«Դա ցեղասպանություն էր, դա կասկածի ենթակա չէ: Հայերը շատ կորուստներ ունեցան, ուստի ադրբեջանահայության հարցը պետք է դրվի սեղանին, դա բանալի է՝ Արցախյան հակամարտության հայանպաստ կարգավորման համար»,- լրագրողների հետ զրույցում այսօր անդրադառնալով 29 տարի առաջ հունվարին Բաքվի հայերի դեմ իրականացված ջարդարարությանը, որի հետեւանքով հարյուրավոր սպանվածներ եւ անհետ կորածներ կան, ասաց ադրբեջանագետ, ծնունդով Բաքվից Գրիգորի Այվազյանը: Նա, ինչպես եւ շատերը, փրկվել են ջարդարարներից. «Մենք վերապրել ենք դա, դժվար է վերհիշել: Վերջին լաստանավերից մեկով՝ մի կերպ, մեր ընտանիքը հեռացավ Բաքվից, որի կառուցման եւ կայացման գործում շատ հայեր անմիջական մասնակցություն են ունեցել»:
Գրիգորի Այվազյանն ընդգծեց, որ ՀՀ-ն եւ Արցախն իրենք առաջնահերթ պետք է փաստեն, որ Ադրբեջանի կատարածը ցեղասպանություն էր. «ՀՀ-ում շատ բան է փոխվել, եւ հուսով եմ, որ նոր Ազգային ժողովը պաշտոնապես կճանաչի ադրբեջանահայության ցեղասպանության փաստը եւ համաշխարհային հանրությանը կապացուցի, որ հայերը եւ թուրքերը մեկ պետության կազմում չեն կարող գոյակցել: Մենք՝ ադրբեջանահայերս, պահանջատեր ենք: Նախկին իշխանությունների ժամանակ հարցը ներկայացվել է ԱԺ-ին, բայց ուշադրության չի արժանացել»:
https://www.facebook.com/aravot.am/videos/2151327404924223/
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ