ՀՀ վերաքննիչ քրեական դատարանում ավարտվեց Մանվել Գրիգորյանի գործով դատախազության ներկայացրած բողոքի քննությունը:
Որոշումը կհրապարակվի հունվարի 22-ին՝ ժամը 13.30-ին:
Մանվել Գրիգորյանի գործով մեղադրող, դատախազ Վահագն Մուրադյանը դատական նիստի ավարտից հետո լրագրողների հետ զրույցում դռնփակ նիստից որոշ մանրամասներ ներկայացրեց. «Ներկայացրինք մեր բողոքը այլընտրանքային խափանման միջոց կիրառելու դեմ գրավով և միաժամանակ հորդորեցինք դատարանին և միաժամանակ միջնորդություն ներկայացրինք, որ Մանվել Գրիգորյանի դեմ կալանքը՝ որպես խափանման միջոց կիրառի»:
Մանվել Գրիգորյանի պաշտպան Արսեն Մկրտչյանը (լուսանկարում) լրագրողների հարցին՝ կարո՞ղ ենք կանխատեսել՝ ինչ ելք կունենա, դատարանն ինչ որոշում կկայացնի, պատասխանեց. «Ինձ թվում է՝ մարդիկ չեն փոխվել: Նախկինում հայտարարություններ արել են այդ առումով: Մենք բողոք էինք բերել կալանքի երկարացման դեմ, դատախազությունը գրավի կիրառման դեմ: Որևէ նոր բան չկա վարույթն իրականացնող մարմնի և դատախազության դիրքորոշման հետ կապված»:
Արսեն Մկրտչյանը նշեց՝ տարիներ շարունակ նույն մոտեցումն է դրսևորվում. տեսնում ենք միևնույն արարքի համար բազմաթիվ դատական ակտերի անմիջապես կատարողը ստացել է պայմանական պատիժ՝ ազատազրկման հետ չկապված, իսկ իբր օժանդակողը իրական ազատազրկում է ունեցել. «Նույն մոտեցումը դատախազության կողմից որդեգրված երբևէ չի փոփոխվել, և անձն ամենամեծ մեղքը գործում է ոչ թե հանցագործություն կատարելիս, այլ երբ հանդգնում է ասել՝ հանցագործություն չեմ կատարել: Ամբողջ արդարադատության պրեսն օգտագործվում է նրա դեմ: Մանվելն իր բոլոր բացասական, դրական մարդկային հատկանիշներով ՀՀ ոչ մի քաղաքացուց բացառություն չէ: Իր քրեական գործի շրջանակում գործում է նույն ռազմավարությունը: Դեկտեմբերի 21-ից մինչև այս պահը որևէ ձևով Մանվել Գրիգորյանը չի խոչընդոտել գործի քննությանը, որևէ անթույլատրելի արարք չի կատարել, ուստի խոսել, որ կարող է հետո կատարել, նորմալ չէ, բայց մեր արդարադատության համար նորմալ է»:
Ըստ պաշտպանի՝ Մանվել Գրիգորյանի կալանքը շարունակելու համար հիմքեր չկան: Հարցին՝ իսկ խափանման միջոցը փոխելու մտավախություն չունե՞ք, Արսեն Մկրտչյանը պատասխանեց. «Խափանման միջոց փոխելու մտավախություն միշտ էլ կա, մանավանդ մարդ, որը հայտնվել է իրավապահների տեսադաշտում, ՀՔԾ-ի հետ չի համագործակցում, ղզիկի պես չի ասում՝ ես բոլորին կասեմ, չեղած բաներն էլ կասեմ: Այդ տիպի մարդիկ ենթակա են կալանքի՝ ըստ գործող պրակտիկայի»:
Դառնալով դատավորին ինքնաբացարկի միջնորդություն ներկայացնելու հիմքերին՝ Արսեն Մկրտչյանը գերադասեց դեռ այդ մասին չխոսել:
Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ
Լուսանկարը՝ «Շանթի»