Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Արամ Օրբելյան. «Ռոբերտ Քոչարյանի փաստաբանական խումբը կդիմի ՄԻԵԴ»

Հունվար 18,2019 18:40

ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին կալանքի տակ պահելու ժամկետը դատարանի որոշմամբ երկու ամսով երկարաձգվեց: Ռոբերտ Քոչարյանի փաստաբանական խմբի անդամ Արամ Օրբելյանը լրագրողների հետ զրույցում նշեց. «Այն փաստը, որ երկու միջնորդությունները դատարանը փորձել է միացնել, դրանով հանդերձ, ցույց է տվել մոտեցում, որ հրաժարվել է արդարադատություն իրականացնել ըստ էության հրաժարվել է քննության առարկա դարձնել գրավի միջնորդությունը: Այնպես որ, հաշվի առնելով ճնշումները դատարանի նկատմամբ` շատ լավատեսական լինել չենք կարող»:

Վերադառնալով գրավին, փաստաբանական խմբի անդամն ընդգծեց. «Դատարանը չի քննել մեր գրավի միջնորդությունը…Նոր գրավի միջնորդություն ներկայացնել այս պահին տրամաբանական չէ, որովհետեւ դատարանը դիրքորոշում է հայտնել, բայց թիմով քննարկելուց հետո եկող շաբաթվա ընթացքում չի բացառվում, որ նոր միջնորդություն եւս մեկ անգամ ներկայացվի: Ամեն դեպքում նման խնդիրները մանրամասն կներկայացվեն հաջորդիվ՝ Վերաքննիչ բողոքներում, երբ դատարանի որոշումը մեզ հասանելի կլինի, քանի որ դատարանը որոշումը կուղարկի օրենսդրությամբ սահմանված կարգով: Հուսով եմ երկուշաբթի օրը կունենանք այդ որոշումը, որովհետեւ երկուշաբթի չուղարկելու դեպքում որոշակի ձգձգելու միտում ենք տեսնում»:

Արամ Օրբելյանը հաստատեց, որ դիմելու են ՄԻԵԴ, սակայն իրենց բողոքը չի վերաբերվելու միայն Ռոբերտ Քոչարյանին քաղբանտարկյալ ճանաչելու ձեւակերպմանը:

Նա ասաց, որ դեռ չեն հասցրել տեսակցել ՀՀ երկրորդ նախագահի հետ, եւ տեսակցելուց հետո կամ փաստաբանական խմբի, կամ նախագահի գրասենյակի կողմից հարկ եղած դեպքում հայտարարություն կարվի:

«2008թ. արարքների համար պարոն Քոչարյանը կամ որեւէ այլ անձ չի կարող ենթարկվել պատասխանատվության, 2009թ. օրենսդրության հետ կապված»,-հայտարարեց նա:

Արամ Օրբելյանը պատասխանելով հարցին` կա՞ արդյոք դատարաների վրա քաղաքական վերնախավի կողմից ճնշում, վկայակոչեց Էդմոն Մարուքյանի այն արտահայտությունը, որեւէ զարգացած երկրում ԱԱԾ տնօրենը, ՀՔԾ պետը եւ վարչապետը նման հեռախոսազրույցներ տարածելուց հետո չէին շարունակի պաշտոնավարել, անկախ նրանից ինչքան ենք սիրում կամ չենք սիրում նրանցից ամեն մեկին:

Հիշեցնենք, որ դատարանը քննել էր երկու միջնորդություն՝ Հատուկ քննչական ծառայության քննիչի կողմից ներկայացված՝ Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ ընտրված կալանավորումը ևս երկու ամիս ժամանակով երկարացնելու վերաբերյալ և Ռոբերտ Քոչարյանի պաշտպանական խմբի կողմից ներկայացված՝ կալանավորումն այլընտրանքային խափանման միջոց գրավով փոխարինելու վերաբերյալ:

Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031