Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Պարսկուհին եզդիների՝ Եհովայի վկա դառնալու եւ ՀՀ քաղաքացիության մասին

Հունվար 19,2019 12:00

Ամանորի նախաշեմին Կեմերովոյում անցկացված «Синергия науки и творчества» միջազգային մրցույթում Հայաստանը ներկայացրել է պարսկուհի Սեյեդեհնասիմ Ֆաթեմին: «Եհովայի վկաներ կրոնական կազմակերպության մեջ եզդիների մտնելու հիմնական մոտիվների եւ պատճառների հարցերի մասին» նրա աշխատանքն արժանացել է 2-րդ կարգի մրցանակի:

«Առավոտի» հետ հանդիպման ժամանակ Սեյեդեհնասիմը տեղեկացրեց, որ Հայաստանում է 2010 թվականից, որպես ջութակահար ուսանել է Երեւանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայում, ապա սովորել Խաչատուր Աբովյանի անվան մանկավարժական համալսարանում՝ ստանալով անգլերեն լեզվի եւ գրականության մասնագետի որակավորում, հիմա էլ Ռուս-հայկական (Սլավոնական) համալսարանի արեւելագիտության ֆակուլտետի ասպիրանտ է, գիտական թեզը ազգագրագիտության ոլորտում պատրաստում է Վիկտորյա Առաքելովայի ղեկավարությամբ:

Հարցին, թե ինչո՞ւ կայացած մրցույթին ներկայացրեց հենց վերը նշյալ թեմայով աշխատանքը, մեր զրուցակիցը պատասխանեց. «Անշուշտ, կան բազմաթիվ աշխատություններ եզդիների կրոնի, մշակույթի, ապրելակերպի եւ այլնի մասին, սակայն Հայաստանում այս թեմային դեռ ոչ մեկը չէր անդրադարձել: Ուսումնասիրել եմ բազմաթիվ հոդվածներ, բայց այդ աշխատանքը գրելու շարժառիթ հանդիսացավ Վիկտորյա Առաքելովայի «Եզդիներն ու իրենց կրոնը» գիրքը»:

Սեյեդեհնասիմ Ֆաթեմին՝ տրիոյի կազմում, Արամ Խաչատրյանի տուն-թանգարանում:

Աշխարհին հայտնի են կրոնափոխության բազմաթիվ դեպքեր, մեծ մասամբ՝ բռնի, ավելի հազվադեպ՝ կամավոր, օրինակ՝ Թուրքիայում ապրում են մահմեդականացված կրոնափոխ հայեր, չճշտված տվյալներով խոսքը 3-10 մլն մարդու մասին է: Հետաքրքրությանը՝ հնարավո՞ր է՝ ապրելով քրիստոնյաների մեջ, դուք հակառակն անեք, մանավանդ որ՝ ըստ մեր տեղեկությունների՝ որոշում եք կայացրել ապրել եւ ստեղծագործել Հայաստանում եւ հիանալի եք տիրապետում հայերենին՝ գրավոր եւ բանավոր, Սեյեդեհնասիմը նախ նշեց, որ ինքը նույն հաջողությամբ տիրապետում է անգլերեն, ֆրանսերեն, ռուսերեն, արաբերեն լեզուներին, հետո էլ ասաց. «Իմ ընտանիքում կրոնական դաստիարակությունս գալիս է Աբրահամից, Մովսեսից, Քրիստոսից եւ Մուհամադից: Իսկ իսլամը չի բացառում նշված մարգարեներից եւ ոչ մեկին… Ապագաս, այո, տեսնում եմ Հայաստանում: Դա գալիս է նախ ժողովրդից, իսկ ամենաառաջինը՝ կոնսերվատորիայում իմ պրոֆեսոր Արտաշես Մկրտչյանից, որն ինձ զինեց ոչ միայն մասնագիտական բարձր գիտելիքներով, այլեւ մարդկային վեհ, ավելին՝ աստվածային գաղափարներով»: Ռեպլիկին՝ այդուհանդերձ, ջութակը «դրել եք մի կողմ», արվեստագետը հակադարձեց. «Բնավ ոչ: Ջութակը ինձ բերեց Հայաստան (Իրանում ջութակ ուսանել է Վահե Փարսադանյանի դասարանում): Ցանկությունս է խորանալ ազգագրության ոլորտում: Աշխատանքներովս կուզեի ծառայություն մատուցել հայ ժողովրդին, Հայաստանը՝ որպես պարսկուհի ներկայացնելով աշխարհին»:

Զրույցի ընթացքում երբ շոշափվեց երկքաղաքացիության հարցը, Սեյեդեհնասիմը հայտնեց, որ նախկին իշխանության օրոք երեք անգամ դիմել է ՀՀ քաղաքացիություն ստանալու խնդրանքով եւ մերժվել է, ըստ նրա՝ «անհիմն, քանի որ օրենքը պարզ ասում է, որ եթե 5 տարի ապրում ես ու փայլուն տիրապետում լեզվին, կարող ես դառնալ ՀՀ քաղաքացի: Մերժման առիթով ինձ բացատրություններ չտվեցին, բայց փորփրելով հասկացա, որ պատճառը մեկն է՝ նախկին իշխանությունները չէին ուզում Հայաստանը լցնել օտարազգիներով»: Հավելեց նաեւ, որ նոր իշխանություններին դեռեւս նման խնդրանքով չի դիմել:

ՍԱՄՎԵԼ ԴԱՆԻԵԼՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ, 

18.01.2019

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031