ քայլ առ քայլ նվաճելով խամ ու խոպան այն տարածքները, որոնք սկզբնավորվում են բազմահարկ շենքերի նկուղներից և անհայտանում են հեռավոր ապագայի մեջ:
Սա սովորական տեսարան էր քաղաքում: Ահա ջլապինդ պառավը քշտել է փեշերն ու բուրդ է չփխում բազմահարկ շենքի իր բակում, իսկ շուրջբոլորը կովեր են: Աստված չանի՝ ցլիկներ էլ կան: Տրեխանման մաշիկներով մեկը ծխում է դառն օրերի իր «Արարատ»-ն ու դնդնում քթի տակ՝ պետական նշանակության մեղեդիներ բարձրաձայնելով: Սա բոմժ չի, հովի՛վն է, իսկ հովիվն ինքը նախկին երաժիշտն է, ոչ այլ ոք:
Այս ամենը գրեցի, որպեսզի կարևորեմ այն փաստը, որ այս երկրում պետական այրերն անհիշելի ժամանակներից ի վեր չէին կողմնորոշվում, թե ինչ իմաստ պիտի ունենան օրհներգի բառերն ու թե բառերն ինչպես պիտի հնչեն երաժշտության հետ կամ առանց երաժշտության: Եվ մինչ խմորվում էին այս գործընթացները՝ քաղաքացիներին հույս, հավատ, սեր և մկրտություն նվիրելով, երաժիշտներից ոմանք արածում էին իրենց խոշոր եղջերավոր անասունների հետ:
Ուրիշ ճար չկար:
Կա՛մ նվագում ես, կա՛մ արածում:
Իսկ եթե կոչված ես պետության օրհներգը հնչեցնելու համար, բայց մատդ մատիդ չես տալիս, որպեսզի գոնե մեկ-մեկ փչես քո շեփորը, ուրեմն՝ տեղն է քեզ:
Բայց բոլոր երկրներում էլ, իհարկե, իրավիճակ է փոխվում: Փոխվում են ժամանակներ, բարքեր, նախարարներ ու նախագահներ, ու անիմաստ թվացող մարդկանց վերադարձնում են իրենց պաշտոններին: Չկարծեք, թե շվի կամ շեփոր փչելը պաշտոն է: Այս բառն օտագործեցի, որովհետև համապատասխան մեկ այլ բառ չգտնվեց: Նույնիսկ՝ յոթհարկանի: Ահա իրավիճակ փոխվեց նաև այս երկրում: Մի հեղափոխություն արեցին զոռով-շառով, տնով-տեղով, կես սաղ-կես մեռելներով, աներ-զոքանչներով, հարս-սկեսուրներով, խնամի-ծանոթներով և այլ անշունչ առարկաներով, ու դրանից հետո ընդհուպ հասունացավ մարդկանց արոտավայրերից ետ կանչելու ժամանակը:
– Հե՜յ, գյադե՛ք,- ի լուր ամենքի բղավեց Մամլո խոսնակը,- հետ դառեք, քանի դեռ լավ կյանքը չի անցել:- Ապա՝ մրթմրթաց քթի տակ, այլ խոսքով՝ քարտուղարուհին չարձանագրեց այս նախադասությունը:- Թե չէ մինչև յոթը պորտ կարածեք էդ խամ ու խոպան հողերում:
Եվ ահա, վերջապես եկավ պետության օրհներգը հնչեցնելու հանդիսավոր պահը: Ընթերցողիս հիշեցնեմ, որ փողային գործիքները հիմնավորապես ժանգոտել էին, թմբուկը ծակվել էր, իսկ երաժիշտները առնվազն 30 տարի ոչ մի նոտա չէին փչել: Դե՜, տուն-տեղ էին պահում, ո՞վ ժամանակ ուներ:
Դուք ուզում եք իմանալ, թե ինչ եղավ հետո՞:
Իսկ կարելի՞ է՝ չպատմեմ շարունակությունը, քանզի վստահ եմ, որ բավականաչափ ֆանտազիա ունեք և կարող եք պատկերացնել, թե ինչպես էր հնչում օրհներգը 30 տարի խոտ կերած երաժիշտների կատարմամբ, և թե ինչ էր կատարվում պետական այրերի շալվարների մեջ այն պահին, երբ նրանց մտահոգ սֆաթները կաս կարմիր էին կտրում, իսկ ճակատների վրա հայտնվում էին քրտնքի կաթիլներ:
Դե, լավ, ինչևէ… Վերացական պատմություն էր, և կամ՝ վատ մտածված մի օրինակ, որ կոչված էր երևակելու այն իրականությունը, որտեղ մարդիկ ամեն օր անիծվում են սեփական երկրի օրհներգը լսելիս:
Ի դեպ, երկիրը կարող է նաև հայրենիք լինել:
Սմբատ ԲՈՒՆԻԱԹՅԱՆ