«Ես դրա կողմնակիցը չեմ: Սփյուռքի նախարարությունն արդեն իսկ կայացած կառույց էր: Այլ է հարցը, որ այդ կառույցի աշխատանքը կարելի էր ավելի արդյունավետ դարձնել»,-Aravot.am-ի հետ զրույցում անդրադառնալով ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի այն հայտարարությանը, որ ՀՀ վարչապետի աշխատակազմը գուցե զբաղվի Սփյուռքի հետ հարցերի համակարգմամբ, ասաց Հայաստանի դեմոկրատական կուսակցության նախագահ, ԱԺ նախկին պատգամավոր Արամ Գասպարի Սարգսյանը: «Գուցե պետք էր Սփյուռքի նախարարությունում կրճատումներ անել կամ ավելի նոր՝ արդյունավետ լիազորություններ հատկացնել, բայց ոչ՝ նախարարությունը լուծարել»,-համոզմունք հայտնեց Արամ Սարգսյանը:
Նրա խոսքով՝ եթե Սփյուռքի նախարարությունը լուծարվի եւ դառնա, օրինակ, կոմիտե, հայկական սփյուռքը բացասաբար կվերաբերվի դրան. «Սփյուռքը հույս ուներ, որ նման նախարարության միջոցով կարողանում է մասնակից լինել հայրենիքի կյանքին: Այնպես որ, համաձայն չեմ վարչապետի առաջարկի հետ: Լիազորությունները եւ գործառույթը հասկանալի չեն»:
Արամ Սարգսյանը համաձայն չէ նաեւ Փաշինյանի այն նկատառման հետ, որ Սփյուռքի հետ հարցերի համակարգմամբ կարող է զբաղվել, օրինակ, վարչապետի հատուկ հանձնարարություններով դեսպանը: «Դա նվաստացնում է հարցի էությունը եւ նեղացնում խնդիրը: Սփյուռքի բոլոր կառույցները շատ տարբեր են եւ գործում են տարբեր պայմաններում: Անհրաժեշտ են լուրջ մասնագիտական մոտեցումներ»,-ընդգծեց Արամ Սարգսյանը: Նա բացասական է գնահատում նաեւ այն փաստը, որ կառավարությունը նախատեսում է Մշակույթի նախարարությունը միավորել այլ նախարարությունների հետ: «Ի՞նչ է, հայ ժողովուրդն այլեւս մշակույթ չունի՞, որպեսզի ստեղծվեն պայմաններ՝ մշակույթի զարգացման համար»,-հարցադրումներ արեց մեր զրուցակիցը:
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ