Երեւանի մամուլի ակումբի նախագահ Բորիս Նավասարդյանը չի կիսում Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեի նախագահ Աշոտ Մելիքյանի լավատեսությունն այն առիթով, որ խորհրդարանում շատ են լրագրող-պատգամավորները եւ նրանք կօգնեն կարգի բերել ոլորտի օրենսդրությունը: Այսօր «Դեբատ» մամուլի ակումբում Բորիս Նավասարդյանը կարծիք հայտնեց` փորձը ցույց է տալիս, որ տվյալ լրագրողի գործունեությունը խորհրդարանում կապվում է իր քաղաքական ուժի գործունեության հետ, ոչ թե իրենց նախկին գործունեության: Ուստի, դաշտի բարելավումը կապված է երկրի ղեկավարությունից, ոչ թե իշխող ուժում ընդգրկված նախկին լրագրողներից: Նա նկատեց նաեւ, որ իշխող «Իմ քայլը» դաշինքի լրագրող-պատգամավորներն էլ այս առումով բացառություն չեն, կարծես, եւ դեռ կուսակցության «գիծը պահում» են:
Անդրադառնալով Նիկոլ Փաշինյանի լայվերին, որտեղ վարչապետն անդրադարձավ լրատվամիջոցներին, Բորիս Նավասարդյանը գտնում է, որ Նիկոլ Փաշինյանը պետք է փոխի իր հաղորդակցության տարբերակները. նա այլեւս չպիտի բողոքի, այլ պետք է ասի, թե ի՞նչ է անելու: Հիշեցնում է, 1990-ին, երբ Հայաստանն ունեցավ առաջին ժողովրդավարական խորհրդարանը, սկզբից տարերային ազատություն էր մեդիա դաշտում, հետո ազատության տարածքը փոքրացավ եւ 1994-95-ին ընդդիմադիր լրատվամիջոցների ջարդ սկսվեց`պայմանավորված «Դրոյի» գործով եւ ՀՅԴ-ի հետ կապված: Տուժեցին անգամ լրատվամիջոցներ, որոնք ուղղակի տպագրվում էին ՀՅԴ-ին պատկանող տպարանում. տպարանը ջարդուխուրդ արվեց:
Որպեսզի այս իրավիճակը չկրկնվի, Բորիս Նավասարդյանը իշխանությունից կոնկրետ քայլեր է ակնկալում: Նա լուրջ խնդիրներ չի տեսնում լրատվամիջոցներին սպառնացող, տեսնում է հին խնդիրները լուծելու ցանկության բացակայություն:
«Հեղափոխական ուժերի եւ հասարակության ռոմանտիկ սիրավեպն ավարտվել է»,- ասաց նա: Կոնկրետ գործերի համատեքստում ինքն էլ երեք առաջարկ ունի:
Ինչ վերաբերվում է լրատվամիջոցների եւ լրագրողների վրա համացանցային «հարձակումներին», բանախոսը դա էլ նորմալ է համարում: Ասում է` համացանցը, սոցիալական մեդիան իրողություններ են եւ դրանց պետք է հարմարվենք, սովորենք: Կարեւորը`հնչեցված սպառնալիքներ արդյունք չեն ունենում: Այդ դեպքում, խոսակցությունն այլ հարթություն կտեղափոխվի: Համեմատություններ է անում Վրաստանի, Ուկրաինայի, անգամ Բոսնիայի, Ալբանների հետ եւ արձանագրում`Հայաստանում իրավիճակը շատ լավ է:
Սոցիոլոգ, նախկին պատգամավոր Ռազմիկ Մարտիրոսյանն էլ նկատում է`Հայաստանում լրատվամիջոցները շարունակում են գնալ պրոպագանդիստական ուղով: Ասում է՝ ոլորտի կարգավորումները`վերահսկման եղանակով դեռ դոկտոր Գեբելսի ժամանակից են գալիս եւ նկատում, որ չպետք է սպասել իշխանությունների քայլերին, լրատվամիջոցը պետք է հասկանա, որ գործոն է:
Նախկին պատգամավոր Վիգեն Խաչատրյանն էլ հավելում է`եթե «Իմ քայլը» եկել է իշխանության եւ ակնկալում է որ մեդիա դաշտը թափանցիկ պետք է լինի, ապա պետք է իր` կուսակցության եւ մյուս կուսակցությունների ֆինանսավորման եւ ծախսերի թափանցիկությունից սկսի:
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ