Հունվարի 17-ին Ժնեւի «Վիկտորիա Հոլ» սրահում կայացել է աշխարհահռչակ սոպրանո Անջելա Գեորգիուի համերգը ՝ հայտնի կոմպոզիտոր, դաշնակահար եւ դիրիժոր Ֆրեդերիկ Շազլենի նվագակցությամբ:
Ինչպես Aravot.am-ի հետ զրույցում տեղեկացրեց շվեյցարաբնակ օպերային երգչուհի, մեցցո սոպրանո Վարդուհի Խաչատրյանը, համերգը կազմակերպել է իր հիմնադրած «Ավետիս» հայ-շվեյցարական մշակութային կազմակերպությունը: «Ավետիսը» բավականին մեծ համբավ ունի Շվեյցարիայում, համարվում է Ժնեւի լավագույն համերգային կազմակերպություններից մեկը եւ նրա նպատակն է քարոզել դասական երաժշտությունը, տարածել հայ մշակույթը, ներկայացնել հայ երաժիշտ արվեստագետներին` Եվրոպայում:
Կազմակերպության գործադիր տնօրեն Վարդուհի Խաչատրյանի ձեւակերպմամբ, այս համերգին եւս «Ավետիսը» չի շեղվել իր նպատակներից. համերգի ավարտին Անջելա Գեորգիուն կատարել է Առնո Բաբաջանյանի «Վոկալիզը»:
«Մենք Անջելայի հետ ծանոթ ենք դեռեւս 2001 թվականից, երբ միասին երգում էինք Կաննի MIDEM փառատոնում, բայց սերտ կապեր չունեինք եւ համերգի կազմակերպման ժամանակ շփվում էի իր գործակալի հետ:
Ես որպես հայկական ստեղծագործություն` առաջարկեցի մի գործ, որտեղ չկան հայերեն բառեր` Անջելային շատ «չծանրաբեռնելու» համար: Սակայն մեր զրույցի ժամանակ պարզեցի, որ նա սիրով կկատարեր նաեւ հայերեն տեքստերով ստեղծագործություններ: Ավելին, երգչուհին խոստացավ հաջորդ համերգին կատարել Կոմիտաս կամ որեւէ արիա Տիգրանյանի «Անուշ» օպերայից»,- ասաց Վարդուհի Խաչատրյանը:
Ի դեպ, «Ավետիսի» շրջանակներում Կոմիտաս բազմիցս ներկայացվել է, այդ թվում հանրահայտ ջութակահարներ Մաքսիմ Վենգերովի, Սերգեյ Խաչատրյանի, նրա քրոջ Լուսինե Խաչատրյանի, թավջութակահար Նարեկ Հախնազարյանի եւ հենց Վարդուհի Խաչատրյանի կատարմամբ:
Մեցցո սոպրանոյից տեղեկացանք, որ այս տարվա բոլոր համերգները նվիրված են լինելու Կոմիտասի ծննդյան 150-ամյակին: Նաեւ գարնանը «Վիկտորիա Հոլում» կկայանա երկու համերգ. մարտին՝ մեծանուն դաշնակահար Միխայիլ Պլետնյովի մենահամերգը, մայիսին՝ դարձյալ հայտնի մեկ այլ հայտնի դաշնակահարի՝ Խատիա Բունիաթիշվիլիի: Երկուսն էլ կկատարեն Կոմիտասի դաշնամուրային ստեղծագործություններից: Աշնանը եւս նախատեսված են Կոմիտասին նվիրված համերգներ:
Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ