1-4 «գոլդեն» համարների տակ, որպես կանոն, գրանցվում են բանկային տիտանների պահանջները, այլ ոչ թե շարքային քաղաքացիներինը
Կարեն Սարգսյանի գործը միակը չէ: Հարյուրավոր աշխատակիցներ «հարկադիր» կախման մեջ են հայտնվում այն պահից, երբ դատարանները գործատուների նկատմամբ վճիռներ են արձակում, կատարողական վարույթ հարուցում, թերթիկ տալիս: Դատարանի հարյուրավոր վճիռներ անգործության փոշու տակ են մնում, չեն կատարվում: Ու մինչեւ վճիռը չկատարող մարմնին դատի են տալիս, հսկայական գումարներ են մսխվում՝ խծբ-ներով սնանկության գործեր բացելու, ընկերությունները սնանկ ճանաչելու համար:
Մենք ամեն օր լսում ենք, թե ինչպես են սնանկության կառավարիչներին շահագրգռելու միջոցով գործը դատարաններում «սառեցնում», ինչպես են մի օրում «աղքատ» դառնում երբեմնի հզոր ընկերությունները: Իսկ կեղծ սնանկ դարձածներն ավելի ու ավելի են ծաղկում:
Կարեն Սարգսյանի ներկայացուցիչը 2016 թվականին հայցադիմում էր ներկայացրել դատարան ՀՀ արդարադատության եւ ՀՀ ֆինանսների նախարարությունների՝ Ծառայության անգործությունը՝ Երեւան քաղաքի Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի կողմից 2014 թվականի ապրիլին տրված կատարողական թերթի պահանջը չկատարելու կապակցությամբ, ոչ իրավաչափ ճանաչելու եւ Հայաստանի Հանրապետությունից Կարեն Սարգսյանի օգտին 15.632.856 ՀՀ դրամ գումար՝ որպես ոչ իրավաչափ անգործության հետեւանքով պատճառված գույքային վնասի հատուցում, բռնագանձելու պահանջների մասին:
Դատարանի որոշմամբ Կարեն Սարգսյանի հայցադիմումի ընդունումը` Հայաստանի Հանրապետությունից նրա օգտին 15.632.856 ՀՀ դրամ գումար՝ որպես ոչ իրավաչափ անգործության հետեւանքով պատճառված գույքային վնասի հատուցում, բռնագանձելու պահանջի մասով մերժվել էր, իսկ նախարարությունների դեմ՝ Ծառայության անգործությունը՝ դատարանի կողմից 2014 թվականին տրված կատարողական թերթի պահանջը չկատարելու կապակցությամբ, ոչ իրավաչափ ճանաչելու պահանջի մասով ընդունվել էր վարույթ:
Հայցվորի ներկայացուցիչն է եղել Մուշեղ Շուշանյանը եւ Ծառայության նեկայացուցիչ Դավիթ Հոբոսյանը, ապա՝ Արսենյանը:
Հայցվորը տեղեկացրել էր, որ 2014 թվականին Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի կողմից արձակվել է վճարման կարգադրություն, որով «Արմավիա» ՍՊ ավիաընկերությանն առաջարկվել է վճարման կարգադրությունը ստանալուց հետո երկու շաբաթվա ընթացքում կատարել 15.632.856 ՀՀ դրամ վճարելու դիմող, իր աշխատակից Կարեն Սարգսյանի պահանջը:
Դատարանի կողմից տրված կատարողական թերթի համաձայն էլ` «Արմավիա» ընկերությունից հօգուտ հայցվոր Սարգսյանի ենթակա էր բռնագանձման 15.632.856 ՀՀ դրամ գումարը, որը 2014 թվականի ապրիլի 25-ին ներկայացվել է Ծառայություն: Մեկ օր անց Ծառայության Երեւան քաղաքի պետական եկամուտների կոմիտեի հայցերով բռնագանձումների բաժնի ավագ հարկադիր կատարող Տ. Մաճկալյանի որոշմամբ հարուցվել է թիվ 01/11-1570/14 կատարողական վարույթը, որը հետագայում փոխանցվել է Ծառայության Երեւան քաղաքի Կենտրոն եւ Նորք-Մարաշ բաժին եւ 2014 թվականի հունիսի 26-ի որոշմամբ վարույթ է ընդունվել նույն բաժնի պետի տեղակալի ժ/պ Ա. Մեժլումյանի կողմից:
Սակայն աշխատավարձ-գումարը հայցվորը չի ստանում: Այդ պատճառով վարույթը հարուցելուց չորս ամիս հետո հայցվորի ներկայացուցիչը փոստով դիմել է Ծառայության Երեւան քաղաքի Կենտրոն եւ Նորք-Մարաշ բաժնի պետի ժ/պ Ա.Մեժլումյանին, խնդրելով հայտնել, թե կատարողական վարույթը հարուցելու օրվանից սկսած կոնկրետ ի՞նչ գործողություններ են կատարվել կատարողական թերթի պահանջը կատարելու ուղղությամբ: Այդ դիմումի պատասխանը հայցվորը եւ նրա ներկայացուցիչը չեն ստացել: 2014 թվականի ապրիլին հարուցված կատարողական վարույթի հետ կապված հայցվորը փոստով ստացել է պետի տեղակալ Ա. Մեժլումյանի՝ «կատարողական վարույթը կարճելու մասին» 2014 թվականի հոկտեմբերի 14-ի որոշումը, հետեւյալ բովանդակությամբ. «նկատի ունենալով, որ պարտապան «Արմավիա» ավիաընկերություն ՍՊ ընկերությունը Երեւան քաղաքի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանի 2014 թվականի թիվ ԵՄԴ0079/04/14 վճռով ճանաչվել է սնանկ, որոշվել է Գ. Սարգսյանի կատարողական վարույթը կարճել»:
Բնականաբար, նախկին աշխատակիցը դիմում է դատարան՝ ընդդեմ Ծառայության, պահանջելով վերացնել կատարողական վարույթը կարճելու մասին պետի տեղակալ Ա. Մեժլումյանի հիշյալ որոշումը: Հայցը մերժվում է դատական երկու ատյաններում, վճռաբեկ բողոքն ընդհանրապես վարույթ չի ընդունվում: Ուշադրություն դարձնենք, որ միայն այս գործընթացի համար պահանջվում է տարիկուկես ժամանակ:
Սնանկության գործով հաստատվում է «Արմավիա» ավիաընկերություն ՍՊ ընկերության սնանկության գործով պահանջների վերջնական ցուցակը, որի 92 եւ 152 հերթական համարների տակ գրանցված են հայցվորի 12.433.165 ՀՀ դրամի չափով եւ 3.199.691 ՀՀ դրամի չափով պահանջները: Իսկ նույն ցուցակի 1-4 «գոլդեն» համարների տակ գրանցված են բանկային տիտանների պահանջները:
Նշենք, որ կատարողական գործողությունների իրականացման համար սահմանվել էր երկամսյա ժամկետ:
2014 թվականի ապրիլի 26-ից «Արմավիայի» աշխատակիցը աշխատավարձ չի ստացել, կատարողական վարույթը հարուցելուց հետո հայցվորի օգտին աշխատավարձի գումարի բռնագանձման վերաբերյալ կատարողական թերթի պահանջը կատարելու ուղղությամբ Ծառայության կողմից որեւէ գործնական միջոց չի ձեռնարկվել: Այդ դեպքում ինչի համար էր սահմանվել, որ այն պետք է կատարվի 2 ամսվա ընթացքում: Ծառայությունը, ըստ դիմումատուի ներկայացուցչի, դրսեւորել է անգործություն, որով հայցվորին հասցվել է վնաս՝ հայցվորի օգտին չի բռնագանձվել կատարողական թերթով սահմանված 15.632.856 ՀՀ դրամ գումարը:
Այդ ձգձգումը հանգեցրել էր նրան, որ կատարողական թերթի պահանջի կատարումը հետագայում դարձել է անհնար, քանի որ ավիաընկերության նկատմամբ սկսվել էր սնանկության վարույթ, ընկերությունը դատարանի վճռով ճանաչվել էր սնանկ: Ստացվել էր նաեւ մի վիճակ, որ դատարանի վճիռը հօգուտ քաղաքացու չի կատարվել:
«Սնանկության վարույթի շրջանակում հայցվորի պահանջի բավարարումն անիրական է, քանի որ միայն ապահովված պահանջների չափը կազմում է շուրջ քսան միլիոն ԱՄՆ դոլարին համարժեք ՀՀ դրամ, ինչից հետեւում է, որ նախ պետք է լրիվ բավարարվեն ապահովված պահանջները, որից հետո, եթե առկա լինեն պարտապանի դրամական միջոցներ, պետք է բավարարվեն սնանկության կառավարչի վարձատրությունը եւ վարչական ծախսերը, նոր միայն հայցվորի եւ 100-ից ավելի այլ պարտատերերի պահանջները»,- վարչական դատարանում հայտնել էր հայցվորի ներկայացուցիչ Մ. Շուշանյանը:
Արդարադատության նախարարությունը ոչ միայն հարկ չէր համարել ներկայանալ դատարան, այլ պատասխան էլ չի ուղարկել: Հետեւաբար, երկրորդ կողմի դիրքորոշումը ըստ էության չի լսվել:
Կարեն Սարգսյանի հայցը դատարանը բավարարել էր, ոչ իրավաչափ էր ճանաչվել ՀՀ արդարադատության նախարարության ԴԱՀԿ ապահովող ծառայության անգործությունը՝ Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի կողմից 2014 թվականին տրված կատարողական թերթի պահանջը չկատարելու կապակցությամբ:
Օրեր առաջ՝ հունվարի 16-ին, երբ վերաքննիչ վարչական դատարանը դռնբաց դատական նիստում քննելով Կարեն Սարգսյանի հայցն ընդդեմ ՀՀ արդարադատության նախարարության (երրորդ անձ` Հարկադիր կատարումն ապահովող ծառայություն)` Հարկադիր կատարումն ապահովող ծառայության անգործությունը` Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի կողմից 2014թ.-ին տրված կատարողական թերթի պահանջը չկատարելու կապակցությամբ, ոչ իրավաչափ ճանաչելու պահանջի մասին, վարչական գործով ՀՀ վարչական դատարանի վճռի դեմ Հարկադիր կատարումն ապահովող ծառայության կողմից բերված վերաքննիչ բողոքը որոշեց մերժել:
ՌՈՒԶԱՆ ՄԻՆԱՍՅԱՆ
«Առավոտ» օրաթերթ,
18.01.2019