2018- ի նոյեմբերին, երբ Էրֆուրտում իրավապահ մարմինների՝ քրեական վարչության, ոստիկանության հետախուզական որոնողական հատուկ գործողությունների արդյունքում հայտնաբերվել եւ առգրավվել էր մոտ 40 կգ մարիխուանա, 1 կգ քրիստալ տեսակի թմրամիջոց, տեղական շատ պաշտոնյաներ չէին թաքցնում, թե մյուսներին բացահայտելու հարցում հետեւողական են լինելու: Թյուրինգիայի ներքին գործերի նախարար Գեորգ Մայերը ձերբակալման առթիվ չէր թաքցրել իր գոհունակությունը՝ հետեւյալ մեկնաբանությամբ՝ «այն կարեւոր հարված է Թյուրինգիայում քրեական կլանների դեմ պայքարում»:
Ըստ հետաքննող լրագրողների, Գերայի դատարանի որոշումը անընկալելի են համարում շատերը, հատկապես նրանք, որոնք ծանոթ են իրենց հրապարակումներից հայտնի երկու հայերին, որոնք դեռ 10 տարի առաջ հայտնվել էին Թյուրինգիայի իրավապահ մարմինների տեսադաշտում: Ըստ տեղեկատու նույն աղբյուրի, քրեական անցյալ ունեցող 2 հայերը, Հայաստանից եւ Ադրբեջանից տասնյակից ավելի տղամարդկանց միավորած «Ջոկեր» խմբի անդամ են եղել, որ ամենայն հավանականությամբ զբաղված է եղել ենթադրյալ բիզնեսով՝ ռեկետ, կողոպուտ, թմրանյութի առեւտուր: Վերոնշյալ երկու անձինք խմբավորման առաջնորդողների համարում են ունեցել: «Ջոկերը» տարիներ անց կազմաքանդվել է, բայց հիշյալ երկու անձինք քրեական հանցաշխարհը չեն լքել, համոզված են գերմանացի հետաքննող լրագրողները:
Ի դեպ, դեկտեմբերի 29-ին «Թյուրինգեր ալգեմայնե» թերթը ծանուցել էր հայ համայնքի ղեկավար Անդրանիկ Վարդանյանի այն մտահոգությունը, թե գերմանական մեդիայի տարածած «հայկական մաֆիայի» խարանն ու դրոշմը սկսել է հետապնդել Թյուրինգիայի հայերին, նրանց առօրյան փոխվել է՝ շրջապատի կասկածն ու վստահության պակասը նկատելի է: Թյուրինգիայի հայ համայնքի ղեկավարը բաց նամակ է հղել երկրամասի վարչապետին: Կանդրադառնանք:
ԱՆԱՀԻՏ ՀՈՎՍԵՓՅԱՆ, Գերմանիա
Հոդվածն ամբողջությամբ՝ «Ազգ» շաբաթաթերթի այս համարում։