Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեի նախագահ Աշոտ Մելիքյանն ուրախ է, որ ներկայիս խորհրդարանում լրագրողները շատ են: Հույս ունի, որ դա կնպաստի, որպեսզի ոլորտի օրենսդրությունը կարգի բերվի: Մասնավորաբար, «Հեռուստատեսության եւ ռադիոյի մասին» ՀՀ օրենքը, նա գտնում է, որ ամբողջությամբ պետք է փոխվի: Այսօր «Դեբատ» մամուլի ակումբում Աշոտ Մելիքյանն անդրադարձավ իշխանական կուսակցության հայտնի խաշի պատմությանը: «Հրապարակն» անում է այն, ինչ սովորաբար անում է, որեւէ խնդիր չկա»,- ասաց նա` հավելելով, որ լրատվամիջոցը իրավունք ունի գրել այն, ինչ ինքն է նպատակահարմար գտնում եւ այնպես, ինչպես ինքն է նպատակահարմար գտնում, եթե օրենքի հետ խնդիր չկա: Տվյալ պարագայում, նման խնդիր չկա:
Աշոտ Մելիքյանը համարժեք չի համարում վարչապետի արձագանքը հրապարակմանը «որոշ լրատվական կազմակերպությունների արձագանքը»: Նա նկատի ունի Հայաստանի ժուռնալիստների միության տարածած դատապարտող հայտարարությունը: Դրանում ասվում էր, որ իշխանությունը ազատ մամուլի նկատմամբ ոտնձգություն է անում:
Աշոտ Մելիքյանն ավելի կարեւոր, վտանգավոր եւ դատապարտելի է համարում Նիկոլ Փաշինյանի այն հայտարարությունը, որ որոշ հեռուստաընկերություններ հակապետական քարոզ են անում: Հիշեցնենք, Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան նման գրառում էր արել. «Որոշ հեռուստաընկերություններ, փաստորեն, օգտվելով խոսքի ազատության անսահմանափակ հնարավորությունից՝որոշել են հակապետական քարոզչություն իրականացնել։ Սա թերեւս այն դեպքերից է, երբ իշխանության բարեկրթությունը ոմանք կրկին ու կրկին շփոթում են թուլության կամ միամտության հետ։ Մի’ արեք։ Պարզապես մի’ արեք»:
Աշոտ Մելիքյանը, միաժամանակ, նաեւ դրական է համարում վարչապետի այն հայտարարությունը, որ մեդիա-դաշտում վերաբաշխումներ չեն լինի: Հիշեցնում է, որ նախկինում, ավանդաբար, իշխանության եկած ուժը յուրայինների միջեւ էր բաշխում այդ դաշտը`վերահսկողությունն ապահովելու համար:
Եթե ներկայիս իշխանության կողմից ճնշումներ նկատվեն, Աշոտ Մելիքյանը վստահեցնում է` կաշխատեն այնպես, ինչպես նախկինում էին աշխատում: Ինքը չի թաքցնում, հեղափոխության համակիր է եղել, էլ չի ասում, որ քաղաքական առումով համարում էր եւ համարում է, որ նախկին իշխանությունը երկիրն անդունդ էր տանում: Հետհեղափոխական շրջանում իր ղեկավարած կազմակերպության լոյալությունը կամ իրենց մեղմ դիրքորոշումները բացատրում է` իրենց տեսակետը հակահեղափոխական ուժերի կողմից օգտագործման առարկա չդարձնելու մտահոգությամբ: Ասում է`մտածել են, որ հեղափոխությունը կօգնի նաեւ մեդիա-դաշտի բարելավմանը:
Չանտեսելով News.am, Aysor.am, Yerevan todey ուժային կառույցների այցելությունները, անգամ դրանցով եւ այլ բաներով հանդերձ, Աշոտ Մելիքյանը վստահեցնում է` հիմա կարող է մի քանի բան թվարկել, թե ինչո՞վ է ներկայիս իրավիճակը նախկինից լավը:
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ
Հա.News.am-ի մասին:Վերջին օրերին այդ կայքը մուըք գործելու համար պետք է մի քանի րոպե ապացուցես,որ ռոբոտ չես,նոր մտնես:Որքանով է դա տեղավորվում մամուլի ազատության սկզբունքներին?:Ինչեր կգրի News.am-ը,եթե որևէ իշխանական կայք մտնելու համար նրանից պահանջեին 3րոպե ապացուցել,որ նա ռոբոտ չէ……