Լրահոս
Օրվա լրահոսը

Խորհրդարանի աշխատանքը հետաքրքիր է հենց այդ «տրենդով»՝ թեժ բանավեճեր, աղմկոտ քննարկումներ․ «Ժամանակ»

Հունվար 19,2019 11:25

Խորհրդարանի աշխատանքը հետաքրքիր է հենց այդ «տրենդով»՝ թեժ բանավեճերի, հաճախ աղմկոտ քննարկումների, նույնիսկ կոշտ հակադարձումների: Դա հատուկ է անգամ կայացած և զարգացած ժողովրդավարությամբ երկրների խորհրդարաններին: Ի վերջո, գլխավոր հարցն այս դեպքում այն է, թե ինչի շուրջ են լինելու թեժ հակադրությունները՝ բովանդակությունների, քաղաքական մտքերի, գաղափարների, տեքստերի՞, թե՞ մանրախնդրության:

Այդ իմաստով, իհարկե, անցնող շաբաթը 50/50 էր, մի կողմից բնականոն մրցակցություն, մյուս կողմից՝ տեքստերի ընդհանուր առմամբ, դեռևս, ցածր մակարդակ, մոտեցումների, պատկերացումների և բովանդակության մանրություն: Անցնող շաբաթվա խորհրդարանական աշխատանքի, թերևս, ակնառու նյուզմեյքեր եղավ «Լուսավոր Հայաստանը», սակայն դարձյալ՝ ավելի շուտ նախկին քաղաքական «դիսկուրսին», քան նոր իրողություններին ու ռազմավարական անհրաժեշտություններին բնորոշ տեքստերով ու ոճով:

«Իմ քայլը» մեծամասնությունը ընդհանուր առմամբ մնաց կանխատեսելի հանդարտության շրջանակում, քանի որ շաբաթվա, այսպես ասած, օրակարգը չէր պահանջում առանձնակի ջանք՝ մեծամասնության դիրքը և մասշտաբը բավարար էր: Սրան զուգահեռ, սակայն, հաճելի զարմացնող հանգամանքներից էր այն, որ հանրությունը ծանոթացավ մեծամասնության մինչ այժմ հանրայնորեն անհայտ ներկայացուցիչների հետ, որոնք բավականին լուրջ մասնագիտական և քաղաքական ներուժի կրող են, ինչը միմիայն կարող է աշխատել խորհրդարանի քաղաքական նկարագրի, բովանդակության, հետևաբար էֆեկտիվության օգտին:

Այդպիսով կարող ենք ամփոփել, որ հետհեղափոխական նոր խորհրդարանի աշխատանքային առաջին շաբաթը ստացվեց և ամենակարևորը՝ դրսևորվեց քաղաքական այն ներուժը, մի կողմից մասնագիտական և բովանդակային, մյուս կողմից՝ բանավիճային և մրցակցային, որը նոր խորհրդարանին միանգամայն ի զորու է դարձնում իրականացնել այն առաքելությունը, որ դրված է պատմականորեն՝ թավշյա հեղափոխության ինստիտուցիոնալ տրանսֆորմացիա քաղաքական նոր համակարգի և մշակույթի: Սա ամենևին չի նշանակում, որ այդ համակարգը ամբողջապես կլինի նոր խորհրդարանի պատկերով ու նմանությամբ, սակայն դա արդեն այլ հարց է, որին անդրադառնալու առիթները դեռ շատ են լինելու:

Արամ Ամատունի

Հոդվածն ամբողջությամբ՝ «Ժամանակ» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031