Լրահոս
Օրվա լրահոսը

Կառավարության թեթև ձեռքով բավական մեծ ծավալի միջոցներ չեն մտել տնտեսություն․ «168 ժամ»

Հունվար 19,2019 10:45

Նիկոլ Փաշինյանը, անշուշտ, ճիշտ է ասում, որ կառավարությանն ու Կենտրոնական բանկին հաջողվել է ապահովել ցածր գնաճ։ Բայց չի ասում, թե դրա հետևանքով ինչ վնասներ է կրել տնտեսությունը։ Գնաճը զսպելով՝ կառավարությունն ու ԿԲ-ն արհեստական խոչընդոտներ են ստեղծել տնտեսության համար։

Թե նման քաղաքականության հետևանքով ինչպիսի՞ կորուստներ է կրել տնտեսությունը, դժվար է միանշանակ ասել։ Բայց որ տարվա երկրորդ կեսին տնտեսական գործընթացները Հայաստանում զգալիորեն դանդաղեցին, փաստ է։

Դրան օժանդակել է նաև կառավարության կողմից իրականացված հարկաբյուջետային կամ, ավելի պարզ ասած, զսպող ծախսային քաղաքականությունը։ Թեև դեռևս չեն հրապարակվել տարեկան ցուցանիշները, այնուհանդերձ 11 ամիսների տվյալները վկայում են, որ պետական բյուջեի ծախսերն էապես թերակատարվել են։ Դրանք պակաս են եղել անգամ 2017թ. մակարդակից։

Բյուջետային ծախսերի սահմանափակումը ֆինանսական միջոցները տնտեսելու առումով գուցե թե դրական երևույթ է։ Բայց դա չի կարող արդարացված լինել տնտեսական քաղաքականության տեսանկյունից։

Հատկապես որ, ծախսերի թերակատարումը հիմնականում նախատեսված ծրագրերի թերացման հետևանք է։ Դա նկատելի է, առավել ևս, վարկային ծրագրերի դեպքում։ Իշխանափոխությունից հետո կառավարությունը չկարողացավ ապահովել դրանց իրականացման սահուն ընթացքը։ Անցած տարվա 11 ամիսներին ներգրավվել է բյուջեով պլանավորված արտաքին վարկային միջոցների ընդամենը 37-38 տոկոսը։ Մի բան, ինչը գուցե թե դրական գործոն է արտաքին պարտքի և բյուջեի դեֆիցիտի համար։ Բայց դրանից տուժում է տնտեսական ակտիվությունը։

Բյուջեի դեֆիցիտի կատարողականը տարեվերջից մեկ ամիս առաջ կազմել է ընդամենը 32 տոկոս։ Նախատեսված ավելի քան 161 մլրդ դրամի փոխարեն՝ այս հատվածից իրականացվել է ընդամենը 51,5 մլրդ դրամի ծախս։ Տասնմեկ ամսվա տվյալներով՝ բյուջեի ծախսերի կատարողականն ընդամենը 80,7 տոկոս է։ Չկատարված ծախսերը կազմում են 294 մլրդ դրամ։

Նման կատարողականի հետևանքով, անշուշտ, տարեվերջին բյուջեի դեֆիցիտի մակարդակն անհամեմատ ցածր կլինի նախատեսվածից։ Բայց մյուս կողմից՝ դա նշանակում է, որ կառավարության թեթև ձեռքով բավական մեծ ծավալի միջոցներ չեն մտել տնտեսություն։ Խոսքը հարյուրավոր միլիոն դոլարների մասին է, որոնք լուրջ աջակցություն կարող էին լինել տնտեսական գործընթացների ակտիվացմանը` նպաստելով նաև հասարակության եկամուտների ավելացմանը։ Իհարկե, դա կխթաներ նաև սպառողական պահանջարկը` մեծացնելով ճնշումը գնաճի վրա։ Ուստի, սահմանափակելով ծախսերը, կառավարությունը փորձել է ազդել այդ միտումների վրա։

ՀԱԿՈԲ ՔՈՉԱՐՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ՝ «168 ժամ» թերթի այս համարում։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031