«Իրենց մերձավորների, կուսակիցների համար ավելորդ հանձնաժողովներ են ստեղծում, այս խորհրդարանը առանց ընդդիմության խորհրդարան է, եւ սա ոչ միայն ես եմ ասել, այլեւ բազմաթիվ ՀՀԿ-ին դեմ քաղաքական գործիչներ, ինչպես օրինակ, նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանը…Մարդիկ գտնում են, որ չկա իրական ընդդիմություն»,- լրագրողների հետ զրույցում ՀՀԿ ԳՄ նիստից հետո ասաց ՀՀԿ մամուլի խոսնակ Էդուարդ Շարմազանովը: Նա խայտառակություն որակեց, իր խոսքով բոլոր այն խոստումների դրժումը, որը տվել է իշխանությունը՝ վարչապետի գլխավորությամբ:
«Փաշինյանը տվել է թռիչքային զարգացման խոստում, թռիչքային զարգացում չկա, նա տվել է կախարդական փայտիկով խոստում, դա էլ չկա, հիմա էլ ասում են՝ հեղափոխություն էր, դրա համար զարգացում չկա: Ասեմ, որ Վրաստանում էլ է հեղափոխություն եղել, բայց տնտեսական աճ գրանցվեց, նույնն էլ Ուկրաինայում, մենք իրեն տվել ենք 9,7 տոկոսանոց տնտեսական աճով երկիր, այսօր Համաշխարհային բանկն արդեն 4,1 է տալիս, իսկ բյուջեում 4,9 է»,- ասաց ՀՀԿ մամուլի խոսնակը:
Աղմկոտ դատերին էլ անդրադարձ եղավ. «Սամվել Մայրապետյանի գործն ի սկզբանե ասել եմ, որ խայտառակություն է…Պարոն Մայրապետյանին առողջություն եմ մաղթում: Մարդու իրավունքը եւ առողջությունն առաջնային պետք է լինեն, ՄԻԵԴ-ի որոշումն էլ ապտակ էր Հայաստանի արդարադատությանը»:
Ինչպես է վերաբերվում է Հրանտ Մարգարյանի այն հայտարարությանը, որ հաջորդ ընտրությանը այս իշխանությանը տուն են ուղարկելու, այս հարցին ի պատասխան՝ ՀՀԿ-ական գործիչն ասաց. «Իսկ ե՞րբ են լինելու հաջորդ ընտրությունները, որոշե՞լ եք արդեն»:
Հարցին, օրինակ, եթե հինգ տարի հետո լինի, ՀՀԿ-ն որոշե՞լ է, թե ինչ է անելու, Շարմազանովը պատասխանեց, որ եթե-ներով չեն շարժվում, այլ կարեւորում են առաջնահերթությունները, որոնցից մեկն, օրինակ, Արցախյան հիմնախնդրի լուծումն է հայանպաստության տեսանկյունից:
Նա անդրադարձավ Հայաստանի՝ ՌԴ-ի հետ հարաբերությունների զարգացմանը. «Մենք տեսնում ենք, որ ՀԱՊԿ-ում Հայաստանը Փաշինյանի ապաշնորհ քաղաքականության արդյունքում դարձել է իզգոյ»: Ասաց, որ պետք է հասնել նաեւ Հայաստան-ԵՄ համաձայնագրի վերջնական վավերացմանը. «Այնինչ տեսնում ենք, որ ոչ միայն չի վավերացվում, այլեւ ԱԺ նախագահի շուրթերով տեղեկանում ենք, որ հույսեր չկապեք, իսկ մյուս առաջնահերթություններն են բանակաշինությունն ու անվտանգությունը»:
Շարմազանովը հատուկ շեշտեց. «Այս իշխանությունը չի սպասարկում ՀՀ շահը, ես չեմ ասում, որ իրենք դավաճան են, բայց իրենց իրականացրած քաղաքականության արդյունքում մենք տեսնում ենք, որ եւ կառավարությունում եւ խորհրդարանում ունենք լուրջ խնդիրներ, գրեթե բոլոր ոլորտներում Փաշինյանի կառավարությունը արձանագրել է ձախողում, վայրէջք »: Նա ասաց, որ ՀՀԿ-ն լքողներին հաջողություն է մաղթում, մնացողներին՝ առավել եւս:
Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ