Լրահոս
Օրվա լրահոսը

Ինչպես են գործակալներն օգտագործում քաղաքացիների անձնական տվյալները

Հունվար 18,2019 19:35

ՀՀ քաղաքացի Արամ Հովհաննիսյանն իր անձնական տվյալներն այլ անձի կողմից ապօրինաբար օգտագործելու համար դիմել էր ոստիկանությունը: Սակայն ոստիկանությունն այդ արարքում հանցանք կամ զանցանք չի տեսել:

«Մի քանի ամիս առաջ, երբ ԱՊՊԱ պայմանագիրս մոտ էր վերջանալուն, ինձ զանգեցին «Նաիրի Ինշուրանսից», ինձ դիմեցին անուն ազգանունով, նշեցին ավտոմեքենայիս համարանիշը եւ առաջարկեցին վերակնքել ԱՊՊԱ-ն իրենց մոտ: Քանի որ ես երբեք Նաիրիի հաճախորդ չեմ եղել, ակնհայտորեն իմ անձնական տվյալները ձեռք էին բերել օրենքի խախտմամբ: Խոսակցությունը ձայնագրել էի: Դիմեցի Անձնական տվյալների պաշտպանության գործակալություն, ովքեր դիմումս վերահասցեավորեցին Կենտրոնական բանկ»,-պատմում է Հովհաննիսյանը:

ԿԲ-ում մի քանի ամիս Հովհաննիսյանի դիմումն ուսումնասիրել են ու տեղեկացրել՝ բացի բանավոր զգուշացումից ուրիշ բան անել չեն կարող, քանի որ «Նաիրի Ինշուրանսից» հերքում են տվյալ զանգի հետ իրենց որեւէ կապը: ԿԲ-ից քաղաքացուն առաջարկել են դիմել ոստիկանություն:

Արամ Հովհաննիսյանի լուսանկարը՝ Վահագն Գրիգորյանի

Դեկտեմբերի 3-ին Արամ Հովհաննիսյանը դիմել է ոստիկանություն՝ ներկայացնելով հեռախոսազանգի ձայնագրությունը: Հունվարի 11-ին նա ստացել է ոստիկանության կենտրոնական բաժնի ավագ լեյտենանտ Ա. Մկրտչյանից պատասխան:

«Ասվում է, թե հայտնաբերել են զանգի հեղինակին, որը «Նաիրի Ինշուրանսի» շահերը ներկայացնող ԱՁ է: Բայց դեպքը հանցանք կամ զանցանք չի պարունակում, քանի որ զանգը եղել է պատահական վերցված հեռախոսահամարով, ու իմ հեռախոսահամարը վերցրել են ինձ անծանոթ «Վու-վու» էյ էմ կայքից, ու այլ ընկերությունից տվյալներ չեն վերցրել: Ինչպե՞ս կարելի էր պատահական համարով զանգել եւ իմանալ համարի տիրոջ անուն ազգանունը, մեքենայի պետհամարանիշը եւ ելնելով նրանից, որ զանգը եղել է ԱՊՊԱ պայմանագիրը վերջանալուց կարճ ժամանակ առաջ, նաեւ իմացել են այդ ժամկետի մասին: Հիշեցնեմ, որ դրանք անձնական տվյալներ են եւ չկան բաց վիճակում ոչ մի տեղ, այդ թվում իրենց հիշատակած «Վու-վու» էյ էմ կայքում»,-ասում է Հովհաննիսյանը:

Քաղաքացին իրավապահ մարմինների բացատրությունն է պահանջում, գտնում է, որ ոստիկանությունը դիմումին ընթացք տալու փոխարեն աշխատանքի իմիտացիա ստեղծում, ծածկադմբոց անում:

Այս առնչությամբ ոստիկանությունից Aravot.am-ին պարզաբանեցին՝ «Եթե քաղաքացին համամիտ չէ ոստիկանության տվյալ բաժանմունքի աշխատակցի որոշման հետ, ապա կարող է բողոքարկել կամ նրա վերադասին կամ դատախազություն»:

Aravot.am-ի հետ զրույցում Արամ Հովհաննիսյանն ասում է՝ վերադասին բողոքարկելն իմաստ չունի, քանի որ այդ որոշման փաստաթղթում կա վերադասի ստորագրությունը՝ Ոստիկանության կենտրոնական բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի պետի, իսկ գործով զբաղվել է նույն բաժանմունքի օպեր լիազորը:

«Իմ կարծիքով անփույթ են զբաղվել, գործը նորմալ չեն ուսումնասիրել, երեւի իմ տրամադրած ձայնագրությունը չեւ էլ լսել»,-ասում է Հովհաննիսյանը: Կդիմի դատախազություն, թե՝ ոչ, Հովհաննիսյանը չի որոշել՝ «Կմտածեմ»:

Ոստիկանության նշած vuvu.am-ի կայքի հետ Հովհաննիսյանը երբեւէ գործարք չի արել, այս նույն կայքում, ինչպես պարզեցինք, նրա ավտոմեքենայի պետհամարանիշի տվյալներն առկա չեն, եւ նույնիսկ իր անուն ազգանունը չկա: Այս դեպքում հետաքրքիր է՝ ոստիկանության օպեր լիազորն անձամբ փորձե՞լ է մուտք գործել այդ կայք ու ստուգել ուրիշի անձնական տվյալներն օգտագործող ինչ-որ ընկերության գործակալի տված բացատրության ճշմարտացիությունը: Իսկ գուցե ստել է եւ որտեղից նրան Հովհաննիսյանի՝ ԱՊՊԱ պայմանագրի ժամկետի վերաջանալու մասին տեղեկությունը:

Քանի որ ոստիկանությունը «գլուխ չի դնում» այս գործի հետ, ու նման բողոք հայտնող քաղաքացիները շատ են, իրենք իրենց հետաքննությունն են անում, կամ ենթադրություններ անում:

Ամենաշատ շրջանառվող վարկածն այն է, որ նույն գործակալը աշխատում է մի քանի ապահովագրական ընկերություններում, եւ որ ընկերությունը առաջինը տալիս է իր հաճախորդների տվյալները, որպեսզի զանգեն հիշեցնեն պայմանագրի ժամկետի ավարտի մասին: Մյուս ընկերությունն էլ նույն գործակալին տալիս է իր տվյալները:

Վարկածներից մեկն էլ այն է, որ ապահովագրական ընկերությունը իր գործակալին առաջարկում է՝ եթե ուրիշ տեղից մեզ համար հաճախորդներ բերես՝ պարգեւավճար կստանաս: Բացի այս, ինչպես Հովհաննիսյանն է ասում, կա մեկ այլ տարբերակ էլ՝ ի սկզբանե եղել է մեկ ընդհանուր բազա, ամեն մեկն իր մոտ պահում է ու չի վերացնում, շարունակում է այլ տեղից ձեռքբերված տվյալներն օգտագործել այլ աշխատանքային վայրում. «Սրանք հակաօրինական քայլեր են»:

Նելլի ԲԱԲԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (2)

Պատասխանել

  1. Artur Lazarian says:

    Վերջերս որ Հայաստանում էի, մի տարօրինակ եւ անօրինական բան իմացայ: Ուրեմն հեռախօսի համարով կարող ես ստուգել ուրիշի կենցաղային ծախսերը (գազի, հոսանքի): Էս կարգի անլրջութի՞ւն: Այսինքն կողքից ո՜վ ուզի կարող է մտնել ու նայել, թէ ամսական ինչքան գազ-ջուր-հոսանք եմ վառել: Սա անօրինական է:

    Կամ elections.am կայքը. անուն ազգանուն հայրանունով կարող ես իմանալ ով որտեղ է ապրում, ում հետ, երբ է ծնուել եւ այլն: Հայաստանի Հանրապետութի՛ւն, ո՞վ է քեզ իրաւունք տուել իմ անձնական տուեալները աշխարհով մէկ անես: Դու ինձնից թոյլատուութիւն հարցրե՞լ ես:

    Կամ լրագրողները յաճախ գրում են. «Զանգեցինք այսինչ պաշտօնեայի բջջայինին…»: Ինչպէ՞ս է ստացւում, որ լրագրողները պաշտօնեայի բջջայինի համարն ունեն: Օրինակ՝ եթէ ես պաշտօնեայ լինեմ, դուք չպէտք է իմանաք իմ ձեռքի համարը: Էլ չեմ ասում, որ ամէն զանգող լրագրողին հեռախօսով «հարցազրոյց» տամ: Հարցազրոյցի եւ ոչ հրատապ հարցերի համար այլ ձեւաչափեր գոյութիւն ունեն:
    Գերմանիայում տարիներ շարունակ գործընկերներով կողք-կողքի աշխատում ենք, բայց միմիանց հեռախօսի համարները համարեա չգիտենք:

    Անձնական տուեալների պաշտպանութեան հարցը ԵՄ երկրներում շա՜տ խիստ է: Անցեալ տարի էլ աւելի խստացրեցին: Համացանցում, թղթի վրայ մի բան ստորագրելիս, լրացուցիչ ստորագրում ես, որ պարտաւոր ես պահպանել անձնական տուեալների գաղտնիութիւնը:

    • Հ.Շ. says:

      պապամ, ինչ Գերմանիա՜ ինչ Մերմանիա… պըճլիկ ու լայնօրէն անբնակ երկիր մըն է Հայաստանը, որու արդէն իսկ փոքր բնակչութեան մէկ մասն ալ դուրսերն է… ոնց որ խոշոր, դատարկուած գիւղակ մը լինի… ամէն մարդ արդէն ամէն մարդու կը ճանչնայ, հեշտօրէն կրնայ գիտնալ այդ բոլոր սեփական տուեալներ, եւ դեռ շատ աւելին ալ… ուրիշ, լրիւ կայացած եւ հսկայական երկիների համեմատելը զուր է… բնաւ նոյն հանգամանքները չեն, բաղդատութեան եզր չկայ, եւ օրինական այդպիսի նուրբ մակարդակներուն հասնելէ առաջ, դեռ շատ աւելի տարրական եւ հրատապ բաներ կան որոնք պէտք է սրբագրուին, կարգի դրուին… հապճեպ կերպով, շատ արագօրէն եւ անհամբերութեամբ՝ այլ երկիրներու նմանելու տենչանքն է, տենդագին մարմաջն է, որ պելայի կրնայ տանիլ երկիրը… եթէ արդէն իսկ այդպէս չեղաւ… տեսնենք…

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031