Լրահոս
Օրվա լրահոսը

«Հատկապես իշխող կուսակցության ներկայացուցիչը չպետք է նման բան ասեր, բայց մեկ բաժակ ջրում փոթորիկ սարքել պետք չէ»

Հունվար 19,2019 14:30

Ըստ իրանագետ Էմմա Բեգիջանյանի՝ Հայկ Կոնջորյանի ելույթում Իրանի հետ կապված վրիպակն ուռճացվեց եւ նմանվեց փոթորկի՝ մեկ բաժակ ջրում

Իրանագետ, Միջազգային եւ անվտանգության հարցերի հայկական ինստիտուտի (ՄԱՀՀԻ) փորձագետ Էմմա Բեգիջանյանի կարծիքով՝ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Հայկ Կոնջորյանի ելույթում Իրանի հետ կապված վրիպակն ուռճացվեց եւ նմանվեց փոթորկի՝ մեկ բաժակ ջրում:

Հիշեցնենք՝ Հայկ Կոնջորյանի ելույթն ԱԺ-ում քննադատությունների տեղիք է տվել ու զարմանք հարուցել: Նա մասնավորապես հայտարարել էր. «Եթե դիտարկենք մեր աշխարհաքաղաքական դիրքավորումը՝ մենք շրջապատված ենք ավտորիտար Թուրքիայով, ավտորիտար բնույթի Իրանով, ավտորիտար Ադրբեջանով եւ միայն մեր անմիջական հարեւաններից Վրաստանն է, որ ժողովրդավարական ճանապարհով է գնում: Եվ այս շուրջ 160 միլիոնանոց ավտորիտար երկրներով շրջապատված Հայաստանը, եթե ժողովրդավարության առաջանցիկ զարգացումը դարձնում է իր հաղթաթուղթը, կարողանում է նաեւ միջազգային հանրության կողմից ընկալվել որպես տարածաշրջանի առաջատար ժողովրդավարական երկիր, որը եւս անպայման ունենալու է իր դրսեւորումները դիվանագիտության մեջ: Օրինակ՝ նայեք Իսրայելը»:

Այնուհետեւ լրագրողների հետ զրույցում պատգամավորն անդրադարձավ «ավտորիտար բնույթի Իրան» ձեւակերպմանը՝ նշելով, որ բանավոր խոսքում վրիպել է եւ իր սխալներից դասեր կքաղի:

«Առավոտի» հետ զրույցում Էմմա Բեգիջանյանն ասաց, թե այս հարցը շատ է ուռճացվել, չափազանցվել. «Մարդը տեղյակ չէ կամ գտնում է, որ սխալ է արել, որ հավասարության նշան է դրել այդ երեք երկրների միջեւ, որոնք շատ տարբեր են. երկու թշնամական երկիր եւ բարեկամական երկիր: Դա սխալ էր: Մարդ պետք է այդ ամենն իմանար: Չպիտի նման բան լինի, հատկապես, եթե դա ասում է իշխող կուսակցության ներկայացուցիչը: Մյուս կուսակցությունները հանգիստ կարող են ասել, քանի որ Իրանի խորհրդարանում ընդդիմությունը այլ բան է, քանի որ բոլոր պատգամավորները նույն համակարգի տարբեր թեւերն են եւ ունեն շատ կոպիտ դիրքորոշումներ հատկապես Ղարաբաղի, Հայաստանի նկատմամբ կամ էլ ամենափոքր բանին կարող են շատ խիստ արձագանքել»:

Ըստ իրանագետի՝ երբ նման հայտարարություն է անում իշխող կուսակցության ներկայացուցիչը, դա նշանակում է՝ իշխանության դիրքորոշումն է Թուրքիայի եւ Իրանի միջեւ հավասարության նշան դնելը. «Սա ամենավատ բանն էր, որ կարելի է տեսնել նրա հայտարարության հետ կապված տեսակետում: Բայց չեմ ընդունում դա՝ այդքան ուռճացնելը: Զարմանում եմ՝ բոլոր իրանագետներն իրենց իրավունք են վերապահում նման հայտարարությամբ հանդես գալու: Այդ հարցն այդքան չպետք է ուռճացվեր»:

Մեր հարցին՝ եթե Հայկ Կոնջորյանը, լինելով պատմաբան, նման վրիպումներ է թույլ տալիս, վտանգ չկա՞, որ հետագայում էլ նման վրիպումներ կլինեն, Էմմա Բեգիջանյանը պատասխանեց. «Հավանական եմ համարում, հատկապես, եթե պատմաբան է: Նշանակում է, որ այդպիսի վտանգ շատ կա, եւ նկատում եմ ոչ միայն կոնկրետ այդ հարցում, այլեւ մյուս հարցերում նման բաների մենք դեռ ականատեսը կլինենք, կլսենք»:
Ըստ Էմմա Բեգիջանյանի՝ պատգամավորների հետ պետք է խորհրդականներ աշխատեն, որպեսզի մի քիչ գրագետ դառնան. «Երիտասարդությունն առավելություն է, որ շուտ կընկալեն: Ամեն երկիր եւ միջազգային յուրաքանչյուր կազմակերպություն ունի իր առանձնահատկությունները, որոնք իմանալով պետք է արտահայտվել: Բայց իմպուլսով վեր կենալ, ասել՝ դա այսպես է, այնպես է, դա ճիշտ մոտեցում չէ: Բայց Հայկ Կոնջորյանը, կարծում եմ, այսուհետ միշտ կմտածի, հետո կխոսի, իսկ մյուսների մասին ասել չեմ կարող»:

ՏԱԹԵՎ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ, 

18.01.2019

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031