Լրահոս
Օրվա լրահոսը

Պետական համակարգի օպտիմալացումը նաև պատշաճ աշխատավարձերի ապահովումն է. Նիկոլ Փաշինյան

Հունվար 18,2019 21:55

«Իմ համոզմամբ ինչքան շատ նախարարություն կա երկրում, նշանակում է՝ կառավարությունն այնքան շատ բան է ուզում վերահսկել, իսկ կառավարությունն ինչքան շատ բան է ուզում վերահսկել, այնքան շատ մեծանում են կոռուպցիոն ռիսկերը: «Իմ քայլը» դաշինքի նախընտրական ծրագրի տնտեսական բլոգի առանձնահատկությունն այն է, որ խոստացել են պարզեցնել ընթացակարգերը: Եթե ունենք բազմաթիվ նախարարություններ,որտեղ կան բազմաթիվ մարդիկ, այդ մարդիկ ինչ-որ բան պետք է կարգավորեն:

Հնարավոր չէ նախարարություններ պահել, առանց դրանց կոնկրետ լիազորություններ տալու: Հակառակ դեպքում դրանց գոյությունը որեւէ իմաստ չունի»,- այսօր ուղիղ եթերով անդրադառնալով կառավարության կառուցվածքային փոփոխություններին՝ ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

Ըստ նրա՝ ընդունված է, որ կառավարման համակարգում լինի 9-11 աշխատողին 1 ղեկավար, իսկ մեր դեպքում 3-5 աշխատողին 1 ղեկավար է բաժին ընկնում. «Ունենք իրավիճակներ, երբ կան օղակներ, բաժիններ, որ ունեն ղեկավարներ, բայց չկան ենթականեր, օրինակ՝ նախարարություններում կան բաժիններ, բաժնի պետեր, որոնք չունեն աշխատակիցներ, քանի որ բաժնի պետի, տեղակալի աշխատավարձերն ավելի բարձր են, քան աշխատողներինը: Սրա արդյունքում հանդիպում ենք այլ խնդրի: Երբ շատ են աշխատողները, աշխատավարձերն էլ են ցածր լինում: Պետական համակարգի օպտիմալացումը նաև պատշաճ աշխատավարձերի ապահովումն է: Բայց ասել, որ օպտիմալացումը փող խնայելն է, սխալ է»,-նշեց նա:

Նիկոլ Փաշինյանի խոսքով, այնպես պետք է անել, որ 2 գերատեսչություն նույն հարցով չզբաղվի՝ օրինակ բերելով Տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների ու Տարածքային կառավարման և զարգացման նախարարություններին, որոնք ըստ նրա՝ զբաղվում են ճանապարհների հարցով:

Անդրադառնալով Կրթության գիտության և Մշակույթի նախարարությունների միավորմանը, Նիկոլ Փաշինյանը հիշատակեց միջազգային փորձը. «Ես համարում եմ, որ մշակույթն ունի գործնական նշանակություն՝ մարդկանց, քաղաքացիների կրթական ցենզը բարձրացնելու, այսինքն՝ մշակույթն առաջին հերթին կրթական նշանակություն ունի»:

Նա հավելեց, որ միավորման արդյունքում կլինեն ավելի քիչ փոխնախարարներ, ավելի քիչ ծառայողական ավտոմեքենաներ, եւ խնայված միջոցները կտրվեն արվեստի զարգացմանը:

Ինչ վերաբերում է Սփյուռքի նախարարության ճակատագրին, Նիկոլ Փաշինյանն ասաց, որ նախարարության փակվելու թեման քննարկվում է, քանի որ շատ կարևոր գործառույթներ կան, որ նախարարությունն իրականացնում է սփյուռքում: Նախատեսում են՝ սփյուռքի հետ հարաբերությունները համակարգել վարչապետի աշխատակազմի կողմից. «Սա ենթադրում է, որ Սփյուռքի նախարարության կորիզը կտեղավորվի վարչապետի աշխատակազմում՝ որպես աշխատակազմի ստորաբաժանում: Այստեղ առաջանում է խնդիր՝ իսկ ո՞վ է համակարգելու այն, մենք ունենք մի քանի տարբերակ, որոնցից մեկն այն է, որ վարչապետի հատուկ հանձնարարություններով դեսպանը սփյուռքի հետ հարաբերությունների գծով կզբաղվի սփյուռքի հետ տարվող աշխատանքների համակարգմամբ, որը վարչապետի անունից լիազորված կլինի ինֆորմացիան կուտակել և վարչապետին օգնել այդ հարցերը լիարժեք համակարգել: Այսպես մենք կունենանք սփյուռքի հետ հարաբերությունների նոր մակարդակ»:

Վարչապետի խոսքով, քննարկել են նաև Գյուղատնտեսության և Տնտեսական զարգացման նախարարությունների միավորման հարցը:

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Artur Lazarian says:

    Ասում է. «Պրոֆեսիոնալ կադրերին փորձում ենք հրաւիրել կառավարութիւն, բայց ասում են գալու ենք 200.000-300.000 աշխատավարձ ստանանք, իսկ մասնաւորում շատ ենք ստանում: Ո՞վ կը համաձայնի, որ իր աշխատավարձը 5 անգամ պակաս լինի» (նայել -29,15 վայրկեանից):

    Ե՛Ս, ՊԱՐՈՆ ՓԱՇԻՆԵԱՆ: Ես պատրաստ եմ 5 անգամ քիչ վարձատրուել 🙂 🙂

    Անցած տարի [email protected] հասցէին «շարադրութիւն» էի գրել Ձեզ: Ես պատրաստ եմ թողնել իմ գերբարեկեցիկ կեանքը Գերմանիայում եւ Շւեյցարիայում եւ յանուն Հայաստանի նոյնիսկ շատ ցածր աշխատավարձով աշխատել: Իմ ներկայացրած ծրագրի համար 3 տարին լիովին բաւարար է 🙂

    Յ.Գ. Իրականում այդքան միամիտ չենք: Կեանքը ցոյց տուէց, որ Ձեր շրջապատում միայն քայլողներն են: Ոչինչ, որ նրանք ամէն Աստուծոյ օր զուարճացնում են մեզ եւ բաւարար գիտելիքներ չունեն երկիրը զարգացնելու համար: Լաւ եղէք 🙂

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031