Նախօրեին ժամը 10-ին մոտ կաթվածահար էր Հերացու փողոցը: Ձյուն չկար, վթար չկար, բայց ստեղծվել էր քաոսային վիճակ, որը նույնիսկ պատճառն անցնելուց հետո էլ դեռ մի կես ժամ չէր կարգավորվում: Իսկ պատճառը մեկն էր. նորակոչիկներ տեղափոխող ավտոբուսի հետևից նորակոչիկներին ուղեկցողների ավտոշքերթ էր գնում, իրար վազանցելով, ազդանշաններով, մեքենաներից գլուխները հանած: Նման մի «շքերթի» մասին էլ մեզ պատմեց խմբագրություն զանգահարած քաղաքացին՝ Լոռու մարզից: Ընդ որում, կոնկրետ Հերացու փողոցի դեպքում զորակոչի ավտոբուսն ուղեկցում էր ոստիկանության ավտոմեքենան:
Սակայն ակնհայտ է, որ մի մեքենան երկու ոստիկանով հազիվ թե կարողանար ինչ-որ բան փոխել, առավելագույնը՝ կարող են կանխել ավտոբուսը կանգնեցնելու կամ հնարավոր քաշքշուկի փորձերը: Ոչ ավելին: Եթե որևէ մեկը կարծում է, թե այդ երկու ոստիկանը կարող են ազդել 30-40 ավտոմեքենաներով երթևեկողների վրա, որոնց մեծ մասը ոգևորված, «հուզված» երիտասարդներ են, ապա բարեխիղճ մոլորության մեջ է: Ուրեմն, խնդիրը նույնիսկ ճանապարհային ոստիկանության կամ ռազմական ոստիկանության ուղեկցումը չէ: Խնդիրը մեր մտածողությունն է, մեր իսկ պահվածքը:
Երբ խոսում ենք հեղափոխության մասին, ապա առաջին հերթին անհրաժեշտ է բարձրաձայնել մտածելակերպի հեղափոխության մասին: Մտածելակերպի փոփոխություններ գուցե կան, սակայն դրանք շատ ավելի առնչվում են որոշակի շերտերի էլ ավելի սանձարձակ պահվածքին: «Երկրի տերը մենք են, ինչ կուզենք կանենք» մտածողությունն աստիճանաբար մտահոգիչ է դառնում: Սա իր խորքային պատճառներն ունի՝ սկսյալ հրապարակներում որոշում կայացնելու փորձերից մինչև մոտավորապես «իրենց դուռն է, կուզեն կջարդեն» ոճի հայտարարություններ
ԱՐՍԵՆ ՍԱՀԱԿՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում