Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Էդուարդ Շարմազանով. «Էդ Մնացականյանն ու Մամեդյարովը չորս ժամ եղանակի տեսությունի՞ց են խոսել»

Հունվար 18,2019 21:07

ՀՀԿ ԳՄ նիստի ավարտից հետո կուսակցության մամուլի խոսնակ Էդուարդ Շարմազանովը պատասխանեց լրագրողների հարցերին: «Էս առանց մեզ տխուր է հա՞ խորհրդարանում» ,-լրագրողներին տեսնելով ասաց Շարմազանովը, ապա նշեց, որ իրենց հերթական նիստն էր, որը վարում էր ՀՀԿ նախագահ Սերժ Սարգսյանը:

Ասաց նաեւ, որ ՀՀԿ-ն արդեն ընդդիմություն է, քննարկել են ներկուսակցական հարցեր, բայց անդրադարձել են նաեւ երկրի ներքաղաքական իրավիճակին եւ արտաքին քաղաքական խնդիրներին, Ղարաբաղյան հիմնահարցին:

«Մենք ունենք որոշակի մտահոգություններ, թե արտաքին քաղաքականության, թե Ղարաբաղյան հիմնահարցի հետ կապված, բայց սա չի նշանակում, որ ասում ենք, թե մեր նոր կառավարությունը վարչապետի գլխավորությամբ եկել է, որ Հայաստանը տանի ձախողումների: Բայց նաեւ չենք կարող չնշել այն ձախողումները, մտահոգությունները, որ կան, թեեւ կարծում ենք, որ ասողին պետք է լսող լինի»,- ասաց ՀՀԿ մամուլի խոսնակը:

«Արդեն որերորդ անգամ հանդիպում են Մամեդյարովը եւ Մնացականյանը, եւ տարածվող հաղորդագրությունը, հայտարարությունը բավարար չէ, այնտեղ ինքնորոշման իրավունքի վերաբերյալ խոսք չկա, ավելին, վարչապետ Փաշինյանն ասում է, որ բանակցային գործընթաց չկա, բայց չորս ժամ ի՞նչ են արել, էդ եղանակի տեսությունից ե՞ն խոսել: Սա մտահոգիչ է…

Երկրորդը, երբ ԱՄՆ, ինչպես Փաշինյանը կասեր՝ հեռացող դեսպանը գնահատականներ էր հնչեցնում՝ տարածքներ խաղաղության դիմաց կոնցեպտը փաթեթավորում եւ ներկայացնում էր նոր իշխանություններին, մեր իշխանության ղեկավարը՝ Նիկոլը Փաշինյան հայտարարեց, որ սա հեռացող դեսպանի հայտարարություն է:

Դրան հաջորդեց Բոլթոնի այցը, որը նշեց, որ հայ ժողովուրդը կամ Հայաստանը պետք է իր կաղապարներից հրաժարվի, այստեղ եւս գնահատական չտրվեց: Մենք տեսանք, որ թե Ալիեւը, թե Մամեդյարովը Ղարաբաղյան հարցի հետ կապված հույսեր են կապում, ի՞նչ կարող են կապել…Հայաստանի իշխանությունը էլի որեւէ գնահատական չի տվել: Մենք չենք ասում այս իշխանությունն եկել է միակողմանի զիջումներ անի Ղարաբաղյան հարցում, բայց մենք ասում ենք, որ այս իշխանության քաղաքականության արդյունքում մենք կորցրել ենք մեր ձեռքբերումները Ղարաբաղի հարցում»,-ասաց Շարմազանովը:

Նա անդրադարձավ նաեւ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանի այն հայտարարությանը, որ այս 2019թ. ամբողջությամբ չի հասցվի եւ չի վավերացվի ՀՀ եւ ԵՄ միջեւ համաձայնագիրը: «Եվ սա այն դեպքում, երբ Փաշինյանը հայտարարում էր հպարտ քաղաքականություն, մեզ էլ մեղադրում էր վիզը ծուռ քաղաքականության մեջ, մինչդեռ էդ վիզը ծուռ քաղաքականության ընթացքում մենք հասցրել ենք մտնել Եվրասիական տնտեսական միություն եւ բազմաթիվ օգուտներ քաղել մեր պետության եւ ժողովրդի համար, ինչպես նաեւ ստորագրել ենք Հայաստան-ԵՄ համաձայնագիրը: Հայաստան-ԵՄ համաձայնագրի հետ կապված ոչ թե պետք է մեր իշխանությունն ասեր՝ գիտե՞ք ինչ կա, չենք հասցնում, այլ դա պետք է լիներ իրենց համար առաջնահերթություն»,- ասաց Էդուարդ Շարմազանովը:

Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031