Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր արձագանքել է գործարար Սամվել Մայրապետյանի գործով ՄԻԵԴ-ի՝ Հայաստանին տված ցուցումի շուրջ առաջացած աղմուկին:
«Մի քանի հրապարակումներ ընկան աչքովս, թե մարդու իրավունքների եվրոպական դատարանը որոշում է հրապարակել Սամվել Մայրապետյանի գործով, ես ուրախությամբ հետեւում եմ՝ ինչպես են դրանից իրադարձություն դարձնում՝ փորձելով գործող կառավարության անհաջողություն, սխալ եւ դարակազմիկ այլ գնահատական տալ դրան: Չեմ ուզում մեկնաբանություն անել, ընդամենը կներկայացնեմ վիճակագրություն: Ավստրիան իրավական կայացած պետություն է, բայց Ավստրիայի նկատմամբ 2016-ին ՄԻԵԴ-ը նման յոթ որոշում է կայացրել, 2017-ին՝ չորս որոշում: Շվեյցարիայում 2015-ին երեք այդպիսի որոշում է եղել, 2016-ին՝ վեց, 2017-ին՝ չորս:
Նիդերլանդների նկատմամբ 2015-ին այդպիսի երեք, 2016-ին չորս, 2017-ին երեք որոշում է եղել, Ֆրանսիայում 2015-ին 30, 2016-ին տասը, 2017-ին վեց որոշում այդպիսի որոշում: Դա սովորական դատական գործընթաց է, մեր կառավարությունը հստակ պայման է դրել դատարանների ու քննչական մարմինների առաջ, որ պետք է գործեն օրինական»:
Հիշեցնենք, որ ՄԻԵԴ-ը ցուցում է տվել Հայաստանի կառավարությանը շտապ կերպով ապահովել Սամվել Մայրապետյանի առողջական վիճակին համապատասխան բուժօգնություն՝ համաձայն բժիշկ մասնագետների ցուցումների՝ այդ թվում տրանսլյումինալ դրենավորման մեթոդի կիրառմամբ:
Հիշեցնենք նաեւ, որ Սամվել Մայրապետյանը մեղադրվում է կաշառքին օժանդակելու մեջ՝ Քրեական օրենսգրքի 38-311–րդ հոդվածի հատկանիշներով:
Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ