Լրահոս
Օրվա լրահոսը

Ինչ պետք է սպասել պետությունից

Հունվար 19,2019 10:00

Երբ ինձ փողոցում հարցնում են՝ «վերջը լա՞վ է լինելու», պատասխանում եմ «եսասիրական դիրքերից»՝ ինձ համար միշտ լավ էր: Նյութական պահանջմունքներս նվազագույնն են, եւ թե՛ կոմունիստների ժամանակ, թե՛ անկախության տարիներին այդ առումով վիճակս աղետալի չէր, մի քիչ այս կողմ-այն կողմ՝ կարեւոր չէ: Իհարկե, խորհրդային եւ հետխորհրդային շրջանում եղել են ու կան մարդիկ, որոնք ինձնից էապես ավելի ճոխ են ապրում, նրանց թվում նաեւ՝ գող-ավազակներ, բայց ես աշխատում եմ նրանց ճոխություններով առանձնապես ուղեղս չծանրաբեռնել, հարուստ են՝ թող վայելեն, գողացել են՝ թող իրավապահները նրանցով զբաղվեն: Մնացած ոչ նյութական խնդիրներն իմ պարագայում ընդհանրապես կապ չունեն երկրի, պետության, խոշոր հաշվով՝ արտաքին աշխարհի հետ:

Մարդիկ, բնականաբար, միշտ ակնկալիքներ են ունեցել իշխանությունից, եւ հատկապես դրանք մեծացել են հիմա՝ հեղափոխությունից հետո: Եվ հիմա, երբ արդեն անցել է համարյա 9 ամիս, արդեն իսկ ձայներ են լսվում՝ «դե, Փաշինյանն էլ հեչ բան չարեց»: Կարծես Փաշինյանը պետք է երկնքի մեջ մի փոքր անցք բացեր, որտեղից մանանա կթափվեր: Այս առումով ես որեւէ իշխանությունից եւ ավելի լայն իմաստով՝ պետությունից ակնկալիքներ չունեմ: Իմ սպասելիքը պետությունից մեկն է՝ մեր՝ ՀՀ քաղաքացիներիս անվտանգությունը, եւ այդ առումով որքան պետությունն է մեզ համար պատասխանատու, այնքան մենք՝ պետության համար:

Անվտանգությունն, իհարկե, տարողունակ հասկացություն է, այստեղ, մեծ հաշվով, մտնում է ամեն ինչ՝ սկսած բանակից, տնտեսությունից, գողերին բռնելուց, վերջացրած կրթությամբ եւ մշակույթով: Որ ասում եմ՝ «վերջացրած», նկատի չունեմ վերջին տեղերը: Այստեղ ամեն ինչն է առաջին տեղում, որովհետեւ վստահ եմ՝ որքան քաղաքացին ավելի կրթված է եւ հոգեպես հարուստ, այնքան ավելի գիտակից է նա եւ ավելի մեծ ջանքեր է թափում իր պետության անվտանգության համար: Իհարկե, նա պետք է հնարավորություն ունենա արժանապատիվ, առանց վիզը ծռելու ապրելու իր հայրենիքում: Ուրիշ հարց, որ շատերը վիզ ծռելու, խեղճանալու սովորություն ունեն՝ այստեղ ոչ ոք չի կարող նրանց օգնել:

Անվտանգության հարցերում իշխանության դերը հսկայական է՝ հատկապես բանակի եւ (որը դրա շարունակությունն է) դիվանագիտության առումով: Այստեղ, եւ ոչ միայն այստեղ, կարող եմ առաջարկել նոր իշխանությանը այնքան էլ չտարվել «նախորդ իշխանության» հետ վիրտուալ կռիվներով եւ գործել ռացիոնալ, պրագմատիկ դաշտում: Կարծում եմ՝ նաեւ անհրաժեշտ է վերացնել հեղափոխական անարխիայի եւ դիլետանտիզմի տարրերը: Դրանք որոշ ժամանակ անխուսափելի էին, բայց հիմա խաղերը պետք է ավարտված համարել:
Կարծիք հայտնելու, դիրքորոշում ունենալու հարցում պետք է լինի առավելագույն ազատություն: Բանակի, դիվանագիտության, ընդհանրապես պետական համակարգի գործունեության առումով, հակառակը՝ առավելագույն խստություն եւ կարգապահություն:

Արամ Աբրահամյան

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (5)

Պատասխանել

  1. henri says:

    Տեղին է ըսել որ ՛՛ մատը վէրքին վրայ ՛՛ դրած էք -ուր կարելի չէ համաձայն չըլլալ ամէն տեսակէտով ;
    ՛՛ անցեալը ՛՛ անհրաժեշտ է մոռնալ -էջը վերջնականապէս դարձնել -թող ԱԱԾ- լռութեամբ իր գործը կատարէ և ժողովուրդին ուշադրութիւնը կեդրոնանայ ՛՛իր ընելիքներուն՛՛ վրայ ; մանրուքներով չծանրաբեռնել Նոր Կառավարութեան աշխատանքը – և պատասխանատուներն ալ հեռու մնան տեղի անտեղի հարցազռոյցներ տալէ՛ այդ պաշտօնը թողլով մեզի ծանօթ ՛՛պրոֆէսիոնալ՛՛ մասնագէտներուն;
    Յիշեցնելու կարիք չկայ Հին Հռոմէացիներուն իմաստուն ասացուածքը -“VERBA volant-OPERA manent ”
    — ՛՛ ԽՕՍՔԵՐԸ կը ցնդին – ԳՈՐԾԵՐԸ կը մնան ՛՛ — Այս առումով Վարչապետէն մեծ ակնկալելիքներ ունինք ;

  2. Ruben says:

    Նոր իշխանությունը «նախորդ իշխանության» իրավահաջորդն է եւ ժառանգորդը:

    Եթե մի սկյուռիկի, թեկույզ տարեց, փոխարինեք երիտասարդ սկյուռիկով՝ միեւնույն է սկյուռիկների պարտականությունները, պարտավորությունները եւ անիվի ֆունկցիան ու իմաստը չեն փոխվում:

    Անվտանգություն, իշխանություն, դիվանագիտություն, տնտեսություն եւ այլն՝ մնում են անիվից դուրս:

    Դէ «դուխով» վազեք, նայենք…

  3. Հ.Շ. says:

    Առաջին պարբերութիւնը կեանքի փիլիսոփայութեան մը ամփոփումն է, զորս միայն կարող է ունենալ անձ մը որ գիտակից տարիքի ապրած է սովետական եւ յետ-սովետական ժամանակները, առանց խորտակուելու: Ձեւով մը գաղտնիքն է, թէ՝ ոնց հնարաւոր է դիմանալ այդ բոլորին, առանց խենթանալու, հիւանդանալու կամ կեանքից անջատուելու, ապրելու ախորժակը եւ ժպտալու կարողութիւնը առ յաւէտ կորսնցնելու:

    Մնացեալը սակայն wishful-thinking է… Որովհետեւ հաւանականութիւնները շատ բարձր են, որ այժմու վիճակը դաժան հետեւանքներ ունենայ: Որոնց նաեւ պիտի դիմանան միայն այն շատ սակաւաթիւ հայերը, որոնք վերոնշեալ փիլիսոփայութիւնը կարող են կիրառել իրենց կեանքում: Մնացեալներս, մի անգամ եւս պիտի կոտրուինք:

    https://haytougchamlian.blog/

  4. bzjackal says:

    “․․․ավելի լայն իմաստով՝ պետությունից ակնկալիքներ չունեմ: Իմ սպասելիքը պետությունից մեկն է՝ մեր՝ ՀՀ քաղաքացիներիս անվտանգությունը․․․ Անվտանգությունն, իհարկե, տարողունակ հասկացություն է, այստեղ, մեծ հաշվով, մտնում է ամեն ինչ՝ սկսած բանակից, տնտեսությունից, գողերին բռնելուց, վերջացրած կրթությամբ եւ մշակույթով:”

    Սա անեկդոտն է հիշեցնում։ Ոսկե ձկնիկին երեք ցանկություն հայտնելուց ձկնորսն ասում է․ “Ուզում եմ մեծ առանձնատուն, շքեղ մեքենա, ահագին փող՝ սա մեկ ցանկություն․․․․”
    Այնպես որ՝ այնքան էլ համեստ չեք ձեր սպասելիքներում։ Մարդկանց մեծ մասը, հնարավոր է, նույնիսկ ավելի քիչ ակնկալիքներ ունի պետությունից։

  5. Լավատես says:

    Եթե հետախուզությունը Կառավարությանը հայտնի, որ այսինչ պետությունը ասենք մեկ ամսից ռազմական վարժանքներ է անցկացնելու մեր սահմանի երկայնքով կամ էլ հակառակը, մենք ենք պատրաստվում ռազմական վարժանքներ անցկացնել սահմանի երկայնքով ու հնարավոր է նաեւ վարժանքները սահուն կերպով անցնեն պատերազմական գործողությունների, այն, ինչ Կառավարությունը որոշի ասենք քաղաքացիական պաշտպանության բնագավառում, զինապարտների հավաքագրում ու նման լիքը բաներ, այդ ամենը վարժանքի ձեւով Կառավարությունը պարբերաբար պետք է անցկացնի, նմա՛ն հարցեր պետք է քննարկվեն թշնամիներով շրջապատված երկրում, ինչո՞ւ ենք երեխային ձրի սովորեցնում միջնակարգ դպրոցում, որ վաղը գրագետ զինվոր ունենանք, գրագետ զենք մշակող ու արտադրող ունենանք, մենք մեր Սփյուռքի փողերը պետք է ներդնենք անվճար բարձր մակարդակի միջնակարգ ու բարձրագույն դպրոց ունենալու վրա, այսօրվա անկաշառ համակարգը դրա հնարավորությունը թույլ է տալիս, Սփյուռքը պետք է զբաղվի հայ ու ոչ հայ մասնագետներով ապահովի հայ բարձրագույն դպրոցը, սովորեցնի ձեռներեցությանը, դրա համար Սփյուռքն էլ պետք է դառնա վերպետական մի կառույց, որն իր տաղանդն ու փողը պետք է ներդնի հայ պետության կայացմանը, քանի դեռ կաշառակերությունը չի կերել մեր պետական գործիչներին, պետք է շտապ օգտագործենք այս հնարավորությունը:

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031