Լրահոս
Օրվա լրահոսը

Daimler Buses ընկերությունը հետաքրքրված է Երևանի տրանսպորտային համակարգի բարեփոխումների ծրագրերով

Հունվար 19,2019 21:22

Տրանսպորտային համակարգի արմատական բարեփոխման ծրագրի համաձայն, Երևանի քաղաքապետարանը սկսել է հանդիպում-քննարկումները ոլորտում հայտնի կազմակերպությունների հետ:

Քաղաքապետ Հայկ Մարությանը հանդիպել է Daimler Buses (Դայմլեր բասիսե) ընկերության վաճառքների դեպարտամենտի տնօրեն Բերնդ Մեքի հետ: Հանդիպմանը ներկայացվել է ընկերության գործունեությունը, մասնավորապես, ավտոբուսների ամբողջական արտադրության գործընթացը: Daimler Buses-ը գործարաններ ունի տարբեր աշխարհամասերում, հիմնական շուկաներն են Եվրոպան և Հարավային Ամերիկան:

Քաղաքային ավտոբուսների արտադրությունում ընկերության շուկայի մասնաբաժինը Արևմտյան Եվրոպայում շուրջ 30% է, ընկերությունը ամենախոշոր մատակարարն է ողջ Եվրոպայում: Քաղաքապետարանում ներկայացվել են տարբեր մակնիշի, տարողության քաղաքային ավտոբուսներ, որոնք աշխատում են նաև հեղուկ գազով և հիբրիդային կամ ամբողջովին էլեկտրական մարտկոցներով:

Daimler Buses ընկերության վաճառքների դեպարտամենտի տնօրենը պատրաստակամություն է հայտնել շարունակել քաղաքապետարանի հետ համագործակցությունը և նշել, որ ընկերությունը հետաքրքրված է Երևանի տրանսպորտային համակարգի բարեփոխումների ծրագրերով:
Երևանի քաղաքապետն իր հերթին տեղեկացրել է, որ մոտ ապագայում պատրաստ կլինի մայրաքաղաքի տրանսպորտային ցանցի նախագծումն իրականացնող խորհրդատու կազմակերպության առաջարկների փաթեթը, որի համաձայն էլ պետք է իրականացվի քաղաքային տրանսպորտի բարեփոխումների ծրագիրը:

Հայկ Մարությանն ընդգծել է, որ քաղաքը բաց է՝ քննարկելու գործարար համագործակցությանը վերաբերող ցանկացած առաջարկ, որը միտված կլինի ոլորտի բարեփոխմանն ու կանոնակարգմանը և կհամապատասխանի մշակված նախագծով սահմանված պահանջներին:

Կողմերը պայմանավորվածություն են ձեռք բերել առաջիկայում քննարկել հստակ առաջարկներ՝ գործնականում փորձարկելով Երևանի երթևեկությանը համապատասխանող և քաղաքին հարմար ավտոբուսներ:

Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչություն 

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031