Առցանց «Առավոտի» «Դեմ առ դեմ» հաղորդման շրջանակներում հեղափոխությունից հետո Հայաստան եկած գործարարները՝ Բաղրամյան թռչնաֆաբրիկայի սեփականատեր Արմենակ Խաչատրյանը եւ «Օբսիդիան ընդ Օնիքս» ընկերության հիմնադիր Ժորա Մալոյանը, քննարկում են, թե ինչ խնդիրների են բախվել:
Հռիփսիմե Ջեբեջյան.- Կառավարության ղեկավարը, դիմելով արտերկրում ապրող գործարարներին, ասաց՝ «եկեք Հայաստան, հարստացեք ու հարստացրեք»: Իշխանության կողմից պարբերաբար հնչում են խոստումներ, թե մենք ամեն գործարարի մեջքին կանգնած ենք, թե երկրում իրավիճակ է փոխվել: Պարոն Խաչատրյան, 2018-ի հունիսին վերադարձաք Հայաստան՝ մեծ սպասելիքներով, ի՞նչ խնդիրների եք բախվել, ձեր մեջքին կանգնա՞ծ են, թե՞ կանգնած չեն:
Արմենակ Խաչատրյան.- Կանգնած են բառերո՞վ, թե՞ իրական կանգնած են: Իմ մեջքին կանգնելու խնդիր չկար, պետք էր օրինական ամեն ինչ լիներ: Այն, ինչ ասվել է հեղափոխության օրերին, ես 2016-ին եմ ասել, որ զինվորը ամերիկյան բուդ պիտի չուտի, առաջարկեցի, որ ֆաբրիկաներս պետականացնեն, որ բանակին գնա, զինվորը կուտեր տեղական հավ, ձու, բավականին էժան էր լինելու: Չեմ ուզում քաղաքականացնենք, բայց լցված եմ, գնացի էկոնոմիկայի նախարարություն, այն ժամանակ Արծվիկ Մինասյանն էր, լսեց, նա փոխվեց, էս թազեն չընդունեց էլ, տեղակալն ընդունեց՝ ալո-բլո, ալո-բլո՝ արդյունք չկա: Բիզնեսներս այս ընթացքում սնանկության գործարքով վաճառվում են:
Հ. Ջ.- Նախկին իշխանության օրոք ձեր բիզնեսները գնացին սնանկացման, ու դուք հեռացաք ՀՀ-ից:
Ա. Խ.– Հեռացա, ի՞նչ փոխվեց, եթե այն ժամանակ հավի ձվի գները այնքան լինեին, ինչ հիմա է, ես կարող էի պետությանն էլ օգնել: Ես ձու ներկրեցի Հայաստան՝ դառա հանցագործ, բայց դեֆիցիտ էր: Անցյալ տարի էլ մեր հանրապետւթյուն ձու էր ներկրվել: Վարչապետին ներկայացնում են՝ իբր ձու կա, բայց հենց հիմա Էջմիածնում ձու չկա, 100 դրամ է, ու մարդկանց տալիս են 10 հատիկ, իսկ դա առաջին անհրաժեշտության ապրանք է: Այն մարդիկ, ովքեր այս սիտուացիան սարքեցին, վարչապետի առաջին թշնամին են: Եթե ես ձու արտադրեի՝ կյանքում ձվի գինն այսքան չէր լինի: Գնացել եմ վարչության պետի հետ հանդիպել, ասում եմ՝ Բաղրամյանի թռչնաֆաբրիկան մի հատ խոդ տանք, որ վարչապետը գավազանը վերցնի Արմենի նկարով, ասի՝ նայեք: Հիմա մոռացեք, որ Հայաստան ներդրում կգա: Ո՞նց կարելի է ինձ պես մարդուն, տասնյակ տարիներ բարեգործությամբ եմ զբաղվել, ես եկեղեցու գազն էլ եմ մուծել, տասնյակ տարիներ անվճար ձու եմ բաժանել, որ ժողովուրդը գա եկեղեցի, գոնե իմանան ձրի ձու ունեն…Ես ոչ քաղաքականության մեջ եմ եղել, հիմա չգիտեմ՝ ինչն է պատճառը, 7 ամիս է՝ դիմում եմ, վարչապետը չի ընդունում, փուչ խոսքեր են: Գյուղատնտեսության նախարարներ կան, նրանք չեն ընդունում, 7 ամիս է՝ այստեղ եմ: ՀՀ-ում թռչնի մսի 30 տոկոսն է արտադրվում, մնացածը ներմուծվում է, որպեսզի դառնա լիարժեք՝ 5000 աշխատատեղ, պարո՛ն վարչապետ, կանչեք, ականջներն եք քաշում ձեր ենթակաների, ինչ-որ պատժամիջոցներ, նախադեպ արեք: Մեծ գումարներ պետք չեն, որ իմ ֆաբրիկաները գործարկվեն, 300 աշխատատեղ կլինի: 3 մլն ներդրում է պետք 3 ֆաբրիկայի համար, էժան վաճառվում է ֆաբրիկան: 0,5%-ով վարկ եմ ճարել՝ եվրոպական բանկ, բայց A կլասի բանկ են ուզում: Մենք B+ ենք, A-ն ո՞ւր է մեզ հասնի, պատկերացնո՞ւմ եք…Ես մարդ եմ, որը այն ժամանակ կարողացել է ունենալ 4 ֆաբրիկա ու քյալլա տալ դրանց հետ, համ կաշառք ենք տվել, համ փնովել ենք: Վարչապետն իմ կուռքն է, ինքը չլիներ, ես Հայաստան չէի գա, եթե էն դեւերը լինեին՝ դանակներով ընկած էին հետեւիցս: Էնպես շնորհակալ եմ հին կառավարությանը՝ ամեն ինչ դրել էին աճուրդի, բացի հորս ու մորս գերեզմաններից, շատ մերսի իրանց, մալադեց, նորմալ գերեզման էին, կարային աճուրդի դնեին: Լպիրշության աստիճանը դա էր էն ժամանակ: Հարկային ստուգումները գիտե՞ք ոնց էր՝ դռնից հանում էինք, պատուհանից էին մտնում, իմ ֆիրմաները սետկա էին սարքել, քրքրել էին էն ժամանակ: Կանչում էին, ասում էին՝ հավի ձվի գնին չկպնեք ու վսյո: Հիմա տեսականորեն բան փոխվել է, բայց եթե վարչապետին իրենք պահեն սենց կոլբայի մեջ՝ շատ վատ բան է լինելու:
Հ. Ջ.- Պարոն Մալոյան, Դուք Հայաստան եք վերադարձել Ամերիկայից, ի՞նչ ակնկալիքով եք եկել:
Ժորա Մալոյան.- Ես վերադարձել եմ դեկտեմբերի 20-ին՝ հեղափոխությունից հետո: 2 տարի ԱՄՆ արտոնագրի ինստիտուտի էքսպերտների հետ եմ աշխատել, արտոնագիր ստացա ԱՄՆ-ից՝ գյուտի համար: Դա այլընտրանքային էներգիա է՝ ձրի էներգիա, համարյա ինքնարժեք չունի, ծախսերը շատ քիչ են: Մի տարվա մեջ քո ներդրած գումարները կզրոյանան: Հայաստանը «Ռենկոյի» հետ 250 մլն-անոց ծրագիր է անում ջերմակայան կառուցելու, ես փորձեցի հասնեմ նրան, ասեմ՝ մի՛ ստորագրեք, չհասցրի: 150 մլն-ը 15 տարում են փակելու, նոր մնացածը՝ 10 տարում, եղա՞վ 25 տարի, 25 տարում ջերմաէլեկտրակայանը կփչանա, գարանտը գործիքների 20 տարի է: Ես դիմումներ եմ գրել պարոն Փաշինյանին, մի հատ էլ Աշտարակում առձեռն հանձնել եմ, մինչեւ երկրի վարչապետն ինձ չընդունի, ես այս գյուտը Հայաստան չեմ մտցնի: Ոչ թե գումար չկա, գումարն էլ հետս եմ բերել, ինչքան փող է պետք սրա համար՝ ներդրում, ես պրոբլեմ չունեմ: Բայց մի նրբություն կա՝ քաղաքական հարց. մինչեւ ես իրենց չտեսնեմ, սա չեմ ներդնի: Դիմել եմ Փաշինյանին, ամբողջ դիմումները գնում են էներգետիկայի նախարարություն, այն ինձ ի՞նչ գարանտ պիտի տա: ԱՄՆ-ում թղթաբանությունը շատ երկար է, մտածեցի՝ 5 տարի թղթաբանության հետեւից ընկնեմ, իմ երկիրը նեղն է այսօր, դա տանեմ Հայաստան: Արտոնագիրը ստանալուց հետո իմ փաստաթղթերը գնացին Սպիտակ տուն, նախագահ Դոնալդ Թրամփը ինձ գրավոր շնորհակալություն հայտնեց: Բայց ուղիղ 2 ամիս է՝ այստեղ ընդունելության համար դիմում եմ…Մինչեւ ինձ նախագահը, Փաշինյանը չընդունեն, երաշխիք չտան՝ սա չեմ սկսելու: Էներգետիկայի նախարարին էլ եմ ասել՝ գումարը ես ինձ հետ բերել եմ, ոչ փող եմ ուզում ոչ էլ, ոչ մի բան չեմ ուզում, ուզում եմ բիզնես ծրագիր կազմել, ու կտեսնեն՝ դա ինչ կտա: Այսօր էներգետիկ կռիվ է, ինձ ԱՄՆ-ի բանկերը հրավերքներ են ուղարկում, ես չեմ գնում, սպասում եմ՝ ճանապարհ գտնեմ, նախագահին կամ վարչապետին տեսնեմ, չէ՝ վիզան էլ ունեմ, ամեն ինչն էլ ունեմ, հետ եմ գնալու:
Հ. Ջ.- Ձեր հաշվարկով՝ դա Հայաստանի տնտեսությանը ի՞նչ կտա: Կարո՞ղ եք թվերով ներկայացնել, ի՞նչ կստանա տնտեսությունը Ձեր առաջարկից:
Ժ. Մ.– Ջրով է աշխատում, ջուրն էլ գետերից, կարող ես կոյուղաջրերից 300 տոննա լցնես սիստեմի մեջ՝ գետնի տակը, հումքի փող չես տալիս… Ժողովուրդը կունենա 30% էլ, 50 տոկոս էլ էժան էներգիա: Բացի հոսանքից, մենք լուծում ենք սրանով Սեւանի պրոբլեմը, Սեւանի ջրի դեմը պետք է փակվի, Սեւանի էկոլոգիան խանգարվել է: Այս ծրագիրը գլոբալ տաքացման դեմ է: Ներդրումները քիչ են, լսող է պետք: Լիցենզավորման հանձնաժողովին ասեցի՝ ուզում եմ հոսանք արտադրել, համայնքին վաճառել 5 դրամով, ասեցին՝ իրավունք չունես, Բաշխիչ կայանների գործն է: Ես գնացի Գիտության պետական կոմիտե, ասեցին՝ ինչ-որ «Հորիզոն» ծրագիր կա, պետք է սա գնա Եվրոպա, ծրագրով 4 մլն դոլար գա, սա դնենք սարքենք, ապացուցենք, գյուղացուն հոսանք տանք: Այս գյուտի համար ինձ ԱՄՆ-ում 400 մլն դոլար փող են տվել՝ ես չեմ տվել, 4 մլն դոլարով տալիս եմ Եվրոպայի՞ն: Ոչ, ընկերներ, պարոն Փաշինյան, կընդունեք ինձ՝ կընդունեք: Պարոն Սարգսյան, ֆիզիկոս մարդ եք, այսօր փաթեթով դիմումս բերելու եմ: Ոչ ձեզանով սկսել է Հայաստանը, ոչ էլ ձեզանով վերջանալու է, որովհետեւ դուք տեղյակ չեք, թե ներքեւներում ինչ է կատարվում: Անբանիմաց մարդիկ նստած են, բերանը բացած:
Զրուցեց Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆԸ
«Առավոտ» օրաթերթ,
18.01.2019