Լրահոս
Օրվա լրահոսը

ԶԵՆՔԸ՝ ՁԵՌՔԻՆ

Հունվար 18,2019 10:30

ԱՐՄԵՆ ՇԵԿՈՅԱՆ

ՀԱՅԿԱԿԱՆ ԺԱՄԱՆԱԿ

ԳԻՐՔ ՏԱՍՆԻՆՆԵՐՈՐԴ

Գլուխ հիսուներեքերորդ

ԶԵՆՔԸ՝ ՁԵՌՔԻՆ

Սառեցված դաշնակ Օհանյան Ավիկն ինչքան էլ տաքանա, Վարոյին էլ չի կարող գոռգոռալու ու ճվճվալու համար դիտողություն ու նկատողություն անել՝ էն պարզ պատճառով, որ Վարդազարյան Վարազդատը ոչ գոռգոռում է եւ ոչ էլ ճվճվում, մինչդեռ ձեր խոնարհ ծառան երբեմն-երբեմն հունից դուրս է գալիս ու լավ էլ գոռգոռում ու ճվճվում է, բայց սառեցված դաշնակ Օհանյան Ավիկն ինչքան էլ  տաքանա, ձեր խոնարհ ծառային էլ գոռգոռալու ու ճվճվալու համար նկատողություն ու դիտողություն չի անի, որովհետեւ ձեր խոնարհ ծառան օրթախականներից միակն է, ով ղարաբաղյան պատերազմի տարիներին Օհանյան Ավիկին անձամբ է տեսել՝ զենքը ձեռքին իր հայրենի Նոյեմբերյանի սահմանը պաշտպանելիս, եւ եթե էդ առումով կասկածող է գտնվում, ձեր խոնարհ ծառան իր աչքի տեսածը մի բան էլ ավելիով պատմում ու հաստատում է, եւ քանի որ պատմելիս ու հաստատելիս չեմ նշում ու չեմ շեշտում, որ երբեմնի դաշնակ Օհանյան Ավիկին Նոյեմբերյանի սահմանին եմ զենքը ձեռքին տեսել, այլ ընդամենը նշում եմ, որ պատերազմի տարիներին սառեցված դաշնակ Օհանյան Ավիկին զենքը ձեռքին կռվելիս տեսել եմ, լսողները բնականաբար ենթադրում են, որ երբեմնի դաշնակ Օհանյան Ավիկին պիտի որ Ղարաբաղի տարածքում զենքը ձեռքին կռվելիս տեսած լինեմ, եւ էս տարբերակը բնականաբար ձեռ է տալիս երբեմնի դաշնակ Օհանյան Ավիկին, եւ բնականաբար ինքն էլ չի ճշտում, որ իրեն զենքը ձեռքին իր հայրենի Նոյեմբերյանի սահմանին եմ տեսել, եւ ճշտելն իմաստ էլ չունի, որովհետեւ երբեմնի դաշնակ Օհանյան Ավիկի  համար Ղարաբաղն ու Նոյեմբերյանը հավասարապես հայրենիք են, եւ դրանից էլ բացի, ես ստույգ տեղյակ եմ, որ երբեմնի դաշնակ Օհանյան Ավիկը Ղարաբաղի տարածքում էլ է կռվել, եւ չնայած Ղարաբաղում իր կռվելն աչքովս չեմ տեսել, էդ մասին  ականատեսներից լիքը լսել եմ եւ, ի տարբերություն Սադոյան Արշակի եւ էլի որոշ կասկածողների, ես երբեւէ կասկածի տակ չեմ դրել երբեմնի դաշնակ Օհանյան Ավիկի՝ Ղարաբաղյան պատերազմին մասնակցելու հանգամանքը, եւ չնայած արծաթավաճառ արձակագիր Ջավախյան Լեւոնն էլ է կասկածողներից, սառեցված դաշնակ Օհանյան Ավիկն ինչքան էլ տաքանա, ղժղժալու ու գոռգոռալու համար Ջավախյանին էլ առանձնապես նկատողություն ու դիտողություն չի անում, որովհետեւ արծաթավաճառ արձակագիր Ջավախյանը շատերի ներկայությամբ հրապարակավ խոստացել է, որ եթե երբեւէ Նոբելյան մրցանակ ստանա, էդ մրցանակի գումարից մի որոշ մաս կտա սառեցված դաշնակ Ավիկին, որպեսզի վերջինս էդ գումարով առնվազն միսենյականոց բնակարան առնի եւ այլեւս վարձով չապրի, եւ սառեցված դաշնակ Օհանյան Ավիկը Ջավախյանին հավատում է, որովհետեւ այլ տարբերակ չունի, ընդ որում՝ ե՛ւ Ջավախյանի Նոբելյան ստանալուն է հավատում, ե՛ւ Ջավախյանի Նոբելյանի հետ ուղղակիորեն կապված էդ միսենյականոցի տեսլականին, որովհետեւ, փաստորեն, չհավատալու տարբերակ չունի, ընդ որում՝ երբեմնի դաշնակ Օհանյան Ավիկը Ջավախյանի Նոբելյանին ավելի է հավատում, քան՝ էդ միսենյականոցի տեսլականին, որովհետեւ նախկին ու մշտնջենական դաշնակ Օհանյան Ավիկը Ջավախյանի գրական շնորհքին ավելի է հավատում, քան՝ Ջավախյանի ազնվությանը:

 

Շարունակությունը՝ հաջորդ ուրբաթ:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031