Այս օրերին հանրային քննարկման է ներկայացված Հակակոռուպցիոն ռազմավարության եւ դրա իրականացման 2019-2022 թվականների միջոցառումների ծրագրի նախագիծը: Ոլորտի մասնագետները համարում են, որ պետք է պայքարել ոչ միայն կոռուպցիայի հետեւանքների դեմ, այլեւ պարզել, թե որոնք են քաղաքական եւ վարչական կոռուպցիան ծնող պատճառները, ու կանխարգելել դրանք: Թե որքանով է նոր ռազմավարության փաստաթուղթը, որը, որպես այդպիսին, թվով 4-րդն է լինելու, կանխարգելման մեխանիզմներ սահմանում, «Առավոտը» զրուցել է Իրավաբանների հայկական ասոցիացիայի խորհրդի անդամ եւ հակակոռուպցիոն հարցերով փորձագետ Մարատ Ատովմյանի հետ:
– Դեռեւս նախորդ վարչապետների կառավարությունից սկսած կոռուպցիայի դեմ պայքարի խորհուրդներ ենք ձեւավորել, սակայն այդ տարիներին եւ մինչեւ վերջերս էլ ստվերը տնտեսությունում, պաշտոնական տվյալներով, անգամ 30-40 տոկոս էր գնահատվում: Մասնագետները պնդում էին, որ այդ խորհուրդների արդյունավետությունը ցածր է եղել: «ՀՀ հակակոռուպցիոն ռազմավարության եւ դրա իրականացման 2019-2022 թվականների միջոցառումների ծրագիրը», որը դեռեւս նախագծի տարբերակով է, ինչո՞վ է տարբերվելու նախորդներից:
– Այս ռազմավարությունը երբ որ ընդունվի, թվով 4-րդն է լինելու: Խնդիրն այն է, որ մենք նաեւ լուրջ գնահատական տալու կարիք ունենք, թե նախորդ երեք ռազմավարությունները որքանով են արդյունավետ եղել, որքանով են իրականում փոփոխությունների հանգեցրել: Եվ եթե մենք գանք այն կարծիքի, որ, ըստ էության, այդ ռազմավարությունների իրականացումն առանձնապես չի նպաստել կոռուպցիայի դեմ պայքարին մեր երկրում, ապա մենք ինքներս մեզ հարց պետք է տանք եւ գտնենք դրա պատասխանը` ո՞րն է խնդիրը: Այսինքն` որքանով ենք մենք այդ ռազմավարություններն իրականացրել, կամ առհասարակ, որքանով այդ ռազմավարությունները կարող էին նպաստել կոռուպցիայի դեմ պայքարի արդյունավետությանը մեզանում:
Օրինակ` 2015-2018 թթ. ռազմավարությունը 4 թիրախ ոլորտներ էր ընտրել` առողջապահություն, կրթություն, պետական եկամուտների հավաքագրում եւ ոստիկանության գործունեություն՝ քաղաքացիներին ծառայությունների մատուցման մասով:
Երկարուձիգ աշխատանքների արդյունքում այս ոլորտներին վերաբերող ռազմավարական, գործողությունների ծրագրեր մշակվեցին: Ըստ իս՝ այդ ծրագրերը լիարժեք չեն էլ իրականացվել կամ հիմնականում չեն իրականացվել: Այսինքն` մենք պետք է գնահատենք այդ 4 ռազմավարական ծրագրերը, այդ 4 ոլորտների հետ կապված՝ որքանով են իրականացվել: Եթե չեն իրականացվել, ապա՝ ինչու: Ցանկությո՞ւն չի եղել, կամ ռեսուրսնե՞րը չեն բավարարել, կամ իրատեսական չե՞ն եղել այդ ծրագրերը:
Այդ ծրագրերից մեկն էլ կրթության ոլորտում հակակոռուպցիոն ծրագիրն է, որը 28 միջոցառումներից էր բաղկացած, որտեղ կային նաեւ կետեր հակակոռուպցիոն կրթության վերաբերյալ: Ռազմավարության այս նոր նախագծում նույնպես կա բաժին` հանրային իրազեկմանը եւ նաեւ հակակոռուպցիոն կրթությանը վերաբերող բաժին: Հիմա հարց է ծագում՝ եթե 2015-2018 թթ. ծրագրով հակակոռուպցիոն կրթությանը վերաբերող դրույթները չեն իրականացվել, արդյոք դրանք պետք չէ՞ ներառել նոր ծրագրում: Իմ համոզմամբ` պետք է: Որովհետեւ եթե մենք դա չենք ներառում, ստացվում է, որ ուղղակի դա մնում է օդի մեջ:
– Փաշինյանի գլխավորած կառավարությունը մի քանի անգամ հայտարարել է, որ կոռուպցիայի դեմ պայքարելու համար կա քաղաքական կամք, ի՞նչն է պակասում ռազմավարության փաստաթղթում, որպեսզի այն ծառայի իր նպատակին:
– Կան մի քանի հարցեր, որոնք պահանջում են հստակ պարզաբանում: Օրինակ` նոր ռազմավարության նախագծում հիշատակվում է վարչապետի գլխավորած Կոռուպցիայի դեմ պայքարի խորհուրդը, բայց հարց է` արդյոք այդ խորհուրդը մնալո՞ւ է, թե՞ ոչ, որովհետեւ անցած 7-8 ամիսների ընթացքում այդ խորհրդի որեւէ նիստ չի գումարվել: Այսինքն՝ ենթադրում եմ, որ վարչապետը չի կարեւորում այդ խորհուրդը, եթե 7-8 ամիսների ընթացքում նիստ չի գումարվել, բայց ռազմավարության նախագծում որոշակի դերակատարում է վերապահվում այդ խորհրդին: Հարց է ծագում՝ այդ խորհրդի ճակատագիրն ի՞նչ է լինելու:
Եթե այն լուծարում ենք, նախագծում ի՞նչ ենք նախատեսում: Եթե այդ խորհուրդը կարեւորվում է, մնալու է, ինչո՞ւ այդ ամիսների ընթացքում որեւէ նիստ չի գումարվել` այն էլ այն պարագայում, երբ թեժ պայքար է մղվում կոռուպցիայի դեմ:
Կամ ասվում է, որ պետք է ստեղծվի կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողով, որն արդեն իսկ պետք է անցյալ տարվա ապրիլի դրությամբ ձեւավորված լիներ, բայց հեղափոխության արդյունքում հետաձգվեց այդ գործընթացը, եւ հիմա հարց է առաջանում՝ եթե վերջիվերջո, ստեղծում ենք այդ հանձնաժողովը, այս պարագայում կոռուպցիայի դեմ պայքարի խորհուրդն առհասարակ պե՞տք է, թե՞ չէ: Այդ հարցերի պատասխանները պետք է լինեն, որ մենք հստակ կարողանանք կողմնորոշվել՝ նոր կառավարության տեսլականն ինչպիսին է հակակոռուպցիոն ինստիտուցիոնալ համակարգի վերաբերյալ:
Բացի այդ, վարչապետը մի քանի անգամ հայտարարել է, որ պետք է ունենանք ունիվերսալ հակակոռուպցիոն մարմին, որը հակակոռուպցիոն կրթության, կոռուպցիայի կանխարգելման եւ կոռուպցիոն հանցագործությունների պատժով կզբաղվի, բայց ռազմավարության նախագծում ունիվերսալ մարմնի մասին խոսք չկա, այլ նշվում է, որ պետք է լինի կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողով, եւ լինի իրավապահ մարմին, որը կզբաղվի կոռուպցիոն հանցագործությունների քննությամբ: Այսինքն` կառավարության նոր ծրագրում, որը շուտով մենք կունենանք, եթե նշվի, որ ունիվերսալ մարմին է ձեւավորվելու, ապա, ենթադրում եմ, ռազմավարության նախագիծը պետք է համապատասխանեցվի կառավարության ծրագրին:
– Ի՞նչ ասել է ունիվերսալ հակակոռուպցիոն մարմին:
– Տարիներ ի վեր մենք առաջարկել ենք ձեւավորել ունիվերսալ հակակոռուպցիոն մարմին, որը կզբաղվի ե՛ւ կոռուպցիայի կանխարգելման հարցերով, ե՛ւ հակակոռուպցիոն կրթության հարցերով, ե՛ւ նաեւ կոռուպցիոն պատիժներով, այսինքն` կոռուպցիոն հանցագործությունների քննությամբ` այդ թվում նաեւ օպերատիվ հետախուզության գործունեությամբ եւ այլն:
Եթե մենք ունենանք նման մարմին, բնականաբար, այն կարող է իրականացնել ե՛ւ հակակոռուպցիոն ռազմավարությունների մշակում, ե՛ւ կարող է ամբողջ դաշտը ծածկել` ե՛ւ միջազգային համագործակցության առումով, ե՛ւ ներպետական իրավական համակարգի ձեւավորման առումով, այսինքն` իրավական ակտերի նախագծերի կազմում` ելնելով այն ամփոփումներից, որ ինքը կանի իր աշխատանքի ընթացքում՝ ե՛ւ կոռուպցիոն սխեմաների բացահայտում, ե՛ւ հակակոռուպցիոն կրթական մեխանիզմների մշակում ու ներդրում, հանրային իրազեկում եւ այլն: Այս առումով ամբողջությամբ կփոխվեն պատկերը եւ մոտեցումները հակակոռուպցիոն օրակարգը ձեւավորելու առումով:
– Հակակոռուպցիոն մարմինն անկախ է լինելու, բայց, այնուամենայնիվ, կա՞ վերահսկող, թե՞ միայն հանրային սեկտորն է:
– Հանրային սեկտորը միանշանակ պետք է այդ մարմինը վերահսկի: Տարբեր երկրների օրինակով մոտեցում կա, որ հակակոռուպցիոն մարմնին առընթեր հասարակական խորհուրդ է ձեւավորվում, որտեղ քաղհասարակության ներկայացուցիչներն են ներգրավված, եւ նրանք վերահսկում են այդ մարմնի գործունեությունը: Բացի այդ, միանշանակ կարող է վերահսկել նաեւ խորհրդարանը, եւ այդ մարմինը պարտավոր կլինի հաշվետու լինել խորհրդարանին` իր գործունեության, արդյունքների համար: Այս մեխանիզմի դրական կողմն այն է, որ հստակ պարզ կլինի պատասխանատուն երկրում հակակոռուպցիոն պայքարի համար: Հիմա մեր երկրում, ըստ էության, պատասխանատու չկա, որովհետեւ ամեն մեկն ինչ-որ մի սեգմենտ է կատարում, դա ըստ էության չի համակարգվում, չի վերլուծվում` ումից պահանջես, որ եթե կոռուպցիայի դեմ պայքարի առումով արդյունքն այդքան մեծ չէ: Իսկ եթե լինի մարմին, որն օրենքով նախատեսված գործառույթներ կունենա, որը հանրության առջեւ պետք է հաշվետու լինի, հետեւաբար կարելի է նաեւ նրանից պահանջել` որքանով է իրականացրել այդ գործառույթները, որքանով է պայքարը եղել արդյունավետ: Կոռուպցիան համակարգային երեւույթ է եւ պահանջում է համակարգային պայքար:
– Հանրային սեկտորի մասնագետները մտահոգություն են հայտնում, որ ռազմավարության մեջ հստակ ընդգծված չէ կարեւորագույն մի բան՝ պատժի անխուսափելիությունը, որին սպասում է հասարակությունը:
– Առհասարակ, պատժի անխուսափելիության սկզբունքը եւ օրենքի, դատարանի առջեւ բոլորի դատավարության սկզբունքը հանրաճանաչ իրավական սկզբունքներ են եւ իրավական պետությանը բնորոշ ատրիբուտներ են: Այդ պատճառով, անկախ այն բանից, թե այն ամրագրել ենք ռազմավարության մեջ, թե չէ, պետք է անպայման միջոցներ ձեռնարկվեն այն կյանքի կոչելու համար: Ես չէի ուզենա, որ մենք ռազմավարության առկայության կամ նրա որակի հետ պայմանավորենք հակակոռուպցիոն պայքարը մեզանում, եւ առհասարակ մենք պետք է ավելի գլոբալ նայենք, միայն չկենտրոնանանք հակակոռուպցիոն պայքարի վրա: Ավելի շատ լավ կառավարման, բարեխղճության շրջանակներում դիտարկենք: Կոռուպցիան ինքը հետեւանքային երեւույթ է: Եթե մենք ձեւավորենք արդյունավետ կառավարման համակարգ, եթե ստեղծենք թափանցիկության, հաշվետվողականության պատշաճ մեխանիզմներ, բարձրացնենք բարեկեցությունը, որպեսզի սոցիալական պայմաններից ելնելով պաշտոնյաները ստիպված չլինեն զբաղվել կոռուպցիայով, որ ուսուցիչը, ցածր աշխատավարձի պատճառով, ստիպված չլինի աշակերտին ցածր նշանակել, որպեսզի կրկնուսուցմամբ նրա հետ զբաղվի եւ այլն, այդ դեպքում մենք կունենանք դրական փոփոխություններ: Զարգացած հանրային կառավարման համակարգ ունեցող բազմաթիվ երկրներ, ըստ էության, չունեն հակակոռուպցիոն ինստիտուցիոնալ մարմիններ, հանձնաժողովներ եւ այլն: Ո՞րն է նրանց հաջողության բանաձեւը: Նրանք ձեւավորել են հանրային կառավարման այնպիսի համակարգ, որ պաշտոնյային տնտեսապես ավելի ձեռնտու է օրենքով աշխատել, օրինական վարձատրությամբ ապրել, քան զբաղվել կոռուպցիայով: Որովհետեւ ինքը ոչ միայն բարձր աշխատավարձ է ստանում, այլեւ, իր կարգավիճակից ելնելով, մի շարք արտոնություններից է օգտվում:
– Նախագծով գողացված ակտիվների վերականգնման գործընթաց նախատեսվո՞ւմ է, երաշխավորվո՞ւմ է ակտիվների վերադարձը Հայաստան:
– Գողացված ակտիվների վերադարձի հարցը շատ լուրջ եւ մասնագիտական խնդիր է եւ չպետք է դրա վերաբերյալ մակերեսորեն անդրադարձ լինի, այլ, երբ որ ստեղծվի մեզանում համաինստիտուցիոնալ համակարգ` հակակոռուպցիոն մարմինը լինի, հենց այդ մարմինը պետք է կոչված լինի պրոֆեսիոնալ եղանակով զբաղվելու այդ գողացված ակտիվների վերադարձի հարցերով: Դա հեշտ գործ չէ:
Բարեփոխումները պետք է լինեն ամբողջապես, պետք է ընթանան զուգահեռաբար եւ համակարգային, համալիր ձեւով: Պետք չէ անօրինական միջոցներով փորձել հասնել օրինականության եւ փորձել պայքարել կոռուպցիայի դեմ:
Այն հանգամանքն է դրական, որ գոնե այս ռազմավարությունը, ի տարբերություն նախորդների, հանրային լուրջ քննարկման առարկա է դարձել: Հուսով ենք, որ այս քննարկումների արդյունքում փաստաթուղթը կունենա շատ ավելի մշակված, ավելի մտածված, չափած-ձեւած ձեւաչափ եւ իրականանալի եւ արդյունավետ կլինի մեզ համար:
ԼՈԻՍԻՆԵ ԲՈՒԴԱՂՅԱՆ
«Առավոտ» օրաթերթ,
18.01.2019