«Ադրբեջանի քաղաքական էլիտայի նպատակն էր արյուն թափել…ոչ բոլորը գիտեն, որ Ադրբեջանի այդ ժամանակվա նախագահ Հեյդար Ալիեւը տեղյակ է եղել եւ մասնակցել է այդ գործողությունների կազմակերպմանը»,-լրագրողների հետ զրույցում այսօր անդրադառնալով 29 տարի առաջ հունվարին Բաքվի հայերի դեմ իրականացված ջարդարարությանը, որի հետեւանքով հարյուրավոր սպանվածներ եւ անհետ կորածներ կան, ասաց ՀՀ առաջին օմբուդսման, իրավապաշտպան Լարիսա Ալավերդյանը, որը ծնունդով Բաքվից է: «Երբ Հեյդար Ալիեւին զեկուցում էին, որ արյուն է թափվելու, եւ կարող է՝ ադրբեջանցիներինը եւս, նա ասել է՝ ոչինչ, արյուն թափելն օգուտ է բերելու մեր ազգին…»,-ընդգծեց Լարիսա Ալավերդյանը:
Նրա բնորոշմամբ՝ Բաքվի ջարդերը դեռեւս 1918թ. սկսված ցեղասպանական գործողությունների շարունակությունն են. «Ստիպված եմ հիշեցնել հայտնի իրավաբան Յուրի Բարսեղովի փաստաթղթերը, որոնք ապացուցում են՝ Ադրբեջանը Թուրքիայի կողմից ստեղծվել է մեկ կարեւոր նպատակով՝ շարունակել եւ ավարտել հայերի ցեղասպանությունը Հարավային Կովկասում»: Լարիսա Ալավերդյանի խոսքով՝ ՀՀ-ն նահանջողական եւ տապալված քաղաքականություն է վարում՝ լռության մատնելով Բաքվի եւ Սումգայիթի ջարդերի հետեւանքները՝ այդ կերպ վտանգելով հայերի գոյությունը տարածաշրջանում:
«Բաքվի, Սումգայիթի, Գանձակի ջարդերի հետեւանքով կես միլիոն փախստական կա եւ մոտ 1500 սպանված: Մենք պարտավոր ենք իրավական եւ քաղաքական գնահատական տալ այդ ամենին: Ադրբեջանը նույն ցեղասպանական քաղաքականության կրողն է այսօր»,-եզրափակեց Լարիսա Ալավերդյանը:
https://www.facebook.com/aravot.am/videos/2311656932454815/
(Լուսանկարում՝ Բաքվի եւ Սումգայիթի ջարդերի զոհերի հիշատակը հավերժացնող խաչքարը, որի մոտ այսօր ոգեկոչման միջոցառում էին կազմակերպել մի շարք հասարակական-քաղաքական գործիչներ)
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ