Զարմանալի բան` վերստին վարչապետ նշանակված Նիկոլ Փաշինյանն իր վերջին ֆեյսբուքյան ուղիղ եթերում դժգոհում էր մի բանից, որը ստեղծվել է նաեւ երկար ժամանակ իր ղեկավարած թերթի շնորհիվ, երբ մամուլը դառնում է ոչ թե երկրին պատուհասող պրոբլեմներից ելքերի որոնման, այլ այս կամ այս այն գործչին անհատապես ոչնչացնելու, սրա-նրա անձնական խնդիրները քչփորելու հարթակ: Հիմա ինչու է դժգոհում Փաշինյանը մամուլից: 13 տարի աշխատում եմ «Ազգում» եւ խորհրդարանի աշխատանքն եմ լուսաբանում: Այդ տարիներին մենք գրում էինք խնդիրներից, ուրիշները`սրա-նրա խնջույքից ու թանկարժեք կոստյումից, մենք գրում էինք իշխանության սխալներից, ուրիշները «Ֆլորենս» եւ «Օջախ» ռեստորանների քեֆերից, մենք գրում էինք քաղաքական դաշտի` վերեւից փսորման տխուր գործելակերպի, ուրիշները` Լֆիկի ու Շմայսի արկածների մասին: Վերջինն անում էին շատ լրատվամիջոցներ:
Այդպես էիք ընթերցող աճեցնում-դաստիարակում. ա՛յդ տեսակի լրագրությունն էր խթանվում անընդհատ, ուրիշի սպիտակեղեն քրքրողները, քաղաքական պապաների պատվեր կատարողները դառնում էին պատգամավոր ու պաշտոնյա, ստանում ֆինանսական հնարավորություններ ու քվոտային գովազդ: Հիմա հանրությանը սովորեցրել եք այդ կարգի լրատվությամբ սնվել` հո մի փայտիկով կամ մի «լայվով» կարծրատիպ չեք կոտրի ու պահանջարկ չեք փոխի:
Անգամ նկատեցի` հանրային հեռուստատեսության «Լուրերն» են վերջին օրերին փորձում այդ նիշին համապատասխանել` խորհրդարանից ռեպորտաժները ոչ թե ԱԺ քննարկումների խորքային արտացոլանքն են, այլ` այս բուծովի պահանջարկի «թեթեւ» թեմատիկայով հագեցածը:
Մինչդեռ խորհրդարանում հնչած մի շարք ելույթներում բավական բաց տեքստով հնչեց կառավարության ապագա կառուցվածքի ուրվագիծը` ԱԺ հանձնաժողովների շրջանակում, քանի որ խորհրդարանում այժմ ստեղծվող տասնմեկ հանձնաժողովները կառավարության դեռեւս մտմտացվող կառուցվածքի դեռ չբացահայտված մանրամասներն էին մատնում, այն դեպքում, երբ Աժ օրակարգ ներառված «Կառավարության կառուցվածքի եւ գործունեության մասին» նոր, փոփոխված նախագիծը դեռ չկա ու պատված է խորհրդավորության քողով: Նիկոլ Փաշինյանի այն խոստովանությունը, թե կառավարության անդամների 2/3-ը դեռ կնշանակվի, քանի որ կառուցվածքի դետալները դեռ չեն հստակեցվել, միայն ժամանակ հայցելու ձեւ է` խորհրդարանի առաջին նիստն ավարտելուց հետո մի փոքր հանգիստ պայմաններում որոշումներ կայացնելու եւ ժամանակից շուտ օրենքի քննարկումով մամուլի բերան չընկնելու համար:
ՄԱՐԻԵՏԱ ԽԱՉԱՏՐՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ՝ «Ազգ» շաբաթաթերթի այս համարում