Այսօր Մովսես Գորգիսյանի մահվան 29-րդ տարելիցն էր: Նրա հարազատներն ու մարտական ընկերներն իրենց հարգանքի տուրքն էին եկել մատուցելու Ծիծեռնակաբերդում՝ նրա շիրմաքարին ծաղիկներ դնելու ու խունկ վառելու:
Մովսես Գորգիսյանը Արցախյան ազատամարտի առաջին մարտիկներից մեկն էր, ինչպես նաև առաջին զոհերից: Նա զոհվեց 1990 թ․հունվարի 19-ին Երասխի պաշտպանության ժամանակ։
Կինը՝ Ռուզաննա Գորգիսյանը նշում է. «Հունվարի 19-ը չարաբաստիկ օր է ինձ համար և հայ ժողովուրդի համար, քանզի թափուր մնաց Մովսես Գորգիսյան ազգային գործչի տեղը: Եվ այդ թափուրն այլևս լրացնել չեղավ: Այսօր ինձ համար միևնույն է՝ ցավալի օր է, քանի որ մարդկային կորուստի օր է, որքան էլ որ հպարտությամբ ասենք մարտիրոսման օր է, այնուամենայինիվ այո մեր սրբերի դասը ավելի մեծացավ, բայց Մովսեսը երկրի վրա դեռ շատ անելիք ուներ: Նրան սիրում, վստահում էին, Մովսեսը անկեղծ, ազնիվ էր: Մովսես Գորգիսյանն այն լուսավոր էջն է, որը մնաց հայ ժողովրդի պատմության մեջ»:
Մովսես Գորգիսյանը 1996 թ. սեպտեմբերի 20-ին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի հրամանագրով արժանացել է Ազգային հերոսի կոչման։
Ըստ Ռուզան Գորգիսյանի՝ Կեցցե այն Հայաստանը, որը վաղն է գալու խոսքերը դեռ արդիական են.
«Դա մեր երազանքի ու երազների Հայաստանն է: Այն Հայաստանը, որտեղ յուրաքանչյուր հայ իրեն և՛ հպարտ կզգա, և՛ ազատ կզգա, և՛ ինքնուրույն կզգա, և՛ բարեկեցիկ կզգա, և մենք որևէ մտավախություն չենք ունեն մեր երկրի անվտանգության համար: Մեզանից յուրաքանչյուրը պարտավոր է իր ավազահատիկը դնել այդ Հայաստանի համար»:
Նյութն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում